«Եթե չունեք այլընտրանք, ուրեմն` թույլ տվեք մարդկանց, ովքեր ունեն այլընտրանք, իրականացնել այդ այլընտրանքը, եւ սոցիալական հերթական բեռը չդնեն ժողովրդի վզին»,- այսօր` հուլիսի 8-ին, Մաշտոցի պուրակում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վարդան Հարությունյանը:
Նա նշեց` «Դեմ եմ էլեկտրաէներգիայի բարձրացմանը» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խումբը` տարբեր քննարկումների արդյունքում հասկացել է, որ միայն էլեկտրաէներգիայի դեմ պայքարելով սոցիալական հարցերը չեն լուծվի: Այդ իսկ պատճառով քաղաքացիական նախաձեռնությունը վերանվանվել է, եւ այժմ «Ոչ թալանին» նախաձեռնությունը պայքարելու է սոցիալական բոլոր անարդարությունների դեմ.
«Մենք քաղաքացիներ ենք, որոնք համագործակցելու են բոլոր քաղաքական, քաղաքացիական, սոցիալական նախաձեռնությունների հետ, որոնց գաղափարները միտված են` Հայաստանի Հանրապետությունը ոտքի կանգնեցնելու, սոցիալական ծանր բեռը Հայաստանի Հանրապետության քաղաքացու ուսերից թոթափելու համար»:
Նա ներկաներին տեղեկացրեց, որ քաղաքացիական նախաձեռնությունը պատրաստվում է օրինագծով դիմել բոլոր ոչ իշխանական խմբակցություններին, որպեսզի Ազգային ժողովում օրենք մշակվի` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վերաբերյալ:
«Հասարակական պաշտպանների միություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը համարում է, որ այսօր Հայաստանում բոլոր բնագավառներում կառավարության պակաս կա եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պահելաձեւը եւ գործառույթները ցույց են տալիս, որ ՀԾԿՀ-ն իր գործառույթներով գոյություն չունի: Նա համարում է, որ պայքարի ցանկացած ձեւ արդյունավետ է լինում, եթե այդ պայքարի մեջ համախմբություն եւ համառություն է լինում եւ հետամուտ են լինում խնդիրների լուծմանը.
«Երբ այդ հանձնաժողովի միակ գործառույթն է սակագներ սահմանելուց առաջ լսել սպառողներին, լսել ընկերություններին, բանավեճ կազմակերպել սպառողների եւ ընկերությունների միջեւ, որից հետո նոր որոշումներ ընդունել: Սակայն ինքը, օգտագործելով իշխանական հնարավորությունները, արգելեց սպառողների մասնակցությունը: Դա նշանակում է, որ այդ կառույցը չի իրականացնում իր գործառույթը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ