Ինչպես տեղեկացրել ենք, երեկ տեղացած կարկուտը վնասել էր Շիրակի մարզի մոտ 20 գյուղեր: Անելանելի վիճակում հայտնված գյուղացիները փակել էին Գյումրի-Արմավիր ճանապարհը `այսպիսով հրավիրելով կառավարության անդամների ուշադրությունը իրենց խնդրի վրա և փոխհատուցում էին պահանջելում:
Այսօր վաղ առավոտյան գյուղնախարար Սերգո Կարապետյանը եղավ կարկտահարված գյուղերում, նա առաջինը այցելեց Հովտաշեն, որտեղ, սակայն, հաճելի անակնկալ չէր սպասվում նախարարին: Որքան էլ նախարարը փորձում էր համոզել գյուղացիներին, որ ամեն ինչ լավ կլինի, կփորձեն վերանայել վարկերը, եթե գյուղացին պետությունից սերմ է վերցրել, նրանից անմիջապես հետ չեն պահանջի, աշնանացան ցորենը անվճար կհատկացնեն և այլն, միևնույնն է, գյուղացիներն անդրդվելի էին: «Ինչո՞վ ապրեմ, մի հատ պատասխան տուր, դուք գյուղացուն օգնող չեք, ինչի՞ նախարարություն կա, դուք մենակ ռոճիկ առնող եք»,- նյարդայնացավ տուժածներից մեկը:
Կարդացեք նաև
Տուժած կանանցից մեկն էլ բորբոքվեց. «Գնացեք մի բոմբ գցեք Հայաստանի վրա պրծնենք, լույսը թանկացրեք, գազը թանկացրեք, ինչի՞ եք եկել որ»:
Այդ նույն կինը թե նախարարի դեմ և թե նրա հետևից վրդովված բացականչում էր . «Գալիս, մխիթարում, գնում եք, բան անող չեն սրանք, ձեռ են առնում ուղղակի , մի բուռ հայ ենք մնացել, թող մեզ էլ տանեն լցնեն Սև կամ Կասպից ծովը, պրծնենք: Գնա հաղորդի վերադասիդ, որ լույսն ու գազը թող չթանկացնի, մի բուռ օգնության ցորենը իրեն մնա»:
Մի խոսքով, այս գյուղում գյուղացիները թեժ վիճաբանություն սարքեցին Սերգո Կարապետյանի հետ, գյուղացիներից շատ քչերն էին, որոնք հանգիստ ունկնդրում էին նրա խոստումները:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ