15 տարվա գործարար Ժորա Ղուկասյանը որոշել է արտագաղթել. էլ գործ չկա, պատվեր չկա: Պարոն Ղուկասյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ իր «Արտաշես Մեծ» ընկերությունը Լոռու մարզում զբաղվում է շինանյութերի մատակարարմամբ, բնակիչներից հին մետաղներ են գնում, վերամշակում ու վաճառում:
Մեր այն հարցին, որ կառավարությունը արտոնություն է տվել փոքր բիզնեսին` նվազեցրել է շրջանառության հարկի շեմը, դա չի՞ օգնում բիզնեսը գոնե եղած մակարդակի վրա պահելու համար, պարոն Ղուկասյանն ասաց. «Շրջանառության հարկն իջեցրել են, փաստաթղթայինն են ծանրացրել, ինչքան էլ իջեցնեն շեմը, որ խոշորները մեզ փաստաթուղթ չեն տալիս, ես ո՞նց աշխատեմ: Ես Երեւանից ցեմենտ եմ բերում, ո՞վ ա փաստաթուղթ տալիս, ոչ մեկն էլ չի տալիս»: Մեր հարցին, թե ինչո՞ւ չեն տալիս, պարոն Ղուկասյանն ասաց.«Կյանքն է տենց: Հետո էլ շինարարություն անողները ներկրված ցեմենտն են առնում, կարող ա ղազախական ներկրված ցեմենտն առնեն, տեղականը`ոչ»:
Հարցին էլ, ի՞նչն է պատճառը, որ ընկերությունը պատվերներ չի ունենում, գործարարն ասաց, որ բնակչության թիվն է պակասել, արտագաղթը մեծ է. «Առաջ մարդիկ «նավես», գարաժ ու նման բաներ էին սարքում, մեզ էլ շինանյութ էին պատվիրում, հիմա էլ չկա պատվեր: Արդեն 6 ամիս ա գործերը վատ են: Էս փաստաթղթերն, որ չեն տալիս, էլ չենք կարա աշխատենք, դուրս կմնանք , համարյա ծավալներ չունենք»:
Հիշեցնենք, որ կառավարությունը որոշել է շրջանառության հարկի 3.5% շեմը իջեցնել 1%-ի, սակայն գործարարները պարտավոր են ձեռք բերվող բոլոր ապրանքներն ու ծառայությունները փաստաթղթավորել:
Ժորա Ղուկասյանի դիտարկմամբ` բացի այն, որ պատվերներ չի ունենում, հիմա նաեւ լավ մասնագետ էլ չի կարողանում գտնել, բոլորը ձգտում են դրսում աշխատել. «Մասնագետ էլ չկա, մի հատ սվարչիկ, տոկառ, սաղ արտագաղթել են, լավ վարպետ չկա, հենա գալիս են մեզ մոտ սովորում են, դառնում են լավ մասնագետ ու թողնում գնում են դրսում աշխատելու: Մտածում եմ՝ փակեմ գործս. գնամ Ռուսաստան»: Մեր հարցին` կկարողանա՞ք Ռուսաստանում նույն գործն անել, պարոն Ղուկասյանն ասաց.«Ինչ կկարենամ` կանեմ, դե բարեկամներ ունեմ, մի գործ կգտնեմ էլի»:
Նախկինում պարոն Ղուկասյանի պատվիրատուներն են եղել Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատը, «Թեղուտ» ՓԲԸ-ն, Դրմբոնի կոմբինատը, ինչպես նաեւ միջազգային կառույցներ, որոնք մարզերում շինարարություններ էին իրականացնում. ներկայումս, գործարարի վստահեցմամբ, նշվածներից ոչ մեկը պատվերներ չի տալիս. «Մրցույթներ են հայտարարում, էն ներկրող ընկերություններն ավելի էժան են շինանյութ առաջարկում, քան մենք»:
Պարոն Ղուկասյանն այսօր մասնակցում էր Հայաստանի գործատուների հանրապետական միության կազմակերպած համագումարին, որտեղ էլ պետք է իր խնդիրները ներկայացներ:
Միության նախագահ Գագիկ Մակարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ միության գրասենյակներն են ավելացնելու հանրապետության մարզերում, առաջիկայում Գեղարքունիքում, Տավուշում եւ Վայոց Ձորում գրասենյակներ կբացեն:
Գագիկ Մակարյանի կարծիքով՝ պետք է ներդնել ինովացիոն ձեռնարկատիրությունների զարգացման ծրագիր. միության նախագահն ասաց, որ այս խնդրով դիմել է աշխատանքի միջազգային կազմակերպությանը եւ ակնկալում է նրանց աջակցությունը. «Մեր փրկությունը ինովատիվ ձեռնարկություններն են, այսինքն` արտադրող, ռեսուրսախնայող, լավ մենեջմենթ, անպայման` թափանցիկ փաստաթղթավորվող ընկերություններ, որոնք հարկերից չեն վախենում, արդյունավետ, մոդեռն ընկերություններ են պետք»:
Մեր այն հարցին, թե այսօրվա համագումարում փոքր բիզնեսի ներկայացուցիչներն ինչ խնդիրներ էին ներկայացնում, պարոն Մակարյանն ասաց. «Նրանք անընդհատ ճնշվում են ավելորդ ստուգումներից, ավելորդ զանգերից, թե` հեսա գալու ենք ստուգենք, փոքր բիզնեսը շատ է ընկճվում: Վերջերս տեղեկություն եղավ նոր սերնդի ՀԴՄ-ների մասին, հուլիսի 1-ին վերջնաժամկետն էր դրանք տեղադրելու, փոքր ու միջին գործարարները սպասում էին, որ հեսա կպատժվեն, քանի որ չեն տեղադրել, հետո հայտարարություն եղավ, որ ժամկետը հետաձգվում է, ընդ որում, կառավարությունը հուլիսի 1-ից հետո հայտարարեց: Նույնը` կուտակայինի մասով»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Բա որ վարչապետը ու իր խնամին փաստաթղթով ցեմենտ վճարեն ,ուրեմն հարկ պետք է մուծեն:Վարճապետի աթոռը հո չեն առել հարկ մուծելու համար,այլ թալանի համար: