Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին հարցրեցինք իր կողմից կառուցված, հունիսի 1-ին Կողբում օծված «Սուրբ Հովհաննես» եկեղեցում գտնվող, աստվածաշնչյան «Խորհրդավոր ընթրիք» նկարում պատկերված առաքյալներից մեկի եւ իր դիմագծերի նմանության մասին: Նա ասաց, որ ինքն անցած օրը, երեկոյան նորից եղել է եկեղեցում եւ ոչ մի նմանություն չի տեսել, լրատվամիջոցների կողմից նշված առաքյալը մորուքով է, իրեն ընդհանրապես նման չէ:
Մարզպետն ասաց, որ եկեղեցում զետեղված նկարների հեղինակին ընտրել է Մայր Աթոռը, նկարների հեղինակ Անդրանիկ Անտոնյանը նաեւ հայ եկեղեցու պատմություն է դասավանդում:
Հ. Աբովյանի խոսքերով՝ լրատվամիջոցները չեն ներկայացնում այն, որ սահմանագոտում եկեղեցու կառուցումը ամրապնդում է ժողովրդի հավատը, արդեն 230 հոգի օծվել է այդ եկեղեցում, ադրբեջանցիները տեսնելով սահմանամերձ բարձունքում աշխուժությունը, հաստատ դրական ապրումներ չեն ունենում:
Կարդացեք նաև
Հուլիսի 8-ին, մարզպետի հետ հեռախոսազրույցից հետո, եղանք Կողբի «Սուրբ Հովհաննես» եկեղեցում եւ տեսանք, որ եկեղեցում գտնվող վերոհիշյալ նկարում պատկերված, լրատվամիջոցների նշած առաքյալը Հովիկ Աբովյանի անձի հետ որեւէ նմանություն չունի:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ