Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իրանը՝ արեւային սարքեր ստեղծելով, չի պայքարում ռուսական գազի դեմ». Գիտնական

Հուլիս 08,2014 15:54

«Ախթամար» արեւային սարքի հեղինակ, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանն այսօր «Արմատ» մամուլի ակումբում ներկայացրեց իր արեւային սարքը, որի միջոցով կարելի է էժան էլեկտրաէներգիա ստանալ. «Արեւային տեխնիկայի զարգացումը Հայաստանում ես անձամբ նախաձեռնել եմ 21 տարի առաջ, հույս ունենալով լուծել համաշխարհային էներգետիկ եւ էկոլոգիական զարգացող պրոբլեմները, հիմքում դնելով Հայաստանի արդյունաբերությունը՝ ստեղծել աշխատատեղեր, ինչպես նաեւ կանխել արտագաղթը»:

Պրն Համազասպյանը վրդովված է, թե ի՞նչն է խոչընդոտում, որպեսզի երկրում իշխանությունները արեւային տեխնիկա գնեն: «Ունենք նոր էներգետիկայի նախարար՝ Երվանդ Զախարյանը, որը հայտարարում է, թե ընդհանրապես ծանոթ չէ արեւային տեխնիկայի հետ, սակայն նկար կարող եմ ցույց տալ, որտեղ հենց նախարարը կանգնած է արեւային սարքի կողքին: Այս պրոբլեմից փախուստի միտում եմ նկատում»:Պրն Համազասպյանը վստահ է, որ 50 տարի հետո էներգետիկայի խնդիրը երկրում կդառնա անլուծելի:

Գիտնականը լրագրողներին տեղեկացրեց, որ երեկ՝ հուլիսի 7-ին, «Ախթամարը» դիտելու համար իրեն էր այցելել Հայաստանում Իրանի դեսպան Մուհամադ Ռայիսին. «Մենք զրուցել էինք արեւային սարքերի արտադրության մասին: Իրանի դեսպանի հետ պայմանավորվել ենք, որ երկու երկրների համատեղ ուժերով կառուցելու ենք արեւային սարքերի գործարան՝ Իրանի համար մեր տեխնոլոգիաներով՝ իրենց գումարով, Հայաստանում ՝ Սպիտակում, կրկին մեր տեխնոլոգիաներով եւ իրենց գումարով»:
Պրն Համազասպյանը վստահեցնում է, որ լրատվամիջոցներում շրջանառվող այն լուրերը, թե Իրանը արեւային սարքեր է ցանկանում ստեղծել, քանի որ պայքարում է ռուսական գազի դեմ, անհիմն են: Պրն Համազասպյանը համոզված է, որ Իրանը ոչ մի քաղաքական նպատակ չի հետապնդում՝ դիմելով այդ քայլին:

Վահան Համազասպյանը հայտարարեց, որ Իրանը պատրաստ է ներդրումներ կատարել այդ գործընթացում: Գիտնականը տեղեկացրեց, որ դեսպանի հետ նաեւ քննարկվել է արեւային տեխնոլոգիաների հիման վրա գյուղմթերքների վերամշակման խնդիրը. «Իրանը ունի հսկայական պոտենցիալ գյուղատնտեսության ոլորտում, եւ եթե մենք կարողանանք այդ գյուղմթերքները վերամշակել հայկական արեւային տեխնոլոգիաներով եւ հանենք ռուսական, ամերիկյան եւ եվրոպական շուկա, ապա Հայաստանը շատ կշահի»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031