Aravot.am-ը ԿԳ նախարարության լրատվականից մեկնաբանություն խնդրեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Հրայր Մանուկյանի՝ հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ, որտեղ Հրայր Մանուկյանը հայտնել էր, թե իրեն ԱԱԾ-ի հետ համագործակցության առաջարկ անող Վլադ Հակոբյանը ԿԳ նախարարի խորհրդական Նարեկ Արաքսման-Մանուկյանի ընկերն է, ավելին, խորհրդականն է իրենց ծանոթացրել սրճարանում:
ԿԳ նախարարության լրատվականից փոխանցեցին, որ Վլադ Հակոբյանը իրենց մոտ չի աշխատում, իրենք չեն ճանաչում այդ անձնավորությանը, դրա համար չեն կարող որեւէ մեկնաբանություն անել, թեկուզ եւ հնչել է կարծիք, որ նա ԿԳ նախարարի խորհրդականի ընկերն է:
Ինչ վերաբերում է Նարեկ Արաքսման-Մանուկյանին, նրա աշխատանքային համարները չէին պատասխանում, իսկ ԿԳ նախարարությունից բջջային հեռախոսահամար չտրամադրեցին, ասելով, որ չունեն:
Ավելի վաղ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էր իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարել, գրելով, թե հույս ունի, որ հաջորդ անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ ԿԳ նախարարության մասին կհիշի պատեհ առիթով, իսկ «քառյակային» հավատարմությունն ընդգծելու եւ իշխանություններից դիստանցվելու նպատակով այլ փաստարկներ կորոնի:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ