Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արցախը Ադրբեջանի լծին ենթարկող խորհրդային դավադիր որոշումը

Հուլիս 08,2014 14:05

Հուլիս 7-ին, 91 տարի առաջ, ողջ աշխարհից երկաթյա վարագույրով մեկուսացած խորհրդային ամբողջատիրության հարավային սահմանեզրին` Անդրկովկասում, հայ ժողովրդի դեմ ծրագրվեց և գործադրվեց ազգային իրավազրկման ահավոր մի գայթակղություն:

Կրեմլի ղեկավարության արդեն միահեծան տերը դարձած Ստալինի «ցուցմունք»ով և Անդրկովկասի ռուս, ազերի, վրացի ու հայ բոլշևիկների մեղսակցությամբ՝ որոշվեց հայոց հինավուրց Արցախ աշխարհը բաժանելու, հազարամյակներով հայապատկան ամբողջ հողամասեր ուղղակիորեն նորելուկ Խորհրդային Ադրբեջանին կցելու, իսկ Արցախի լեռնային կենտրոնական մասը հռչակելու Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ` այն ենթարկելով ադրբեջանական տիրակալության:

Ավելի՛ն. բռնակալների ձեռքով կամայական սահմանագծումի մի նախադեպ կյանքի կոչելով՝ 1923թ.ի հուլիսի 7-ի չարաբաստիկ այդ որոշումով Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը բառացիորեն պոկվեց և հեռացվեց մայր հայրենիքի մարմնից, այսպես կոչված «Լաչինի և Քելբաջարի անցք»-ով իրարից խզելով Հայաստանն ու Արցախը: Եվ այսօր, Լ.Ղ.Ի.Մ.ի արհեստական ստեղծումից 91 տարի հետո, երբ հետադարձ հայացքով լուսարձակի տակ ենք առնում և՛ պատմությունը, և՛ մինչև մեր օրերը շարունակվող քաղաքական ողբերգության ծալքերը, ուսանելի դասերի ամբողջ մի թղթածրար է բացվում մեր առջև.

– Հավերժական չեն կարող լինել մի ազգ և մի հայրենիք կամայականորեն բաժանող անարդար սահմանագծումները, որքան էլ նրանք պարտադրված լինեն մի հզոր կայսերապետության կողմից և ամբողջական բռնությամբ:

– Քաղաքական աննպաստ պայմանների և դասավորումների հետևանքով իրարից բաժանված մի ազգի զավակները, եթե իրենց մեջ ունեն իրավունքի ու արդարության համար պայքարելու և Ազգին ու Հայրենիքին տեր կանգնելու վճռականությունը, անպայման հասնում են իրենց նպատակին՝ որքան էլ բիրտ ուժով ճզմվեն նրանց շղթայազերծած հաջորդական ըմբոստացումները։

– Փոքր ազգերի իրավունքներն ու դատերը միշտ էլ ենթակա են աշխարհի ճակատագիրը վարող մեծապետական ուժերի մրցապայքարի օրենքներին: Ի վերջո մեծապետական ուժերի նախընտրած ուղղությամբ հունավորվում է մարդկության զարգացումը՝ այն միակ նրբերանգային տարբերությամբ, որ փոքր ազգերի անվեհեր իրավատիրությունն ու մարտունակ պահանջատիրությունը անպայման արդյունավորվում են և Մեծերի ձեռքին օգտագործվում են իբրև կարևոր հաղթաթուղթ, աշխարհաքաղաքական նոր դասավորումներ և հավասարակշռություններ հաստատելու ժամանակ:

– Իրավունքի և արդարության համար պայքարող փոքր ազգերը, նույնիսկ եթե ազգային դատերի արդարագույնի համար է իրենց մղած կռիվը, դատապարտված են անփառունակ պարտության և ոտնակոխումի, եթե զինված չեն միասնական իրենց պայքարը ամեն կարգի պառակտումների դեմ պաշտպանելու հաստատակամությամբ և գաղափարական պայծառատեսությամբ:

Առանց այդ դասերի լիարժեք ընկալման, հնարավոր չէ ահավոր այն սադրանքի սպառիչ բացատրությունը գտնել, որ 1923թ.ի հուլիսի 7-ին գործ դրվեց Հայաստանի և հայ ժողովրդի դեմ:

Անհրաժեշտ է նկատի ունենալ, նաև Լ.Ղ.Ի.Մ.ի ստեղծումը անմիջականորեն կանխած Անդրկովկասի և այդ ճամփով Հայաստանի խորհրդայնացման մեծապետական, տարածաշրջանային և տեղական զարգացումների ծալքերը։ Նույնպես, պետք չէ մտահան անել, որ հայրենի մեր տարածաշրջանի վրա թուրքացեղ ասպատակողների կատարած արշավանքներն ու բռնագրավումները, ինչպես և պարսկական խանությունների ժամանակներից սկսած այլացեղ ազգաբնակչությունների տեղավորվելը հայրենի մեր հողերի ժողովրդագրական հիմնական փոփոխությունների պատճառ դարձան:

Պատմական զարգացման այդ ենթահողի վրա հիմնական շատ հարցականներ իրենց պատասխաններն են ստանում.

– Ինչպե՞ս եղավ, որ պատմական Հայաստանի Արցախ գավառը, որ արևելքից տարածվում էր մինչև Մուղանի դաշտավայրը, դարերի ընթացքում թուրքացեղ նորեկների բնակավայր դարձավ, որոնք քսաներորդ դարասկզբին արդեն տիրացել էին թուրք և թաթար համեմատական մեծամասնությամբ ամբողջ մի հողամասի:

– Ինչո՞ւ մինչև 1918 թվականը գոյություն չուներ Ադրբեջան անունով երկիր, պետական որևէ միավոր և նույնիսկ քաղաքական ինքնությամբ ազերիական ազգություն: Երբ 1828 թվին Ցարական Ռուսաստանը վերջնականապես իրեն կցեց Անդրկովկասը, հայ և թաթար խառն բնակչությամբ հողամասի հակակշռումը իր հաշիվներին ծառայեցնելու նպատակով, վարչականորեն առաջացրեց Եղիսաբեթպոլի նահանգը, որի մեջ մտցրեց Գանձակն ու Գյուլիստանը, Արցախն ու Զանգեզուրը։ Այդպե՛ս սկսվեց հայ և թաթար խառն բնակչությամբ ամբողջ երկրամասը «բաժանիր, որ տիրես»ի ռազմավարությամբ հակակշռելու ռուսական քաղաքականությունը:

– Ինչո՛ւ և ինչպե՛ս մեծապետական մրցապայքարը սաստկացավ Անդրկովկասում Բաքվի սև ոսկուն տիրանալու պայթուցիկ առճակատման մթնոլորտի շիկացումով։ 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկիզբին որքան աշխուժացավ Մեծն Բրիտանիայի անդրկովկասյան միջամտությունը, այնքան խստացավ Անդրկովկասի ազգային միավորները իրար դեմ դրդելու և բոլորի վրա սեփական, մեծապետական իր հակակշիռը ամրապնդելու ռուսական մտասևեռումը:

Հետևանքը եղան հայ-թաթարական պարբերական ընդհարումները, որոնք 1918թ.-ից սկսած նոր փուլ թևակոխեցին՝ արդեն բոլշևիկյան հեղափոխությամբ առաջացած Անդրկովկասի անտերության պղտոր ջրի մեջ, սեփական հաշիվներով ձուկ որսալու թուրքական ախորժակների սանձազերծմամբ:

– Ինչպե՞ս կովկասահայությունը, 1905թ.-ի հայ-թաթարական առաջին ընդհարումների դաժան կենսափորձով հանդերձ, հատկապես 1918թ.-ի վերիվայրումներից հետո, չկարողացավ միասնական գնահատումի և մերժումի արժանացնել ռուսական քաղաքականության հետևողական այդ վարքագիծը՝ հայ-թաթար հակադրության հրահրումով Անդրկովկասին վերատիրանալու քաղաքականությունը:

Նույնիսկ մեր օրերին և հակառակ Արցախի իրողական ազատագրումով ամրագրված պատմական դասերին, հայ քաղաքական միտքը տակավին հակումներ է դրսևորում, որոնք շարունակում են հավատք ընծայել այն ինքնախաբեությանը, թե Հայաստանի ու հայության ճակատագիրը ավելի հարմար դասավորումի կարող էր արժանանալ, եթե 1920թ.ի մայիսին մենք ևս ընդունեինք խորհրդային լուծը՝ հետևելով Ադրբեջանի օրինակին:

1923թ.-ի հուլիսի 7-ին Լ.Ղ.Ի.Մ.ի ստեղծման բոլշևիկյան սադրանքը ամեն հիմք տալիս է, հայ քաղաքական մտքի համար, մեկընդմիշտ թոթափելու այդօրինակ պատրանքներն ու ինքնախաբեությունները։ Բավականաչափ խոսուն և դառն ու դաժան է այն փաստը, որ 1920թ.-ի դեկտեմբերի 2-ին Հայաստանի խորհրդայնացումից անմիջապես հետո, Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը «Եղբայրաբար» Խորհրդային Հայաստանի անբաժանելի մասը հռչակեց, «ինքնաբուխ» կերպով, ոչ միայն Արցախն ու Զանգեզուրը, այլև՝ Նախիջևանն անգամ, որպեսզի բոլշևիզմը կարողանա կոտրել հայ ժողովրդի ընդդիմությունը…

Հայկական դիմադրությունը ընկճելու նպատակով շռայլված այդ «խոստումներ»ը պարզապես ծառայեցին կարմիր բանակայինների կողմից Հայաստանի վերջնական բռնագրավմանը, որի «հաջողությունից» հետո, նույնինքն հայ բոլշևիկների մեղսակցությամբ, ոչ միայն մոռացվեցին «եղբայրական խոստումներ»ը, այլև գործադրվեց Արցախն ու արցախահայությունը Հայաստանից պոկելու և, մեկուսացման պայմանների մեջ, հայաթափելու անարգ ոճիրը:

Վերհիշելով 1923թ.-ի հուլիսի 7-ի Ստալինյան դավադիր որոշումը և Արցախյան Ողբերգության սև թվականը՝ հայ քաղաքական միտքը անձեռնմխելի իրավունք, այլև ու մանավանդ անխուսափելի պարտավորություն ունի, ամեն գնով արթուն գործելու և պահպանելու Արցախյան Պահանջատիրության միասնական ճակատն ու պայքարը, որպեսզի մեծապետական մրցավազքի աննպաստ դասավորման որևէ պահի, Արցախն ու արցախահայությունը վերստին չենթարկվեն ադրբեջանական լծին:

Միայն այդ ճամփով կարող ենք կանխարգելել և թույլ չտալ, որպեսզի պատմությունը կրկնի ինքն իրեն:

armenian-community.ge

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031