«Տեսակետներ են: Մենք մարդ ենք, մի կուսակցությունում ունենում ենք բանավեճ: Ոչ մեկը չի կարդում իմ պատրաստած հուշագրից»,- այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսպես բացատրեց իր եւ Զարուհի Փոստանջյանի տեսակետների տարբերությունը՝ քառյակի մասին:
Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանն ասել էր, թե քառյակ գոյություն չունի, դա փոքր համագործակցություն է, իսկ «Ժառանգության» նախագահը քառյակի հետ համագործակցությունը համարել էր մեծ ձեռքբերում:
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով՝ «Այն ուժերը, որոնք մեզ չզորակցեցին անցյալ տարի, մենք քեն չենք պահում: Վրեժ չունենք»:
Հարցին՝ ՕԵԿ-ի հանրահավաքին մասնակցելո՞ւ եք, թե՞ ոչ՝ նա պատասխանեց, որ հրավեր չեն ստացել, բայց հրավերի չեն սպասում. «Եթե հուլիսի 18-ին շրջաններում չլինեմ, ես ինքս կորոշեմ՝ մասնակցեմ, թե՞ չէ: Բայց առանձին-առանձին ոչ մի կուսակցության համար միայնակ ոչ մի բան դուրս չի գալու պայքարից»:
Կարդացեք նաև
Խոսելով դեսպաններ նշանակելու չափանիշներից՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Ունենք լավ եւ վատ դեսպաններ, բայց երբ իշխանությունն ամլացած է անկախ արտաքին քաղաքականություն վարելու տեսակետից, ակնհայտ է, որ որոշ դեսպաններ չեն համապատասխանելու ազգային շահին: Մեղքը նշանակողերի ոչ լեգիտիմ կարգավիճակի մեջ է, իրենց մեջ մեղքը չփնտրենք»:
Հարցին՝ Դուք բացառո՞ւմ եք, որ Ռոբերտ Քոչարյանը քառյակի հետ գա իշխանության եւ համոզվա՞ծ եք, որ ԲՀԿ-ն քառյակի հետ համագործակցության ձեւաչափում անկեղծ է այդ հարցում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ոչ մի բան չեմ բացառում: Բայց որ այս ուժերն անկախ են, ուզում են երկիրը արմատապես փոխելու ուղին բռնել…իսկ եթե ոչ, մենք այն ժամանակ կորոշենք: Եթե մտնես դավադիր տեսությունների դաշտ, պատահում է, որ Հայաստանում ամեն մեկն ամեն մեկի հետ կապ ունի: Չկա մի հոգի, որը ներկայացնում է այս չորս ուժերի ընդհանուր կարծիքը: Չկա մի խոսնակ, որը կարող է 4 ուժերի անունից խոսել»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ վստահեցրեց, որ քառյակում առաջատար չկա:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ