Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսելով Սահմանադրական փոփոխությունների մասին՝ ասաց, որ մեր գործող Սահմանադրությունն ասում է, որ ՀՀ ինքնիշխանությունն անբեկանելի է: Հիմա ուզում են նոր փոփոխություններով նոր Սահմանադրություն գրել եւ ինքնիշխանությունը բեկանել:
«Ժառանգության» ներսում տարաձայնությունների հետ կապված ՝Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ որեւէ ներքին խնդիր էլ չկա. «Վարչության անդամները դուրս գալով՝ ամեն մեկն ունեցել է իր պատճառաբանությունը»:
Անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից «Ժառանգության» վարչության անդամ Հրայր Մանուկյանի հավաքագրման փորձերին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Մեր համագումարից առաջ եւ հետո ԱԱԾ-ն փորձ արեց մեր երկու երիտասարդ անդամների հավաքագրել, որն ուղեկցվեց անձնական, ընտանեկան եւ կուսակցության նկատմամբ սպառնալիքներով: Մենք միշտ նվազագույն ռեսուրսներով տարել ենք մեր պայքարը: Ժողովուրդը վստահել է մեզ եւ հիմա ցավ եմ ապրում, որ այս չընտրված իշխանությունը՝ պարոն Սարգսյանի գլխավորությամբ, որոշել է ահաբեկել մեզ՝ ոտնձգություններով: Հրայր Մանուկյանին, մեր վարչության անդամներին մենք պաշտպանելու ենք քաղաքական եւ իրավական բոլոր հնարավոր եղանակներով»:
Նա տեղեկացրեց, որ այսօր «Ժառանգությունը» ՄԻՊ-ին եւ դատախազությանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել:
Կարդացեք նաև
Քառյակի համագործակցության հետ կապված Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ պետք է պայմանավորվեն, միացյալ հրապարակը շատ կարեւոր է. «Ոչ ոք միայնակ այս հացը չի կարող լուծել: Ես հույս ունեմ, որ այս տարվա վերջ մենք կհասնենք սահմանադրական Հայաստանին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ