Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ ասում են՝ բուհերը բիզնես են անում, ես զարմանում եմ». Արմեն Աշոտյան

Հուլիս 08,2014 12:17

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին գոհացնում է այս տարվա ընդունելության քննությունների ընթացքը. «Հերթական տարին է, որ մեր հասարակությունը «չի նկատում» (լավ իմաստով) ընդունելության քննությունները, «չի ապրում» դրանցով: Ընդունելության գործընթացն էլ ավելի է հեշտացել, քննություններն առավել կանխատեսելի ու հանգիստ են դարձել, քննական առաջադրանքները որակյալ են և ուսումնական ծրագրի շրջանակներում: Ծնողներից նույնպես հիմնավորված դժգոհություններ չունենք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ա. Աշոտյանը, որն այսօր այցելեց ԵՊՀ-ում տեղակայված քննական կենտրոն, որտեղ անցկացվեցին միասնական քննությունների լրացուցիչ փուլի «Պատմություն» և «Քիմիա» առարկաների քննությունները:

Նախարարը շրջեց երկու քննասենյակներում, զրուցեց դիմորդների հետ, ծանոթացավ նրանց մասնագիտական նախասիրություններին, հետաքրքրվեց արդեն հանձնած քննությունների ընթացքից և ստացած գնահատականներից:

Ա. Աշոտյանն այնուհետև պատասխանեց լրագրողների հարցերին:

Դիտարկմանը, որ ԿԳՆ-ի որդեգրած քաղաքականությունը, այն է՝ դրական գնահատական ստացած յուրաքանչյուր դիմորդ կընդունվի բուհ, գուցե և ծնողներին գոհացնում է, բայց ակնհայտորեն իջեցնում է կրթության որակը, կրթության և գիտության նախարարը պատասխանեց, որ ուսման մակարդակն ուղիղ համեմատական չէ ուսանողների թվին, և հավելեց. «Ասում են՝ բիզնես է: Որ պրոֆեսոր դասախոսն իր աշխատանքի դիմաց գումար է ստանում, դա բիզնե՞ս է: Որ ասում են՝ բուհերը բիզնես են անում, զարմանում եմ: Ես ուրախ կլինեի, եթե բուհերը բիզնես անեին, որովհետև բոլոր զարգացած երկրներում բուհերն իրենց եկամուտների առնվազն մեկ երրորդը ստանում են բիզնեսից: Ճիշտ է, կրթական ծառայությունները մատուցվում են վճարովի, բայց դա այն բիզնեսը չէ, որ ես կցանկանայի՝ բուհերն անեին: Ես կցանկանայի, որ բուհերն առևտրայնացնեին գիտելիքը, ես կցանկանայի, որ բուհերը համատեղ ձեռնարկություններ ստեղծեին մասնավոր ընկերությունների հետ և այլն, և այլն: Այ սա է բիզնեսը»:

Ինչ վերաբերում է դիմորդների զանգվածային ընդունելությանը, Ա. Աշոտյանն ասում է, որ մենք այդ առումով ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունենք. «Երբ բարձրագույն կրթությունը դառնում է մասսայական, դա լավ ցուցանիշ է համարվում միջազգային կրթական դասակարգիչների մեջ: Երկրները ձգտում են, որ բարձրագույն կրթության ծածկույթ ապահովեն տվյալ տարիքային խմբի առավել մեծ թվով մարդիկ: Այլ բան է, որ մեզանում բարձրագույն և միջին մասնագիտական հարաբերակցությունը հետաքրքրությունների առումով դեռևս օպտիմալ չէ, բայց այստեղ էլ հստակ տեղաշարժեր կան»,- ասաց ԿԳ նախարարը:

Նա հետաքրքրություն է նկատում կրթության հանդեպ և գտնում է, որ երեխաներին պետք է հնարավորություն տալ անցնելու, հաղթահարելու քննական շեմը. «Անպայման չէ, որ 18 միավոր ստացած դիմորդն ավելի լավ ուսանող լինի, քան 10 միավոր ստացածը,- ասում է Ա. Աշոտյանը,- բացի այդ, աշխատաշուկայում հեռանակարները բացվում են միայն աշխատասեր, սովորող և ուշիմ երիտասարդների առջև: Այսօր իրավաբանների «գերարտադրություն» ունենք, բայց բոլորը լավ իրավաբան են փնտրում: Այնպես որ, որակի խնդիրը միշտ էլ կա»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ ) says:

    Իրավաբանների ,,գերարտադրություն,, կա` քանի որ երկրում,, իրավախախտումը ,, գերնպատակ եք դարձրել…
    Բուհ ընդունվելը հեշտացել է, քանի որ ,,բթամտությունն ու տգիտությունն,, է պատվանդան բարձրացվել ….
    Եվ այս պարագայում ,,գիտության առևտրայնացումը,, բնականաբար, սահմանափակվում է սոսկ պարզ կաշառակերության շրջանակներում` ի շահ կոռումպացված ղեկավարների, և ո’չ պետությա’ն…

    • Դասախոս says:

      Անահիտ ջան դուք շատ դիպուկ եք մեկնաբանում: Փոխարենը անորակ պատճառների մասին մտածեն, որ միլիարդներ են ծախսում բուհերի վրա, բայց որակ չեն թողարկում, ավելի են հեշտացնում անորակ մասնագետներ արտադրելու, բուհերում անորակ դասախոսներ պահելու իրենց առաքելությունը, իսկ ոչ ոք չի ասում որ այդ անորակ բժիշկներն այսօր զբաղվում են մսավաճառությամբ, անորակ ուսուցիչները սերնդապղծությամբ, անորակ քաղաքական գործիչները` երկիր ծախելով, տնտեսություն սպանելով, էլ որ մեկն ասեմ, իսկ բարոյական ու ազնիվ մասնագետներին աշխատանքից հանելը այսօր այս կառավարությանը ձեռնտու քաղաքականություն է դարձել: Այս մարդը իսկական պատուհաս դարձավ մեր կրթության համար, որը եթե մինչ այդ հաշմանդամ էր, այսօր արդեն մահամերձ է:

  2. Անահիտ (ԵՊՀ ) says:

    Շնորհակալ եմ…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031