Հատված ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի հարցազրույցից:
– ԼՂՀ ՊԲ նախարար Մովսես Հակոբյանը հայտարարել է, որ յուրաքանչյուր կրակոցի պատասխան է տրվելու։ Արդյո՞ք համաչափ է նման արձագանքը։
– Ես կարծում եմ, որ ընդհանրապես զինադադարի համաձայնագիրը պետք է հարգել, բայց եթե հակառակորդը չի հարգում, մենք ունենում ենք կորուստներ, ապա բնական է, որ հակառակորդը պետք է արժանի հակահարված ստանա, ինչպես պատերազմի ժամանակ։ Փորձում են առավելագույնը մեծ վնաս հասցնել մեր զինվորներին, հետեւաբար իրենք պետք է արժանի հակահարված ստանան։
– Դեռեւս մայիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար Հայաստանն Ադրբեջանին պետք է վերադարձնի ԼՂ հարակից տարածքները, որոնք, ըստ նրա, «օկուպացված են»։ Օրերս էլ 7 շրջանների վերադարձի մասին խոսեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջ. Հեֆֆերնը։ Ինչպե՞ս են նման հայտարարություններին վերաբերվում Արցախում։
Կարդացեք նաև
– Խնդրի կարգավորման բոլոր փուլերում նման առաջարկություններ եղել են, հնչել են նման տեսակետներ, ու Հայաստանի 3 նախագահների իշխանության տարիներին որեւէ այլ հարց, որեւէ այլ հայեցակարգ չի եղել դրված բանակցությունների հիմքում։ Դա միջազգային միջնորդության մոտեցումն է, այն առումով որ միջազգային միջնորդները խնդիրը բաժանում են երեք մասի։ Իսկ Ուորլիքը կրկնել է այն, ինչը հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Միշտ էլ հայտարարել են, որ օկուպացված է, ուրիշ ի՞նչ են ասել, կա՞ այդպիսի միջազգային փաստաթուղթ, միջազգային միջնորդի մի հայտարարություն, որտեղ այդ տարածքները բնորոշված լինեն որպես հայկական կողմից պատմական արդարությունը վերականգնելու համար ազատագրված տարածքներ։ Նման բան չկա։ Չե՞ք հիշում ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի դեպքը, երբ նա օգտագործել էր «օկուպացված տարածքներ» արտահայտությունը, որից հետո ստիպված եղավ բացատրել, թե դա անգլերեն բառ է։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում