Արդարադատության նախարարության ՔԿՀՎ պետ Հայկ Հարությունյանը արձակուրդում չէ: Այդ մասին այսօր Aravot.am-ին ասաց քրեակատարողական հիմնարկների վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը` մեր այն հարցին ի պատասխան, թե լրատվամիջոցները տեղեկացրել են, որ ՔԿՀ պետը գտնվում է արձակուրդում:
Նշենք, որ «Առաջին լրատվական»-ի հրապարակած տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանը: Ըստ աղբյուրի՝ նա գտնվում է տասնօրյա արձակուրդի մեջ, սակայն արձակուրդից հետո այլևս չի վերադառնա պաշտոնին: Որպես Հայկ Հարությունյանին փոխարինող ամենահավանական թեկնածու նշվել է «Հրազդան» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանի անունը:
Ինչ վերաբերում է Հայկ Հարությունյանի ազատման մասին լուրերին, արդարադատության նախարարի մամուլի պատասխանատու Ծովինար Խաչատրյանը Panorama.am-ին ասել էր, թե նման հարց առայժմ չկա:
Ռ.Մ.