2014թ. մարտի 18-ին, գիշերով, սահմանամերձ Մովսեսում գյուղի 80-ամյա բնակչուհի Գեղեցիկ Վանեսյանի տուն դիմակներով ներխուժած անհայտ անձինք դաժանորեն ծեծի են ենթարկել միայնակ ապրող ծեր կնոջը: Իրավապահ համակարգից ստացված տեղեկություններով գողերը կպչուն ժապավենով կապել են կնոջ ձեռքերն ու ոտքերը, նրանից փող պահանջել, այն չստանալով՝ դաժանորեն ծեծել են նրան, սենյակի պատերը ներկվել են կնոջ արյունով: Կարծելով, որ զառամյալ կինը մահացել է, նրանք փախուստի են դիմել: Նույն հանցախումբը 2014թ. մարտի 4-ին փորձել է կոտրել Արծվաբերդի գյուղապետարանի շենքի առաջին հարկում գործող խանութում տեղակայված բանկոմատը, որտեղից աշխատավարձ են ստանում պայմանագրային զինծառայողները: Նշված անձինք Արծվաբերդի բնակիչ Կոմունա Ոսկանյանին տնից գողացել են փոշեկուլ եւ կենցաղային այլ իրեր:
Ոստիկանության Բերդի բաժանմունքի աշխատողները դեպքերից մոտ 3 ամիս անց կարողացել են բացահայտել, որ հանցախումբը կատարել է մոտ մեկ տասնյակ գողություն, որից 5-ը՝ բնակարանային: Այդ հանցագործություններ կատարել են Արծվաբերդ գյուղի 17-ամյա բնակիչներ , 17-ամյա Ն. Մ.-ն եւ Դ. Հ.-ն եւ նույն գյուղի բնակիչ, 1992թ. ծնված Մ. Մ.-ն: Վերջինս Գ. Վանեսյանը տանը կատարված հանցագործության ժամանակ դրսում հսկել է , որ գողերն իրենց գործն անեն: Նա հոգեկան շեղումներ ունի եւ կալանավորված չէ: Թվով մեկ տասնյակ գողության մեջ մեղադրվող արծվաբերդցի 2 անչափահասները կալանավորված են: Հարուցված է քրեական գործ, կատարվում է քննություն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
80-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկողը մարդ արարած չէ: Այն էլ երեքո՞վ : Ես այս երեքին մահապատժի կենթարկեի՝ առանց գեթ մի վայրկյան կասկածելու: