Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «Աֆրիկյանների շենքը ապամոնտաժվեց` ռազմավարության բացակայության պատճառով»

Հուլիս 07,2014 18:40

Ստեփան Սաֆարյանը համարում է, որ ինքնաբուխ կամ էպիզոդիկ ակցիաներ կարող են խնդրին հնչեղություն տալ, բայց խնդիրը լուծելու համար պետք է ռազմավարություն լինի

Օրեր առաջ Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների ակումբի շենքի ֆասադը ամբողջությամբ ապամոնտաժվեց: Այդ առնչությամբ Aravot.am-ը զրուցեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանի հետ, հիշեցնենք` նա նույնպես մասնակցում էր շենքի քանդման դեմ բողոքի ակցիաներին:

Ստեփան Սաֆարյանը համարում է, որ Աֆրիկյանների ակումբի շենքի ապամոնտաժման գլխավոր պատճառը ռազմավարության  բացակայությունն է, քանի որ նրանք հստակ չէին մշակել, եթե իրենց պահանջը մերժեն, ապա ի՞նչ են անելու.

«Մենք ընդամենը այնտեղ բողոքի ցույց արեցինք մի քանի անգամ` պահանջելով չապամոնտաժել եւ ի՞նչ: Պահանջեցինք չապամոնտաժել, եւ նրանք ասացին` չէ, ձեր պահանջը չի հարգվում, մենք ուրեմն պիտի ունենայինք քայլեր` ի՞նչ կանենք մենք, եթե նրանք մերժեն»:

Ստեփան Սաֆարյանը նշեց, որ ինքը բողոքի ակցիաների սովորական մասնակիցներից մեկն է` ուղղակի` որպես քաղաքացի մասնակցել է դրանց եւ չի մասնակցել նախաձեռնություններին: Նրա խոսքերով` հայաստանյան քաղաքացիական նախաձեռնությունը բարդ խնդրի առաջ է կանգնած, քանի որ բողոքի ակցիաներն ինչքան տպավորիչ լինեն, բայց դրանք ռազմավարություն չունեն: Նրա կարծիքով` քաղաքացիական նախաձեռնությունների նախաձեռնող խմբերը, եթե ցանկանում են հաջողության հասնել, ապա պետք է ռազմավարություն մշակեն.

«Ինքնաբուխ կամ էպիզոդիկ ակցիաներ, որտեղ կգնանք ու կընդվզենք, կարող են խնդրին հնչեղություն տալ, բայց խնդիրը լուծելու համար պետք է ռազմավարություն լինի: Ես կարծում եմ` վերջին շրջանում մի քանի շարժումներ հաջողության չեն հասնում ռազմավարության բացակայության պատճառով: Այլապես` ուղղակի բարձր գոռալ, բարձր թակել այդ ամեն ինչը լավ է, բայց այդ ամեն ինչը քիչ է խնդիրը հաղթելու համար»:

Պարոն Սաֆարյանը համարում է, որ փողոցում խնդիր չի լուծվում` փողոցում պարզապես ճնշումն է մեծանում, իսկ խնդիրը պետք է լուծի իրավասու մարմինը: Նրա խոսքերով ռազմավարություն պետք է լինի, թե ինչպե՞ս կարելի է այդ ամենը անել այնպես, որ մեկը մյուսին օգնի եւ ազդի եւ այդպես հասնեն ցանկալի արդյունքին.

«Մի խումբ պետք է աշխատեր ապամոնտաժումը կասեցնելու վրա, մի խումբ պետք է աշխատեր այդ խնդրի հետ կապված քաղաքական որոշում ընդունելու ռազմավարության վրա` շատ բանի վրա պետք է մտածվեր: Ինքը ակցիան շատ ինքնաբուխ էր, շատ խառն էր»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031