Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը համոզմունք հայտնեց, որ եթե նպատակ կա, որ Հայաստանը դառնա արտահանող երկիր եւ ունենա արտահանվող մրցունակ ապրանքներ, ապա պետք է օգտագործել երկրի հարաբերական առավելությունները՝ որոնցից մեկն էլ հենց մատչելի էլեկտրաէներգիայի սակագինն էր. «Սակայն անցյալ տարվա բարձրացումները, երբ գազի սակագինը 17 տոկոսով բարձրացավ, իսկ էլեկտրաէներգիայի սակագինը՝ 28 տոկոսով, իսկ հիմա եւս 10 տոկոսով, խոսում են այն մասին, որ երկրում տնտեսական զարգացումը եւ նպատակները չեն հետապնդում գնային քաղաքականությանը»:
Պրն Խաչատրյանը նկատեց, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից հետո գործարար շրջանակների կողմից ոչ մի արձագանք չի եղել. «Ունենք քաղաքացիական շարժումներ, հասարակություն, որոնք դժգոհում են, սակայն գործարար միջավայրի կողմից որեւէ արձագանք, անգամ կուտակային կենսաթոշակների վերաբերյալ չի եղել: Կարծես թե գործարարներին ձեռք է տալիս 30 տոկոսով կբարձրացնեն, թե 40 տոկոսով»:
Պրն Խաչատրյանի կարծիքով՝ եթե գործարարները չեն բարձրաձայնում թանկ սակագնի մասին, ապա իշխանություններն էլ կմտածեն, թե դա ձեռք է տալիս նրանց եւ նորից կբարձրացնեն սակագինը:
Վահագն Խաչատրյանը նկատեց, որ էլեկտրաէնեգիայի սակագնի բարձրացումն այսքանով չի սահմանափակվելու. «Անընդհատ կանգնելու ենք այս խնդրի առջեւ: Եթե սկզբից պատճառաբանում էին, որ ատոմակայանը կանգնած է եղել 80 եւ ավելի օր, ապա հետո կպարզվի, որ օրինակ Հրազդանի ՋԷԿ-ը պետք է վերականգնվի»:
Պրն Խաչատրյանին հետաքրքիր է, ինչո՞ւ էլեկտրաէներգիա մատակարարող օպերատորները չեն գնել ավելի էժան էլեկտրաէներգիա Հրազդանի 5-րդ էներգաբլոկից, այն դեպքում, երբ դա ընդհանրապես ծանրաբեռնված չի եղել:
Կարդացեք նաև
Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը համաձայնեց այն տեսակետի հետ, որ գործարարները չեն արձագանքում սակագնի բարձրացմանը եւ ավելացրեց, որ այն կարծիքը, թե շրջանառության հարկի նվազեցումը կարող է կոմպենսացնել ծախսերը, ճիշտ չէ: Պրն Մակարյանը այն տեսակետն ունի, որ աջակցող մեխանիզմները պետք է ՓՄՁ-ների մոտ ավելցուկ առաջացնեն, որպեսզի դրանք զարգացման հնարավորություն ունենան:
Պրն Մակարյանը վստահ է, որ էներգետիկայի նախարարությունն իր պարտականությունները վատ է կատարում: Նա նկատեց, որ էներգախնայողության փոխարեն, համակարգում գնալով շատանում են կորուստները. «Էներգամատակարարման հուսալիությունը նույնպես չկա, անընդհատ վթարներ եւ անջատումներ են լինում: Հայաստանում էլեկտրաէներգիայի որակը զիջում է միջազգային ստանդարտներին»: Պրն Մակարյանին հետաքրքիր է՝ ո՞ւմ մեղքով է, որ ատոմակայանը 88 օր կանգնել է եւ ինչո՞ւ պետք է հասարակությունը հոգա այդ ծախսերը»:
Տնտեսագետ-փորձագետ Աշոտ Եղիազարյանն էլ քննարկման ընթացքում նշեց, որ էներգետիկայի համակարգում փոփոխությունները ուղղակիորեն իրենց ազդեցությունը կունենան տնտեսության այլ ոլորտների գործունեության վրա: Պրն Եղիազարյանը կարծում է, որ հետագայում էլեկտրաէներգիայի սակագնի նոր բարձրացումներ կլինեն, իսկ պատճառն այն է, որ Հայաստանի էներգետիկ համակարգում նոր ներդրումներ պետք է կատարվեն, քանի որ Հայաստանում էներգետիկ համակարգը ամբողջովին մաշված է:
«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանն էլ իր խոսքում նշեց, որ որպես քաղաքացի իրեն խաբված է զգում. «Զգում եմ ինձ մեկը, որից գողանում են: Ինչու էր ատոմակայանը կանգնած 80 օր եւ ավելի, եթե նախատեսված էր ավելի քիչ եւ ինչու է նորից պատասխան տալիս ժողովուրդը: Ինչու եմ ես երկու տարվա ընթացքում 40 տոկոսով ավել վճարում էլեկտրաէներգիայի համար»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ