Լրահոս
Օրվա լրահոսը

Արտերկրից ֆինանսավորում ստացող խմբերը փորձում են տապալե՞լ սահմանադրական բարեփոխումները

Հուլիս 07,2014 17:37
gagik harutyunyan

«Ստեղծված քաղաքական, սոցիալական իրավիճակը պատճառ դարձավ, որ 2003-ին ձախողվեցին բարեփոխումները, որից հետո պառլամենտն ինքը նախաձեռնեց սահմանադրական բարեփոխումներ, և մենք անելիք չունեինք, գործում էր պառլամենտական հանձնաժողով»,-Aravot.am-ի հարցին` ի՞նչն էր պատճառը, որ ժամանակին, երբ գլխավորում էր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, որոշ ժամանակ անց վայր դրեց հանձնաժողովի նախագահի լիազորությունները, այսպիսի կարծիք հայտնեց Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Գագիկ Հարությունյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին նվիրված հանրային քննարկումների մարզային փուլի շրջանակներում այսօր քննարկում էր կազմակերպվել Արմավիր քաղաքում:

Պարոն Հարությունյանը, մանրամասնելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք նախաձեռնված սահմանադրական բարեփոխումների ընթացքը, նշեց. «Այն ժամանակ նախագահը նախաձեռնեց բարեփոխումներ և նույն պայմանն էր դրված մեզ`չթելադրել որևէ լուծում, այլ միայն այն, որ մեր հանձնաժողովը միջազգային փորձագետների հետ կարողանա աշխատել և առաջադրել խելամիտ լուծումներ: Ռոբերտ Քոչարյանը համաձայնեց այդ մոտեցմանը, մենք մինչև 2001-ը աշխատել ենք անկաշկանդ, պարբերաբար մոտեցումներ ենք ներկայացրել, 2001-ին Վենետիկի հանձնաժողովի նիստում հարցը լուռ քննարկվեց և 178 կետերով որոշում ընդունվեց: Դրանցից բոլորը դրական դիրքորոշումներ էին»:

Սակայն, Գագիկ Հարությունյանի խոսքով, իրավիճակը փոխվեց, երբ սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությամբ հանդես եկավ Ազգային ժողովը: Այս գործընթացում «իրավագիտական մոտեցումները երկրորդ պլան մղվեցին, մշակվեց սահմանադրության մի տարբերակ, որը միանգամից առաջացրեց նաև մեր միջազգային գործընկերների վրդովմունքը»: Պարոն Հարությունյանը պատմեց, թե ստիպված է եղել արդեն այդ փուլում մտնել այդ իրավիճակի մեջ` որպես զուտ ՍԴ նախագահ և որպես պետական քաղաքացի, որը պետության կայացման գործում իր լուման ներդրել է:

Պարոն Հարությունյանը պատմեց, թե անմիջապես վերադարձել ու հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին, ինչից հետո ՀՀ երկրորդ նախագահն իր մոտ է հրավիրել կոալիցիոն ուժերին, խնդիր դրել, որ պետք է շրջել վիճակը: Սակայն ըստ Գագիկ Հարությունյանի` «շեղումն այնքան մեծ էր, որ վերադարձը  լիարժեք չապահովեց»:

Մեր հստակեցմանը, այսինքն` ժամանակին հենց Ռոբերտ Քոչարյա՞նն է կաշկանդել իրականացնել սահմանադրական փոփոխություններ և անցկացրել է իր համար ցանկալի սահմանադրությունը, պարոն Հարությունյանն արձագանքեց. «Ոչ թե փորձել էր կաշկանդել, այլ այստեղ իր ազդեցությունը այնքանով էր, որ կոալիցիոն ուժերը հրաժարվեցին նախորդ մոտեցումից և գնացին սահմանադրական այլ բարեփոխումների մոտեցման ճանապարհով: Թե ինչ շարժառիթներից ելնելով էին պառլամենտականները գնացել այլ ճանապարհով, կարելի նրանցից հարցնել»:

Մեր մյուս հարցին`արդյոք հենց այս սկզբունքային հարցից չե՞ն բխում այն կարծիքները, թե սահմանադրական բարեփոխումներն իրականացվում են առաջին հերթին, որպեսզի կանխվի Ռոբերտ Քոչարյանի վերադարձը, պարոն Հարությունյանն արձագանքեց. «Դա քաղաքական պոպուլիզմի դաշտից է: Կարող են ցանկացած մեկնաբանություն անել: Լինում է իրավիճակ, երբ մեկը տղա է ունենում, հարևանն ասում է, թե տեսաք, ասում էի, որ տղա եք ունենալու: Մարդկանց բերանին ու լեզվին կապանք դրված չէ: Ես դրանց կարևորություն չեմ տալիս»: Պարոն Հարությունյանը կարծում է, որ նման մեկնաբանությունները վտանգավոր են:

Այս առիթով պարոն Հարությունյանը մտահոգություն հայտնեց. «Դրսից լուրջ ուժեր կան, որ ցանկանում են տապալել սահմանադրական բարեփոխումները: Նույնիսկ Երևան հյուրանոցում երիտասարդական մի շարք կազմակերպությունների միջազգային ուժեր հրահանգել ու գրանտներ են խոստացել, որ ամեն ինչ պիտի անեն, որ ձախողեն սահմանադրական բարեփոխումները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031