Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Հարությունյան. «Իշխանության միջին օղակներում բորենիների համաստեղություն է»

Հուլիս 07,2014 12:16

«Եթե իշխանության հայեցողության սահմանները հստակեցված չեն, իշխանության գլուխ կանգնած մարդիկ ինչ ուզեն, ինչպես ուզեն, կանեն և հաճախ ինչ ուզում և ինչպես ուզում անում են: Վերին էշելոններում մարդիկ զգաստ են, բայց միջին օղակներում բորենիների համաստեղծություն է տիրում»,-այսօր Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում հայտարարեց Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Գագիկ Հարությունյանը:

Նշենք, որ շարունակվում է ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին նվիրված հանրային քննարկումների մարզային փուլը: Քննարկումներ են տեղի ունեցել Աշտարակ և Արտաշատ քաղաքներում:

Պարոն Հարությունյանը շեշտեց Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը և անդրադառնալով քննադատություններին՝ նշեց. «Հաճախ շատերը դատողություններ են անում սահմանադրական բարեփոխումների մասին, անգամ երբեմն դրանք հասնում են պոպուլիզմի: Նմաններին պատասխանելը իմաստազուրկ է: Եթե սթափ չգնահատենք իրավիճակը և հետևություններ չանենք, ապա հետո ուշ է լինելու»:

Գագիկ Հարությունյանը նկատում է, որ իրավիճակի թելադրանքով հաճախ մարդը հայտնվում է Սահմանադրության լուսանցքում, տարիներ առաջ իրականացված սահմանադրական բարեփոխումները գնացին իշխանակենտրոն սահմանադրության ձևավորման ճանապարհով, այնինչ նպատակը պետք է լինի սահմանադրությունը դարձնել մարդակենտրոն:

Պարոն Հարությունյանը մանրամասնեց. «Ես ուզում եմ, որ իմ երեխաները ապրեն մի երկրում, որտեղ չինովնիկը նրանց ճակատագիրը չի որոշում, որտեղ կա Սահմանադրություն, որը սահման է դնում իշխանության և տալիս նաև ազատության սահմանների հստակություն: Հակառակ դեպքում պետք է ապավինենք իշխողների բարյացակամությանը»:

Կրկնելով այն միտքը, թե «միայն ազնիվ խոսքով պետություն չես դառնա», ՍԴ նախագահը քննադատության սուրն ուղղեց դեպի դատական, գործադիր և օրենսդիր իշխանություն: Դատարանների աշխատանքն ու նրանց կայացրած որոշումները պարոն Հարությունյանը բնութագրեց «պարզապես մարդուն մերժելու ու մարդու իրավունքները ոտնահարելու մի ամբողջ շղթա»:

Այնուհետև տեղեկացրեց, թե իրենց դիմած քաղաքացիների վաթսուն տոկոսի դիմումները վերաբերում են օրենքի բացերին: Գագիկ Հարությունյանը խոստովանեց. «Սահմանադրության մեջ տասնյակից ավելի նորմեր կան, որոնք չենք օգտագործվում կյանքում»:

Հետո պարոն Հարությունյանը օրինակ բերեց այդ նորմերից այն, որ պատգամավորները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Սակայն միևնույն ժամանակ նկատեց, թե «ՀՀ նախագահի մոտ գործարարների հետ հրավիրված ցանկացած խորհրդակցության ժամանակ դահլիճի կեսը պատգամավորներ են»:

Գագիկ Հարությունյանի համար մտահոգիչ է նաև այն փաստը, որ դատական, օրենսդիր և գործադիր մարմիններում բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց եկամուտի առյուծի բաժինը ոչ թե աշխատավարձից է, այլ բիզնեսից: Որպես օրինակ՝ ՍԴ նախագահը նշեց. «Դատական համակարգում դա կազմում է հիսուն տոկոս, գործադիրում՝ երեսուն, օրենսդիրում՝ երեքից հինգ տոկոս»:

Ամփոփելով Գագիկ Հարությունյանը հայտարարեց. «Մարդու տեսած լավ կամ վատ երազից, զոքանչի հետ հարաբերություններից չպետք է կախված լինի պետական կառավարումը: Պիտի ստեղծվի պետական հզոր համակարգ. սա է այս ամբողջ բարեփոխումների գաղափարախոսությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Լարա says:

    Պարոն Հարությունյանը երևի որոշել է թողնել իր պաշտոնը կամ տեղափոխվել արտերկիր:

  2. dyadyur says:

    Տիպիկ կոմունիստական դեմագոգիա: Խոսում է շարքային քաղաքացու նման,մեզ`չգիտես ինչի տեղ դնելով:Այս մարդն այդպես էլ իր հին պատյանից դուրս չեկավ:Բանից պարզվում է,որ վերևներում հրեշտակներ են հավաքված:Պ-ն Գ.Հարությունյան,իսկ երբ նախագահդ ասում էր ,,գլխից է պետք բռնել,, տեսնես ում??նկատի ուներ–միջին օղակներին??:

  3. Կարեն says:

    Առաջարկ՛ մեր Վերին էշելոնների պաշտոնյաներին, որոնք կանոնավոր նալոգ են ստանում բորենիներից: Հաճախեք’ թաթերական խմբակներ, թէ չէ շատ անբնական եք խաղում: Ես չեմ հասկանում , այս տիպի պաշտոնյաները հաճույք են ստանում, երբ ամբողջ ժողովուրդը ծիծաղում է իրենց ասածի ու պահվածքի վրա:

  4. david says:

    Ճիշտ է գրագետ ժուլիկն ավելի դիվանագիտական պահմտոցի գիտի քան անգրագետ ժուլիկը, բայց երկու ճանապարհ ով պիտի անցնեք: 1.Բարոյական կործանում
    2. ֆիզիկական կործանում և ոչնչացում:3-րդ ճանապարհ չունեք:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031