Լրահոս
Օրվա լրահոսը

Նալբանդյանի ամոթխած «թուշը» վկա

Հուլիս 07,2014 14:58

«Ստեփանակերտի օդանավակայանն արտաքին «հուշմամբ» «վերագործարկվել» է միայն մեկ հիմնարար նպատակով՝ պահի ավելի զորեղ ու ճարպիկ ուժի կենտրոնի «խաղաղապահներին»  Արցախ փոխադրելու համար». նման պնդում անելու «չափազանց մեծ հիմքեր» ունի «Հայազն» կուսակցության վարչության անդամ, քարվաճառաբնակ Ալեքսանդր Քանանյանը:

– Հայ-ադրբեջանական շփման գծում ամենօրյա հրադադարի խախտման բազմաթիվ դեպքեր են արձանագրվում, ադրբեջանական բանակը սկսել է անգամ հայկական բնակավայրերի նկատմամբ դիվերսիա իրականացնել՝ չնայած այն բանին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, համանախագահող երկրների նախագահները քանիցս կոչեր հնչեցրին սահմանային միջադեպերի եւ դիպուկահարներին շփման գծից ետ քաշելու առիթով: Վերջերս քաղաքագիտական շրջանակներում հաճախ են այնպիսի տեսակետներ հնչում, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը սպառել է իրեն ու չի կարողանում տարածաշրջանում իրեն վերապահված գործառույթներն իրականացնել: Դուք ե՞ւս այդպես եք կարծում:

– Եկեք միամիտ չլինենք եւ, ի վերջո, սովորենք իրերն իրենց անուններով կոչել։ ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է ոչ թե հակամարտությունն ի շահ արդարության եւ խաղաղության կարգավորելու, այլ աշխարհաքաղաքական ուժի երեք շահագրգիռ կենտրոնների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Եվրոպայի (այժմ՝ ԵՄ) շահերը ներկայացնելու եւ հետապնդելու համար։ Մինսկի խմբի ձեւաչափն այդ ուժի կենտրոնների համար կարող է արդիականությունը կորցնել կա՛մ համաշխարհային ընդգրկման ռազմաքաղաքական ցնցումների եւ վերադասավորումների, կա՛մ տարածաշրջանում առկա ստատուս քվոյի՝ նախապես չհաշվարկված համապարփակ փլուզմամբ։ Անգամ արցախյան երկրորդ պատերազմի սկիզբը կարող է բավարար պատճառ չլինել Մինսկի խմբի գործունեության դադարեցման համար։ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանման այլ ձեւաչափերի նման թատերականացված գործառույթներով պիտանի բանակցային կառույց է այն երկրների համար, որոնք ի վիճակի են սահմանել եւ հետեւողականորեն իրականացնել իրենց շահերից բխող քաղաքականությունը։ Հասկանալի է, որ երրորդ հանրապետությունը քիչ թե շատ լիարժեք իմաստով արտաքին քաղաքականություն երբեւէ չի ունեցել, իսկ վերջին շրջանի թուրքարձանագրամաքսային խեղկատակության շրջանում դրա մասին խոսելն անգամ ավելորդ է. Նալբանդյանի ամոթխած «թուշը» վկա…

Stepanakerti_odanavakayan

Ստեփանակերտի օդանավակայանը:

– ՀՀ եւ ԼՂՀ ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովը հայտարարությամբ է հանդես եկել, որում ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ է արվում գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանագծից դիպուկահարների ետքաշման, միջադեպերի հետաքննության եւ ժողովուրդների միջեւ ատելություն սերմանող հայտարարությունների ու գործողությունների բացառման ուղղությամբ, ինչպես նաեւ դիմում է Մինսկի խմբի համանախագահներին՝ կոչ անելով ձեռնարկել անհրաժեշտ քայլեր` ուղղված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լիարժեք մասնակցության ապահովմանը բանակցային գործընթացի բոլոր փուլերին: Իրատեսական համարո՞ւմ եք, որ արձագանքը համարժեք կլինի:

– Իրատեսակա՞ն։ Արդյոք կարելի՞ է փոքր իսկ կասկած չունենալ, որ «ՀՀ եւ ԼՂՀ միջխորհրդարանական հանձնաժողովի» այրերը քաջ գիտեն, որ իրենց հերթապահ հայտարարությունները ոչինչ չեն փոխելու։ Մինսկի խումբը չի հրաժարվելու ընթացիկ «չեզոքության» բնական եւ սպասելի դիրքորոշումից։ Բոլորը կողմերը մշտապես կհորդորվեն «համահավասարապես», եթե, իհարկե, այդ երեք ուժերը լիակատար համաձայնության չգան հակամարտությունն ինչ-որ հստակ սցենարով ու սխեմայով «կարգավորելու» շուրջ։

Իսկ բանակցային սեղանի շուրջ «արցախյան կողմի» վերադարձի անհրաժեշտության մասին պնդումներն անասելիորեն ձանձրալի, իմաստազուրկ ու անլուրջ են։ «Երկու հայկական պետությունների» պարզունակ եւ անխտիր բոլոր հարթություններում վնասակար թատրոնին օր առաջ հարկ է վերջ դնել։ Գոյություն ունի մեկ Հայաստանի Հանրապետություն, իսկ Արցախը նրա բաղկացուցիչ եւ անօտարելի մասն է։ Արցախը Հայաստանն է եւ վե՛րջ։ 1991 թվականին Երեւանի ճնշմամբ Արցախին շանտաժով պարտադրված «անկախության» ուղին դեռ կորակվի որպես քաղաքական անպատասխանատվության, դիվանագիտական եզակի տխմարության, հակասահմանադրական հանցագործության եւ ազգային դավաճանության ակտ։

3-3

Զորամաս:

– Արցախում մտահոգություններ չկա՞ն ռուս-ադրբեջանական հարաբերությունների ջերմացումից:

– Արցախը շատերի կողմից սովորաբար ընկալվում է որպես «ավելի ընդգծված ռուսամետ տարածք»։ Պատճառը ոչ միայն մի շարք տգետ կամ ծախու պնակալեզ հասարակական «գործիչների» մերձգեղարվեստական զեղումներն են, այլեւ խորհրդային շրջանից ժառանգված ավագ սերնդի մասնակի «ռուսախոսությունը»։ Իհարկե, կան մտահոգիչ դիրքորոշումներ։ Բայց սովորական ժողովուրդը «ռսին» սովոր է սիրել հեռվից։ Խորհրդային ռուս զինվորի «խաղաղարար» ներկայության ողջ «հաճույքը» 1988-1991 թվականներին սեփական մաշկի վրա անմիջապես ճաշակած սովորական արցախցին հազիվ թե հաշտվի վերապրել այդ փորձառությունը։ Ուստի, իհարկե, մտահոգությունները լուրջ են։ Մարդիկ ապշած են, թեեւ իրենց իսկ հստակ գիտակցմամբ գլխավոր մեղավորի դերում կրկին ՀՀ ապիկար իշխանությունն է:

Բայց, մյուս կողմից՝ խուճապ ընդհանրապես չկա։ Պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանը կբախվի ավելի վճռական ու շատ ավելի «կատաղած» արցախցուն։ Պատերազմը հանգուցալուծում է շատ եւ ոչ միայն արտաքին հարցեր…

– Մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Ստեփանակերտի օդանավակայանից տեւական ժամանակ է, ինչ երկտեղանոց օդանավերը զբոսաշրջիկների համար թռիչքներ են իրականացնում Ստեփանակերտի եւ Շուշիի վրայով, ինչը Բաքվում աժիոտաժ է առաջացրել: ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն այդ առիթով ասել էր. «Ստեփանակերտի օդանավակայանը, կարելի է ասել, երբեւիցե չի դադարեցրել իր աշխատանքը: Մենք ընդունում ենք ուղղաթիռներ, թռիչքներ ենք իրականացնում Արցախի փոքր ավիացիայից, որոնք օգտագործվում են գյուղատնտեսության համար: Իսկ ինչ վերաբերում է Բաքվի աժիոտաժին, ապա դա նրանց ամենասիրած թեմաներից մեկն է»: Ստեփանակերտի օդանավակայանն իսկապե՞ս գործում է, այն իր նպատակին ծառայեցնելու հեռանկար տեսնո՞ւմ եք:

– ԼՂՀ նախագահի մամլո խոսնակն ի պաշտոնե ստիպված է ներկայացնել անպատասխանատու անձանց անլուրջ ու անարժեք հավաստիացումները։ Չափազանց մեծ հիմքեր կան՝ պնդելու, որ այդ օդանավակայանն արտաքին «հուշմամբ» «վերագործարկվել» է միայն մեկ հիմնարար նպատակով՝ պահի ավելի զորեղ ու ճարպիկ ուժի կենտրոնի «խաղաղապահներին» Արցախ փոխադրելու համար։
Մյուս կողմից՝ ՀՀ բարձրագույն այրերի խոսքի ու գործի սնանկության վառ ապացույց սույն օդանավակայանը յուրային հարյուրավոր անձանց բարձրավճար ձրիակեր աշխատանքի ընդունելու կոռուպցիոն հրաշալի հարթակ է։

Ինչեւէ, օդանավակայանի շենքը պիտանի կառույց է, իսկ Արցախ ոտք դնելու միամտություն ունեցող յուրաքանչյուր «խաղաղարար» պետք է քաջ իմանա, որ նա անպայման մեռնելու է։ Սա այն դեպքերից է, երբ մահվան սպառնալիքը միանգամայն դիվանագիտորեն է հնչում։ ՀՀ այժմյան նախագահի թուրքարձանագրամաքսային թշվառությունը կամ Նալբանդյանի կարմրած «թուշիկները» չպետք է մոլորության հանգեցնեն։ Ազգի կողմից «ներում-բեկում» չի լինելու։ Արցախի հանձնում եւ երկրոդ Հայոց ցեղասպանություն տեղի չի ունենա։

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
05.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031