Գորիսի նորընտիր քաղաքապետ Վաչագան Ադունցը պաշտոնը ստանձնելուց հետո մտադիր է քաղաքի համար կարեւոր եւ հրատապ լուծման կարիք ունեցող խնդիրների լուծմանն առաջնահերթությունը տալ: Մեզ հետ ունեցած զրույցում պարոն Ադունցը նշեց, որ դեռեւս նախընտրական քարոզչության ժամանակ է հայտարարել, որ Գորիսում աղբահանության, թափառող շների, փողոցային լուսավորության խնդիրները պետք է անհապաղ լուծել:
«Կան խնդիրներ, որ պետք է հնարավորինս շուտ լուծենք եւ հետաձգելու իրավունք չունեք: Ես կոչ եմ անում մեր գորիսեցիներին քաղաքի ապագան կերտել միասին, բոլորոս զբաղվենք այդ խնդիրներով», -նշեց Վաչագան Ադունցը եւ հավելեց, որ խնդիրները շատ են, անելիքները` նույնպես: Իսկ մեր այն հարցին, թե զբոսաշրջային կենտրոն համարվող Գորիսի ներկայիս պայմանները բավարա՞ր են զբոսաշրջիկներին հավուր պատշաճի հյուրընկալելու համար, նորընտիր քաղաքապետն անկեղծացավ, որ այս ոլորտում եւս անելիքներ ունեն եւ այդ խնդիրը եւս իր ուշադրության կենտրոնից չի վրիպել: «Եթե անկեղծ լինեմ, պայմանները բավարար չեն, մենք դեռ շատ անելիք ունենք, որպեսզի կարողանանք հպարտ ընդունել մեր հյուրերին», – ավելացրեց Վաչագան Ադունցը:
Նշենք, որ Վաչագան Ադունցը ՀՀԿ անդամ է եւ հունիսի 8-ին կայացած ընտրության ժամանակ անկուսակցական Հրայր Յոլյանից հավաքելով առավելագույն ձայներ` ընտրվել է Գորիսի քաղաքապետ:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Քանի դեռ Լիսկան բանտում չէ,Գորիսում ոչինչ չի փոխվելու: Ստալինիզմի դեմ պայքարը ծառեր էտելով չէ: