Հուլիսի առաջին օրը նշանավորվեց նրանով, որ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ էլինար Վարդանյանն իր միջնորդությունն ուղարկեց Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Միջնորդությունը վերաբերում էր ազատամարտիկ, գնդապետ, վեց երեխաների հայր, փառահեղ մարտական ուղի անցած Վոլոդյա Ավետիսյանին:
Վերջինիս մարտական ընկերներից, ազատամարտիկներից մի քանիսին ասել եմ, եւ չեմ թաքցրել իմ վերաբերմունքը նման միջնորդության համար: Այն ուշացած էր, ձեւական, քանի որ նման միջնորդություն կարող էր արվել այն ժամանակ, երբ թխվում էր սույն քրեական գործը:
Այս միջնորդությունը արվեց այն ժամանակ, երբ մեղադրողը միջնորդել է վեցուկես տարվա ազատազրկում, ու զինվորն էլ ամիսներ շարունակ գտնվում է անազատության պայմաններում:
«Մենք ուշի ուշով հետեւում ենք Վոլոդյա Ավետիսյանի դատավարությանը, մեր գնահատմամբ մեղադրանքները հիմնավորված չեն…ակնկալում եմ, որ հաշվի կառնեք…կոպիտ խախտումներով տեղի ունեցած նախաքննության եւ ապացույցների մեծ մասի հիմնավորված չլինելու պայմաններում…ազատազրկման դատապարտելու դատախազի պահանջը՞: Լավ է, որ հանձնաժողովի նախագահն իրեն դրել է դատարանի տեղ, հեռակա դատական «բանավոր ակտը» կայացնելով: Իսկ ո՞ւր էր այս հանձնաժողովը, երբ ի պաշտպանություն ազատամարտիկի, տասնյակ բողոքի ցույցեր արվեցին, երբ դեռ նա ազատազրկված չէր, եւ հայտարարվում էր նրան սպառնացող վտանգի մասին:Եւ որ հնարավոր էր կանխել ապօրինությունը:
Վոլոդյա Ավետիսյանը մեկը չէ:
Հետաքրքիր է իմանալ, թե այս տարի քանիսի համար է այս հանձնաժողովը դիմել միջնորդություններով դատարաններ, ում համար, արդյոք, նման գնահատականներ մյուսների համար էլ արվել է:
Կարդացեք նաև
Ինձ դիմած հարյուրավոր դատապարտյալների մասին գրվել է հազար անգամ, անուններով, ազգանուններով, վաղաժամկետ պայմանական ազատման համար, վարչակազմին, անկախ հանձնաժողովին դատի տալու մասին; Քար անտարբերություն, հաճախ էլ`խտրականություն:
Թե՞ սա հերթական ցավալի հնարքն էր արձակուրդ գնալուց առաջ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ