Ամբիոնի վարիչի նկատմամբ ռեկտորի կողմից թույլ տված մեկ կարգապահական խախտման համար նշանակել էր երկու կարգապահական տույժ
Կենտրոն եւ Նորք –Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբիկ Ափինյանը բավարարել էր Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեմ բերված հայցը, անվավեր էր ճանաչվել ռեկտոր Դերենիկ Դումանյանի 21.10.2011 թվականի թիվ 669/ԿԲ հրամանը:
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանից հօգուտ համալսարանի ֆարմակոլոգիայի վարիչի պաշտոնակատար Արմեն Մանուկյանի կբռնագանձվի օրենքով սահմանված կարգով հաշվարկվող միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար: Երեք տարի առաջվա համար:Վաղը վերաքննիչ դատարանում նշանակված է հակառակ կողմի բողոքի քննությունը:
Ըստ գործի նյութերի, 23.11.2007թ. թիվ 286-2/4 աշխատանքային պայմանագրի համաձայն` Ա.Մանուկյանի և պատասխանողի միջև կնքվել է աշխատանքային պայմանագիր մինչև 31.08.2008թ.: Աշխատանքային պայմանագրի համաձայն` հայցվորը նշանակվել է համալսարանի ֆարմակոլոգիայի վարիչի պաշտոնակատար: Հայտնել է նաև, որ ռեկտորի հրամանով կողմերի միջև եղած աշխատանքային պայմանագիրը երկարաձգվել է մեկական տարով, մինչև 2012 թվականի փետրվար ամիսը: Հայցվորը հայտնել էր, որ ինքը 2011թ. հոկտեմբերի 14-15 ընթացքում ստոմատոլոգիական ֆակուլտետի երրորդ կուրսի 339 խմբի ուսանող Հովակիմ Բաբլոյանի կողմից դասախոսության ժամանակ դասաժամը խանգարելու և ուսանողին ոչ հարիր պահվածք դրսևորելու համար, վերջինիս հրավիրվել է դուրս: Սակայն քիչ անց, ուսանողը փայտով մուտք է գործել լսարան և իրեն ուսանողների ներկայությամբ ՙ «արա» ասելով դուրս է հրավիրել հաշիվներ պարզելու: Միջադեպը ուսանողների միջամտությամբ կանխվել էր, դեպքից հետո իրեն հրավիրել են դեկանատ դեպքի մասին բացատրություն տալու համար: Դասախոսը նշել էր, որ ուսանողն ունի վատ առաջադիմություն, նախորդ տարի դուրս է մնացել համալսարանից, ինչպես նաև ազատվել է զինծառայությունից:
Դասախոսը ենթարկվել էր կարգապահական պատասխանատվության և աշխատանքային պայմանագիրը դադարեցվել էր: Ըստ նրա «Վերոնշյալ հրամանով ուսանողի պահվածքը վերագրվել է ինձ, ինչի արդյունքում հրամանի 1-ին կետում հայտարարվել է խիստ նկատողություն, իսկ 2-րդ կետով լուծվել է կողմերի միջև եղած աշխատանքային պայմանագիրը»:
Բժշկական համալսարանն իր առարկություններում, հայտնել էր, որ «Տվյալ կոնֆլիկտը քննարկվելով համալսարանի ռեկտորատում, որակվել է, որպես անընդունելի, անհանդուրժողականության դրսևորում և դասախոս-մանկավարժին ոչ հարիր և անհամատեղելի արարք: Ռեկտորի թիվ 669/ԿԲ հրամանով Հ.Մանուկյանին հայտարարվել է խիստ նկատողություն` դասախոսին ոչ հարիր պահվածք և անհամատեղելի արարք ցուցաբերելու համար: Պատասխանողը օգտվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի դրույթներով` լուծել է հայցվորի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը»: Այն պնդմանը, թե հայցվորը չի ստացել տույժեր,ըստ պատասխանողի, չի համապատասխանում իրականությանը: Պատասխանողի ներկայացուցիչ Մ.Սողոմոնյանը խնդրել է հայցը մերժել ամբողջությամբ` անհիմն և բողոքարկման ժամկետը բաց թողնելու հիմքերով:
Դատարանի իրավական գնահատականն այն էր, որ օրենքն արգելում է մեկ կարգապահական խախտման համար նշանակել նկատողություն և խիստ նկատողություն, կամ խիստ նկատողություն և պայմանագրի լուծում:
«Վերլուծությունից հետևում է, որ Ա.Մանուկյանին նկատմամբ հայտարարել է խիստ նկատողություն ուսանող Հ.Բաբլոյանի նկատմամբ դասախոսին ոչ հարիր պահվածք և անհամատեղելի պահվածք ցուցաբերելու համար: Այսպիսով, դատարանը ապացուցված հանգամանք է համարում, որ գործատուն միևնույն հրամանով Ա.Մանուկյանի նկատմամբ նրա կողմից թույլ տված մեկ կարգապահական խախտման համար նշանակել է երկու կարգապահական տույժ:
Նորմի վերլուծությունից հետևում է, որ գործատուն իր նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը կարող է լուծել միայն այն դեպքում, եթե աշխատողը պարբերաբար չի կատարում իր պարտականությունները մեկ պայմանով` առանց հարգելի պատճառի: Պարբերաբար չկատարելը դա նշանակում է աշխատողի կողմից անհարգելի պատճառով առնվազն երկու և ավելի անգամ իր պարտականությունները չկատարելը»:
Ըստ դատարանի, տվյալ դեպքում, Ա.Մանուկյանը մինչև 21.10.2011թվականը ունեցել է մեկ կարգապահական տույժ: 21.10.2011թվականին նա միաժամանակ միևնույն խախտման համար ենթարկվել է երկու կարգապահական պատասխանատվության և աշխատանքային պայմանագիրը լուծվել է նրա հետ ոչ թե երրորդ այլ երկրորդ կարգապահական խախտումը թույլ տալու համար: Իսկ 18.05.2012 թ. Կենտրոնի դատական նիստի ընթացքում, պատասխանողի ներկայացուցիչ Մ.Սողոմոնյանը հայտնել է, որ հայցվորին միևնույն խախտման համար տրվել է երկու կարգապահական տույժ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Դումանյանին ու ռեկտորատի մյուս անդամներին ուղղակի պրոռեկտոր Ավետիսյանը ռեկտորատի նիստում մոլորեցրել է իր շինծու տեղեկությամբ,իսկ այդ ուսանողը սովորել է Ավետիսյանի հովանու ներքո:
Պարզ երևում է, որ դասախոսի գլխին գործ են սարքել, որպեսզի արագացված կարգով նրան ազատեն ամբիոնի վարիչի պաշտոնից և նրա փոխարեն իրենց կադրին նշանակեն (իսկ գուցե այդ ԳՐՈՀԱՅԻՆ ուսանողը ապագա ամբիոնի վարիչի բարեկամն է, կամ էլ ծառայության դիմաց, նրան հետո այդ առարկայից իր ուզած գնահատականն են դրել):
Ուշագրավն այն է, որ տվյալ ուսանողին պատժելու փոխարեն, նկատողություն են հայտարարել դասախոսին, այն էլ կրկնակի անգամ (որը օրենքի կոպիտ խախտում է): Այստեղ են ասում` ՍԵԼԸ ՉԻ ՃՌՌՈՒՄ, ՍԵԼՎՈՐՆ Է ՃՌՌՈՒՄ:
Հետաքրքիր կլիներ իմանալ, թե որևէ պատիժ կրել է այդ ԳՈՐԾ ՍԱՐՔՈՂ ուսանողը, ինչ առաջադիմություն ունի նա, արդյոք նա լավ ծառայության համար ՈՒՍԽՈՐՀՐԴԻ անդամ է ուզել դառնա, թե նա քչով բավարարվող տղա է և իր գնահատականն է պոկել ու դրանով բավարարվել):
Տուժողին` Ա. Մանուկյանին մաղթում եմ համբերություն և հետևողականություն` դատական և չինովնիկական այդ քաշքշուկներում չընկճվելու և գործը հաղթական ավարտին հասցնելու համար: