Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ահազանգ էր ստացվել այն մասին, որ «Գյումրու հացատանը», որը պատկանում է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր որդուն` Գառնիկ Գրիգորյանին և Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի նախկին պետ Հրայր Կարապետյանի որդուն` Հրաչ Կարապետյանին, պայթուցիկ է տեղադրված:
Տեղում աշխատող Գյումրու թիվ 40 հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Արմեն Կիրակոսյանը որոշակի մանրամասներ հաղորդեց այս թեմայի շուրջ: «Այսօր ժամ 11.00-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ հերթապահն ահազանգ է ստացել ոստիկանության կողմից, որ Հաղթանակի 1/1 Գյումրի «Գյումրու հացատուն» կոչվող սրճարանում ական է դրված: Մեր մեքենան` անձնակազմով, օպերատիվ կերպով ներկայացել է դեպքի վայր, հրավիրվել են ոստիկանության աշխատակիցներ և հայկական բանակի ականազերծող մասնագետներ: Համատեղ ուժերով ստուգել ենք արտաքին ու ներքին տեղամասերը, սենյակները և պարզել, որ ոչ մի ական էլ չկա: Կատարված աշխատանքների հետևանքով և մասնագետների որոշմամբ՝ այստեղ ական տեղադրված չէ և հավանական է, որ զանգը եղել է կեղծ»:
Զանգը ՌԴ-ից հնչեցնելու կապակցությամբ էլ փոխգնդապետն ասաց. «Զանգը, այո, հնչել է ռուսական համարով, թեև ամեն տեղից էլ կարող են զանգել, երևի չար կատակ է մեկի կողմից, էդ հարցերը ոստիկանության ու քննչականի աշխատակիցները ճշտում են: Անմիջապես, տարհանվել են բոլորը, ամբողջ տարածքը, ինչպես տեսնում եք, մենք սահմանազատել ենք անվտանգության ժապավենով, մարդկանց դուրս ենք հանել անվտանգ գոտի, և երթևեկությունը ավտոտեսչության աշխատակիցների կողմից կասեցվել է, որպեսզի ժողովրդի համար լինի անվտանգ: Իսկ հիմա վտանգն անցած է, բոլորին թույլատրում ենք ներս մտնել և շարունակել իրենց բնականոն աշխատանքը»: