Այսօր առավոտյան ժամը 10.30 սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ է ստացել այն մասին, որ քաղաքի կենտրոնում գտնվող սպասարկման օբյեկտներից մեկում` «Գյումրու հացատանը», որը պատկանում է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր տղային` Գառնիկ Գրիգորյանին և Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պաշտոնազրկված երկարամյա պետ Հրայր Կարապետյանի որդուն` Հրաչ Կարապետյանին, պայթուցիկ է տեղադրված: Մինչ ոստիկանությունը շրջափակել է տարածքը ու աշխատանքներ է կատարում` փորձելով հայտնաբերել ռումբը, ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից Aravot.am-ին փոխանցեցին` ահազանգը, որը հնչել է ՌԴ-ից, 99 տոկոսով կեղծ է , ոստիկանները ոչինչ չեն հայտնաբերել:
Նշենք, որ ուղիղ երկու տարի առաջ ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգ էր հնչել նաև Գառնիկ Գրիգորյանին պատկանող մեկ այլ օբյեկտի` Ռիժկովի ճեմափողոցի վրա գտնվող «Դել մար» կինոսրճարանի մասին: Հավելենք, որ «Գյումրի հացատան» հիմնական հաճախորդները Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողներն են:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ