Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաչակիրներ» կազմակերպության նախագահի ցմահ ազատազրկումը մնաց անփոփոխ

Հուլիս 06,2014 11:37

«Մենք մերոնցով» թերթի գլխավոր խմբագրի եւ նրա ամուսնու սպանության գործը կբողոքարկվի երրորդ ատյան: Այդ մասին այսօր Aravot.am-ին ասաց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, պաշտպան Նարինե Ռշտունին:

Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որը բողոքարկել էին ցմահ ազատազրկման դատապարտված Վաղարշակ Աբաջյանն ու նրա որդին, պաշտպաններ Ռուբեն եւ Նարինե Ռշտունիները: Ըստ Նարինե Ռշտունու՝ դատարան հրավիրվեցին փորձագետները, հարցաքննվեցին: «Եւ մենք ավելի շատ ենք գտնում, որ գործում շատ են չփարատված կասկածները: Որոշումը դեռ չենք ստացել, չենք տեսել, թե դատարանն իր պատճառաբանական մասում ինչ հիմնավորումներ է կատարել»,-ասաց փաստաբանը:

Ազատամարտիկ, «Խաչակիրներ» հասարակական կազմակերպության նախագահ Վաղարշակ Աբաջյանը դատապարտվել էր պատժի առավելագույն չափի այն բանի համար, որ նա իր ծանոթ, «Մենք մերոնցով» թերթի գլխավոր խմբագիր Ալվարդ Աբրահամյանին «բարեխիղճ մոլորության մեջ գցելու եղանակով», կեղծ խոստումներով, նրա մտերիմներ Արմենուհի Ստեփանյանին, Վարդիշաղ Եղիազարյանին և Ազգանուշ Սրապյանին խաբելով հայտնել է, թե իբր նրանց համար կարող է շուկայական գներից ակնհայտ ցածր գներով բնակարաններ ձեռք բերել Երևանում: Վաղարշակ Աբաջյանը Ալվարդ Աբրահամյանի միջոցով 2011թ. ամռանը Երևանի Կենտրոն վարչական շրջանի տարածքում ստացել և Ազգանուշ Սրապյանից խարդախությամբ հափշտակել է 5000 ԱՄՆ դոլար, Արմենուհի Ստեփանյանից` 12.000 ԱՄՆ դոլար, իսկ Վարդիշաղ Եղիազարյանից` 10000 ԱՄՆ դոլար գումար` ընդհանուր` 27.000 ԱՄՆ դոլար գումար:

Բժշկական համալսարանի ուսանող Հակոբ Աբաջյանն էլ դատապարտվել էր այն բանի համար. որ հոր` Վաղարշակ Աբաջյանի կողմից 2011թ. օգոստոսի 31-ին ժամը 15-ի սահմաններում, Ալվարդի ամուսնու` Յուրիկ Սրաբյանի վստահությունը չարաշահելու միջոցով խաբեությամբ` Սևանա լճից խեցգետնի որս և առևտուր կազմակերպելու պատրվակով, Երևանի Այգեստան 10-րդ փողոցի թիվ 22 հասցեում գտնվող, իրենց պատկանող առանձնատան բակից «Մերսեդես» մակնիշի 11 ՍՕ 138 համարանիշի ավտոմեքենայով նրան առևանգել և տեղափոխել են Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղի` Սևանա լճի հարևանությամբ գտնվող կիսակառույց շինության տարածք: Նշված շինությունում Հակոբ և Վաղարշակ Աբաջյանները հարվածելու և ձեռքերով խեղդելու եղանակով դիտավորությամբ, ապօրինաբար կյանքից զրկել` սպանել են Յուրիկ Սրաբյանին: Ըստ դատավճռի, Հակոբ Աբաջյանը, ստուգելով և համոզվելով, որ Յուրիկ Սրաբյանն սպանված է, Վաղարշակ Աբաջյանի հետ Յուրիկ Սրաբյանի դիակից հանել են հագուստները, դին գցել նշված շինության մոտ գտնվող փոսի մեջ և քարերով ծածկել, իսկ հագուստները նետել են Գավառ-Երևան ավտոմայրուղու տարբեր հատվածներում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031