Բալով պատրաստված այս կարկանդակը այնքան համեղ է, որ ուղղակի հալվում է բերանում: Քանի դեռ բալի սեզոնը չի ավարտվել, պատրաստեք, եւ դրանից հետո միշտ անհամբեր սպասելու եք հունիսին, որ կրկին ու կրկին պատրաստեք այս համեղ թխվածքը:
Անհրաժեշտ մթերքները
Թարմ բալ- 1 կգ
Կարագ կամ յուղ- 200 գրամ
Շաքարավազ- 200 գրամ
Ձվի դեղնուց- 3 հատ
Ալյուր-2-3 բաժակ
Սոդա- 0,5 թեյի գդալ
Պատրաստման եղանակը
Բալը լվանալ, ազատվել պոչերից:
Սենյակային ջերմաստիճանի հասած կարագը լավ հարել շաքարավազի հետ մինչեւ սպիտակի, ավելացնել ձվի դեղնուցները, շարունակել հարել, մինչեւ դառնա միատարր զանգված: Ավելացնել սոդան, ապա քիչ-քիչ ավելացնել ալյուրը: Պետք է լինի շատ փխրուն, փշրվող խմոր: (Երբեմն այս կարկանդակը պատրաստելիս նաեւ 1 ճաշի գդալ կաթ եմ ավելացնում, այդ դեպքում խմորը լինում է շատ փափուկ, ոչ փխրուն: Երկու տարբերակով էլ շատ համեղ է, կարող եք փորձել երկու ձեւով էլ):
Կարդացեք նաև
Ձեռքերով տպտպացնելով խմորի 2/3-ը տարածեք ջեռոցի թավայի վրա: Սկսեք բալերը կորիզահան անել եւ գրքի նման բացած շարել խմորի վրա: Ոչ մի բաց հատված չպետք է մնա, ամբողջությամբ ծածկեք բալով:
Փխրուն խմորի մեկ երրորդը փշրեք բալի վրա: Եթե կաթ եք խառնել խմորին, ու այն շատ փափուկ խմոր է դարձել, կարող եք փոքր-փոքր շրջանակներ անել, շարել բալի վրա:
Դնել նախապես 180 աստիճանի վրա տաքացրած ջեռոցը: Երբ խմորը վարդագունի՝ պատրաստ է: Բարի ախորժակ:
Պատրաստեց
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
«Առավոտ»
05.07.2014