Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մայր Աթոռում կատարվեց Հին Վեհարանի վերաբացման արարողությունը

Հուլիս 05,2014 21:36

Հուլիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Հին Վեհարանի վերաբացման հանդիսավոր արարողությունը: Պատմական կառույցը հիմնանորոգվել ու բարեկարգվել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանի և տիկին Վերա Սեդրակյանի ազնիվ բարերարությամբ:

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, Մայր Աթոռի միաբաններ, Հին Վեհարանի բարերարները և ՀԲԸՄ անդամներ, ինչպես նաև կրթության ու մշակույթի գործիչներ:

Արարողությունը սկսվեց Տերունական աղոթքով, ապա հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի և մասնակցությամբ հոգևորականաց դասի կատարվեց օրհնության կարգ: Հավարտ արարողության, ներկաներին իր օրհնությունը բաշխեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Փառք և գոհություն ենք բարձրացնում առ Աստված, որ մեր կյանքից ներս առատորեն շնորհներ է հեղում, որոնցով բարեզարդվում է և պայծառանում մեր Ս. Եկեղեցին իր առաքելության մեջ: Մենք գոհություն ենք հայտնում Աստծուն, որ այսօր ձեզ հետ միասին բացում ենք դռները Հին Վեհարանի», – նշեց Վեհափառ Հայրապետը:

Այս առիթով  Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունը բերեց Հին Վեհարանի նորոգությունը հանձն առած Հայ Եկեղեցու և ազգի նվիրյալ զավակներ տեր և տիկին Պերճ և Վերա Սեդրակյաններին` մաղթելով, որ Երկնավոր Տիրոջ Աջը միշտ տարածյալ մնա Սեդրակյան ընտանիքի վրա: «Նրանք նույնպես ցանկացան բարի հիշատակ ունենալ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, որովհետև ապրել են Ս. Էջմիածնով և իրենց առաքելության մեջ միշտ կարևոր տեղ է ունեցել Մայր Աթոռ Ս. Էջմիածինը», – ասաց Հայոց Հայրապետը` գնահատանքով վկայելով նաև, որ ՀԲԸՄ նախագահ տիար Պերճ Սեդրակյանը մշտապես կարևորել է համագործակցությունը Հայ Եկեղեցու և ՀԲԸՄ-ի միջև` այն հավատով, որ համատեղ գործունեությունը պիտի գա զորացնելու ազգային կյանքը, նպաստելու Հայ Եկեղեցու ազգապահպան առաքելության առավել արդյունավետ իրականացմանը հատկապես Սփյուռքում:

hin veharanՀին Վեհարանի վերաբացման առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր գնահատանքը հայտնեց նաև Մայր Աթոռի բարեկարգման գործին տարիներ շարունակ իրենց կարևոր նպաստը բերող տիար Գագիկ Գալստյանին և «Հորիզոն 95» շինարարական ընկերության աշխատակիցներին` մաղթելով գեղեցիկ իրագործումներով շարունակել հայրենի երկիրը շենացնելու իրենց բարի ծառայությունը:

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն աղոթքով հայցեց Բարձրյալից, որ խաղաղությունն ուղեկից դարձնի Հայոց աշխարհին և աշխարհասփյուռ հայորդիներին, որպեսզի գոհաբանությամբ և նվիրյալ աշխատանքով կարողանան պայծառացնել հայ կյանքը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:

Այնուհետև Հայոց Հովվապետը և Սեդրակյան ամուսինները, հատելով Հին Վեհարանի մուտքի կարմիր ժապավենը, կատարեցին բացումը հիմնանորոգված Հին Վեհարանի, շրջեցին սրահներում, դիտեցին ցուցադրվող բարձրարվեստ արժեքավոր եկեղեցական-ծիսական ցուցանմուշները:

Ղազար Ա Ջահկեցի Ամենայն հայոց Կաթողիկոսի գահակալության շրջանում`1738-1751 թթ.-ին, Հայոց Կաթողիկոսարանը Ս. Էջմիածնի Մայր Տաճարի արևմտյան կողմից փոխադրվում և հաստատվում է դեռևս Ս. Մովսես Գ Տաթևացի Հայրապետի շրջանում (1629-1632 թթ.) կառուցված երկհարկանի շենքի վերին հարկում: Մինչև 1962 թվականն Ամենայն Հայոց Հայրապետները բնակվել և իրենց գործունեությունն իրականացնել են Հին Վեհարանի շենքում: 1968 թ.-ին, պայմանավորված նոր Վեհարանի հիմնադրմամբ, լուսահոգի Վազգեն Ա Հայրապետի նախաձեռնությամբ և ազգային բարերար Ալեք Մանուկյանի աջակցությամբ Հին Վեհարանը նորոգվում է և սկսում գործել որպես թանգարան: 2010-14 թթ.-ի հիմնանորոգությունից հետո Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Հին Վեհարանում հաստատվում են Հայոց Հայրապետներին և արքաներին նվիրված ցուցասրահներ, որտեղ զետեղված են նրանց գեղանկարները, նվիրական առարկաներ և անձնական իրեր: Հովնաթանյանների ձեռքով նկարազարդված գահասրահում` «Ծաղկյա դահլիճում», ցուցադրվում է 400 տարվա հնություն ունեցող Սրբալույս Մյուռոն: Այստեղ է նաև 1837 թ.-ին Մադրասում պատրաստված Հայոց Հայրապետների պատմական գահը և Հայրապետական արծիվը, որ պատկանել է Փիլիպոս Ա Աղբակեցի Ամենայն Հայոց Կաթողիկոսին (1632-1655 թթ.): Սրահներից մեկում ցուցադրության են դրված նաև Կոմիտաս վարդապետին պատկանած իրեր, ներկայացված են հայկական արծաթագործության և ասեղնագործության եզակի ստեղծագործություններ, ծիսական պարագաներ:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին                   

Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031