Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան (ՀՈւԱԱ) այսօր «Քննարկելով Բոլոնիայի գործընթացը» թեմայով սեմինար էր կազմակերպել Հայաստանում Եվրոպական միության կենտրոնում:
Սեմինարի կազմակերպման հիմնական նպատակներից մեկը ուսանողների իրազեկվածության աստիճանի բարձրացումն է:
Ինչպես Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի (ՀՈւԱԱ) փոխնախագահ Սարգիս Ասատրյանցն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, ուսանողներից շատ քչերը բավարար չափով գիտելիքներ ունեն Բոլոնիայի գործընթացի վերաբերյալ. «Պատկերացումները, ընդհանուր առմամբ, շատ աղոտ են,- ասում է նա,- և սա գալիս է ավելի «վերևից». բուհի ղեկավարությունը չգիտի, և իր չիմանալը «փոխանցում» է դասախոսներին, վերջիններս էլ՝ ուսանողներին: Շատերի պատկերացմամբ՝ կրեդիտային համակարգն ընդամենը գնահատման համակարգ է, բայց դա այդպես չէ, իրականում այն շատ ավելի լայն հասկացություն է, և ժամանակ առ ժամանակ կազմակերպվող այսպիսի սեմինար-քննարկումները, որոնց ընթացքում հիմնականում անդրադառնում ենք գործընթացի ձեռքբերումներին ու թերացումներին, նաև նպատակ ունեն պատշաճ մակարդակի հասցնելու ուսանողության գիտելիքներն այս ուղղությամբ»:
Արևելագետ, բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Սամվել Կարաբեկյանը (լուսանկարում) Բոլոնիայի գործընթացին միանալը շատ ճիշտ քայլ է համարում և կարծում է, որ պետք է մտածված ու իրական քայլերով գնալ այդ ուղղությամբ. «Քո նպատակներն ու խնդիրները միշտ արդիական պիտի լինեն, համահունչ ժամանակակից պահանջներին: Եթե ուզում ես զարգանալ, չես կարող որպես հենք ունենալ այն, ինչ ժամանակավրեպ է, անգամ եթե լավ է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարոն Կարաբեկյանը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով բոլոնյան գործընթացին մեր մասնակցությանը՝ Ս. Կարաբեկյանն այստեղ հատկապես երկու հանգամանք կարևորեց. «Նախ՝ Բոլոնիայի գործընթացին մասնակցել նշանակում է եվրոպական բարձրագույն կրթական տարածք ձևավորելու գործընթացին մասնակցել և մասնակցել մնացած բոլոր երկրների հետ հավասար՝ ոչ միայն վերցնելով, այլև ներդնելով քո սեփական պատկերացումներն ու ձեռքբերումները: Այսինքն՝ դա կոլեկտիվ մի գործընթաց է, որին մասնակցում ես նաև դու: Դա պարտադրանք չէ, ոչ էլ մի կառույց է, որին մենք միացել ենք որպես վերադասի, և այդպես ընկալելով՝ առաջնորդվում ենք նրա ցուցումներով: Ո´չ. դա կենդանի մի պրոցես է, որը մեծ թվով համալսարանների և ազգային համակարգերի համագործակցություն է, որտեղ մենք իրավահավասար ենք:
Բացի այդ, դա կարևոր է մեզ համար հենց այն պատճառով, որ ժամանակակից աշխարհում դու չես կարող որևէ ճյուղ, մասնավորապես, բարձրագույն կրթությունը զարգացնել, առանց ինտեգրված լինելու ավելի խոշոր համակարգերի, միավորումների, գործընթացների: Հետևաբար, ես ինքս դա դիտարկում եմ որպես եզակի հնարավորություն՝ կարողանալ ունենալ զարգացած կրթական համակարգ»,- ընդգծեց բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետը:
Ինչ վերաբերում է Բոլոնիայի գործընթացին մեր միանալուց ի վեր՝ շուրջ տասը տարվա ընթացքում գրանցված ձեռքբերումներին և թերացումներին, մեր զրուցակիցը նկատեց, որ դրանց մասին խոսելիս պիտի, նախ և առաջ, նկատի ունենանք վերոնշյալ առաջին կետը, այսինքն՝ թե որքանով ենք մենք ճիշտ ու հստակ պատկերացնում մեր անելիքներն ու դերակատարությունն այս ամենում, և հավելեց. «Ինչպես բոլոր դեպքերում, այս դեպքում ևս կարիք կա որոշակի կառուցվածքային փոփոխությունների: Դու պիտի կառուցվածքային առումով համապատասխանեցնես քո համակարգն այն հիմնական սկզբունքներին, որոնցով ընթանում է այդ գործընթացը: Օրինակ՝ անցումը կրեդիտային համակարգին կամ որակի ապահովման մեխանիզմների ներդրումն այդ կառուցվածքային փոփոխություններից են»:
Պարոն Կարաբեկյանի դիտարկմամբ՝ կառուցվածքային վերափոխումների առումով, կարծես թե, մենք զգալի ձեռքբերումներ ունենք. «Համենայն դեպս, գոնե շրջանառությունից արդեն դուրս է եկել կրթության երկաստիճան, հետագայում նաև եռաստիճան բաժանման արդարացված-չարդարացված լինելու հարցը,- ասում է Ս. Կարաբեկյանը,- այս բանավեճերը կարծես թե դադարել են, և դա արդեն իսկ մեծ նվաճում է: Նույնը կարելի է ասել նաև կրեդիտային համակարգի մասին, որը, չնայած ընկալման բոլոր այն թերություններին և գործառության հետ կապված կազմակերպչական ու բովանդակային բարդություններին, կարծես թե, նույնպես «իրականություն է դարձել»:
Իսկ այն, ինչ չի հաջողվել անել այս ընթացքում, փորձագետն այսպես ձևակերպեց. «Գլխավոր խնդիրը բարեփոխումներն իրական ուսումնական, կրթական հարաբերություններով բեռնելն է, այդ բարեփոխումների ողջ տրամաբանությունը լսարան տեղափոխելը, որովհետև դու կարող ես շատ բաներ ունենալ, բայց եթե լսարանում քիչ բան է փոխվել, այդ ամենը չի ամրապնդվի իրական կրթական պրակտիկայում: Այս առումով այս փուլում ես կառանձնացնեի կրթական ծրագրերի, դասընթացների կազմակերպման, դասավանդման մեթոդների, ուսումնառության մոտեցումների, ձևերի բազմազանություն, այլ խոսքով ասած՝ բարեփոխումների ընթացքն իրական կրթական, մանկավարժական բովանդակության բեռնելն է: Հիմա սա է առաջնահերթ խնդիրը, և ես կարծում եմ, որ մեր հետագա հաջողությունները կախված կլինեն նրանից, թե որքանով է մեզ հաջողվել այդ խնդիրը լուծել»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԵՊՀ ուս. վարչության պետ Հրանտ Ժամհարյանի ,,գլխում,, ինչ որ կա` դա էլ համարվում է բոլոնյան գործընթաց…