Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանում 50 միլիոն դրամի ոսկեղենի գողության մեջ մեղադրվողը Մոսկվայում ավելի խոշոր գողության համար «նստած է»

Հուլիս 05,2014 18:24

2012թ. դեկտեմբերի լույս 25-ի գիշեը Իջեւան քաղաքի Երեւանյան փողոցում գտնվող, քաղաքի ավագանու անդամ Արտակ Խաչատրյանի ոսկու խանութից գողացել են 50 միլիոն դրամի ոսկե եւ արծաթե զարդեր: Այդ կապակցությամբ հարուցված քրեական գործով, ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրվում է Իջեւան քաղաքի բնակիչ, ծագումով Բերդի տարածաշրջանից, 1981թ. ծնված Գագիկ Սարգսյանը:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ նա գողությունը կատարել է Երեւանի բնակիչ Մհեր Խլղաթյանի հետ: Սույն գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:

Սույն դատավարության հուլիսի 4-ի նիստում լսվեց քրեական գործով նախկին մեղադրող Յուրի Բաղյանի կողմից 2014թ. ապրիլի 26-ին դատարան ներկայացված միջնորդությունը, որով մեղադրողը, տուժողի ցուցմունքի հիման վրա, պահանջել է փոփոխություն կատարել առաջադրված մեղադրանքում, գողությամբ պատճառված վնասը համարել 66 միլիոն դրամ:

Ամբաստանյալի պաշտպաններ Գուրգեն Հարությունյանը եւ Ռուբեն Հակոբյանն առարկեցին այդ միջնորդության դեմ, նշելով, որ դատարան ներկայացված փաստաթղթերով չի ապացուցվում, որ գողությամբ պատճառված վնասը կազմում է 50 կամ 66 միլիոն դրամ: Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռեց, որ այս միջնորդությանն կանդրադառնա վերջնական դատական ակտ կայացնելու ժամանակ:

Այնուհետեւ դատարանը պետք է սկսեր ամբաստանյալ Գագիկ Սարգսյանի հարցաքննությունը: Վերջինս ընդմիջում խնդրեց, որպեսզի խորհրդակցի իր պաշտպանների հետ: Նիստը վերսկսելուց հետո ամբաստանյալը հայտարարեց, որ ցուցմունք կտա գրավոր ապացույցները հետազոտելուց հետո:

Սկսվեց քրեական գործում առկա գրավոր ապացույցների հետազոտումը: Նիստի ընթացքում քրեական գործով նոր մեղադրող Ներսես Չիլինգարյանն ամբաստանյալին հարցրեց,թե Մհեր Խլղաթյանը նրա ի՞նչ բարեկամն է: Գագիկ Սարգսյանն ասաց, որ նա իր հորաքրոջ որդին է:

Նշենք, որ Մհեր Խլղաթյանը Մոսկվայում ոսկու խանութից առավել խոշոր չափերով գողության համար կալանավորված է: Այդ մասին ռուսական հեռուստաընկերություններից մեկը ռեպորտաժ է ցուցադրել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031