Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյան. ՀՀԿ-ն էլեկտրաէներգիայի թանկացման առաջին ընդդիմախոսներից է եղել

Հուլիս 05,2014 18:04

«Ես գիտեմ, որ Ռոբերտ Նազարյանը Հայաստանի Հանրապետությունում ամենահամեստ ապրող մարդկանցից մեկն է»,- այսօր՝ հուլիսի 5-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանը:

Նրա խոսքերով՝ թե՛ Սովետական միության տարիներին, թե՛ Հայաստանի Երրորդ Հանրապետության տարիներին Ռոբերտ Նազարյանը պետք է եղել երկրին եւ բոլորն էլ նրա կարողություններն օգտագործել են: Նա հիշեցրեց, որ Ռոբերտ Նազարյանը ԽՍՀՄ տարիներին էլ դեռ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել եւ օգտագործել է իր ինտելեկտը:

Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը՝ պարոն Բաղդասարյանը նշեց, որ ՀՀԿ-ն մեծ մտավախություններ ուներ եւ սակագնի բարձրացման առաջին ընդդիմախոսներից է եղել, սակայն լուրջ քննարկումներից հետո նրա անդամները հասկացել են, որ այս փուլում այլընտրանք չկա: Նրա խոսքերով՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներն ամենից շատ էին դեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը: Վահրամ Բաղդասարյանը պատահական չի համարում, որ մինչեւ հանձնաժողովի նիստը կառավարությունում շատ երկար քննարկում է եղել.

«Հանձնաժողովը մինչեւ վերջ ընդդիմացել է, եւ Ռոբերտ Նազարյանն ամենամեծ ընդդիմախոսն է եղել եւ ելքեր էր ցանկանում գտնել: Վերջնական արդյունքում համոզվեցին, որ այլընտրանք չկա այս պայմաններում»:

Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ ընդդիմությունը ստեղծված իրավիճակը ցանկացել է այլ կերպ օգտագործել, այսինքն՝ ոչ թե քննարկումների արդյունքներն էին ցանկանում մատուցել հանրությանը, այլ փողոցում հավաքված մի քանի տասնյակ մարդկանց ավելի էին հրահրում:

Անդրադառնալով՝ այսօր ժամը 22:00-ին մի խումբ քաղաքացիների՝ մեկ ժամով էլեկտրականությունը անջատելու բողոքի ակցիային՝ պարոն Բաղդասարյանը նշեց, որ եթե իրենք լինեին, այն կարծիքին, որ պետք չէ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, նրանք առաջինը կմասնակցեին այդ ակցիային.
«Բայց քանի որ մենք մանրակրկիտ եւ մանրամասն ուսումնասիրել ենք հնարավորությունները եւ տարբերակները, այդ դեպքում բողոքի ակցիային մասնակցելու իմաստ չեմ գտնում»:

Լրագրողի դիտարկմանը, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ խոշոր գործարարների դեմ դրած ժամկետը լրացել է, բայց կարծես թե արդյունքը չի երեւում, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ հուլիսի 1-ը նոր է լրացել եւ պետք է համբերել.
«Վարչապետը պետք է հետեւողական լինի իր առաջարկին, եւ ինքը հետեւողականորեն արդեն սկսել է ոչ միայն ՓՄՁ-ներին, այլ նաեւ խոշորներին հետամուտ լինել: Կարծում եմ պետք չէ շտապել. Հուլիսի 1-ից հետո ուզո՞ւմ եք այդ արդյունքները տեսնել»:

Հարցին, թե էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից հետո սպասվող գնաճի պայմաններում արդյո՞ք կառավարության որոշումը սոցիալական նպաստները բարձրացնել 1000 դրամով կկարողանա փոխհատուցել անապահով ընտանիքներին, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ գնաճի հետ կապված բավականին լուրջ վերահսկողություն պետք է սահմանել.
«Նման պայմաններում պատկան մարմինները պետք է վերահսկողություն սահմանեն գնաճի հետ կապված, որպեսզի մենք չունենանք ցնցումներ: Ես չեմ ուզում դեպքերից առաջ ընկնել եւ ենթադրություններ անել, որ առաջին անհրաժեշտության ապրանքները պետք է այսքան տոկոսներով թանկան: Համբերենք, կտեսնենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031