«Սերժ Սարգսյանը հստակ հայտարարել է իր դիրքորոշումները, եւ ընդհանուր առմամբ՝ պետք չէ դեպքերից առաջ ընկնել, սպասենք սահմանադրական բարեփոխումներին»,-այսօր՝ հուլիսի 5-ին, «Պոստ Սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանը:
Նրա խոսքերով՝ Եվրասիական տնտեսական միության համաձայնագիրը ստորագրումը հետաձգվել է, քանի որ կան մի քանի տեխնիկական հարցեր: Նա նշեց, որ պայմանագիրն արդեն պատրաստ է եւ ուղարկված է Եվրասիական միության անդամ երկրներին, որոնց կարծիքներից հետո՝ ամռան ընթացքում էլ տեղի կունենա Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը.
«Շատ մոտ ապագայում՝ ամռանը, կլինի այդ հանդիպումը, որովհետեւ հանդիպումից առաջ պետք է այդ պայմանագրի մասին իրենց կարծիքը հայտնեն Բելառուսը, Ռուսաստանը եւ Ղազախստանը: Ինձ թվում է՝ ավելի ճիշտ է, որ վերջնական իրենց դիրքորոշումները ճշտած լինեն այդ միության մեջ մտնող կազմակերպությունները, որից հետո այդ հանդիպման արդյունքում կլինի հանգուցալուծումը»:
Պարոն Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանը որեւէ նախապայմաններ չի ընդունելու եւ շարունակելու է այնպես, ինչպես նախօրոք որոշվել էր եւ հավասարը հավասարի պայմաններով անդամակցելու է Եվրասիական տնտեսական միությանը: Նրա խոսքերով՝ իրենք ցանկություն էլ չունեն, որ որեւէ մեկը այդ պայմանավորվածությունից շեղվի, այդ իսկ պատճառով նոր պայմաններ չեն կարող առաջ գալ.
Կարդացեք նաև
«Խանգարող խոչընդոտներ չկան, այն բոլոր տեխնիկական խոչընդոտները, որոնք եղել են, դրանք արդեն ժամկետների մեջ վերացված են եւ հաջորդ հանդիպումը, երբ նշանակվի, դա կլինի ինչպես Ղազախստանի արտաքին գործերի նախարարն էր ասել՝ հոկտեմբերին, իսկ Վլադիմիր Պուտինը իր դիվանագիտական կորպուսի հետ հանդիպման ժամանակ հստակ հայտարարեց, որ մոտ ապագայում Հայաստանը կանդամակցի Եվրասիական միությանը, իսկ եթե Եվրասիական միությանը անդամակցելու նոր պայմաններ լինեն Հայաստանը միանշանակ հավասարը հավասարին պայմաններով պատրաստ է անդամակցել Եվրասիական միությանը»:
Անդրադառնալով մի խումբ ամերիկահայերի՝ Տիգրան Սարգսյանի ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակման դեմ ստորագրահավաք կազմակերպելու փաստին՝ Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ այդ ստորագրահավաքը պարզապես ինչ-որ մարդկանց ցանկությունն է.
«Դա պարզապես մի շոու է, եւ եթե ուշադիր հետեւել եք Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի կարծիքին՝ այդ նշանակության հետ կապված, կամ հարյուր հազարավոր հայերի կարծիքին, ինձ թվում է, այդ ընթացքում կարող են գտնվել անհատներ, որ ստորագրահավաքներ կազմակերպեն: Ես այդքան լուրջ չեմ վերաբերում այդ ստորագրահավաքին»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Այ, հենց այդպես, ձեր գողությունն ու հանցանքները թաքցնելով` երկիրը քայքայել եք, ժողովրդին էլ` սովի մատնել…
Եվ անամոթաբար դա շոու և անհատների ձեռքի գործն եք համարում…???
Ժողովրդի նզովքին եք արժանացել և դա չեք ուզում տեսնել և ջայլամայի կեցվածք եք դրսևորում…
ԱՄՈԹԸ ձե’զ համար չէ…!!!