Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը կա, բայց այն առաջնային խնդիր չէ». Իրավաբան

Հուլիս 05,2014 15:32

«Ի Էլ էլ գործընկերություն» իրավաբանական ընկերության տնօրեն, միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը, այսօր «Արմատ» մամուլի ակումբում խոսելով Հայաստանի սահմանադրության օրվա մասին, նշեց, որ առաջին անգամ հայկական սահմանադրությունը դրսեւորվել է 18 դարում՝ Կալկաթա գաղթօջախում, երբ ներկայացվել էր, թե ապագա Հայաստանի պետականությունը ինչ կառուցվածք պիտի ունենա։

Իրավաբանի ներկայացմամբ՝ ժամանակակից գրեթե բոլոր երկրները ունեն սահմանադրություն , որը պետության կարեւորագույն հենասյուներից մեկն է։ «Սահմանադրությունը համարվում է իրավական մշակույթի արտացոլում։ Ինչպիսի իրավական մշակույթ է ներկայացնում պետությունը, այդպիսի սահմանադրություն էլ պետք է ունենա»։

Պրն Սիմոնյանը, անդրադառնալով Հայաստանի սահմանադրությանը, տեղեկացրեց, որ Հայաստանի սահմանադրությունը, որն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին, նախագիծը իր հիմքով վերցրել էր ֆրանսիական սահմանադրությունից։ «Այն մշակվել էր եւ հարմարեցվել էր մեզ։ 2005 թվականին, երբ փոփոխություններ կատարվեցին սահմանադրությունում, ֆրանսիական սահմանադրությունից ավելի շատ սկսեց տարբերվել եւ ավելի շատ հարմարեցվեց մեր պետաիրավական մշակույթին»։

Իրավաբանի ներկայացմամբ ՝ գրեթե բոլոր սահմանադրությունները ենթարկվում են փոփոխությունների. «Դա բնական է, որովհետեւ իրավունքը, որն արտացոլվում է սահմանադրության մեջ, կենդանի օրգանիզմ է եւ անընդհատ պետք է գտնվի զարգացման փուլում»:

Նրա խոսքով՝ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը միշտ էլ կա. «Հայաստանը դեռեւս վերջերս է պետականություն ձեռք բերել, մենք չենք ունեցել հարյուրամյակների պետաիրավական կյանք»։

Իրավաբանի կարծիքով՝ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը կա, բայց այն առաջնային խնդիր չէ, քանի որ պետությունում ավելի հրատապ խնդիրների լուծման կարիք կա. «Այսօրվա սահմանադրությունը դեռեւս կենսագործված չէ, ամբողջությամբ իր էությունը չի արտացոլել հասարակության մեջ, եւ այդ պատճառով հասարակությունը չի գիտակցում դրանում առկա խնդիրները»։

Պրն Սիմոնյանի պնդմամբ՝ հասարակությունը պետք է գիտակցի, որ սահմանադրությունը ինքնուրույն չի կիրառվում. «Այն պայմանագիր է հասարակության եւ քաղաքական համակարգի կենտրոնական տարրի՝ պետության միջեւ։ Եթե պայմանագրի մի կողմը խախտվում է, մյուս կողմը պետք է պահանջի եւ կազմակերպի դրա կատարումը»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031