Լրահոս
Օրվա լրահոսը

Օլիգարխի շունը (Պատմվածք)

Հուլիս 05,2014 13:12

Տարիներ առաջ մեր մուտքի երկրորդ հարկի 5 սենյականոց բնակարանում «Փարավոն» անունով մի «օվչարկա» ցեղի շուն բնակվեց: Նա ժամանել էր Մոսկվայից տիկին Մարգոյի մեծ հարսի և թոռնիկների ուղեկցությամբ: Շենքի կենդանասեր երեխաները ուրախությամբ ընդունեցին շան գալուստը, բայց շուտով, երբ «Փարավոնը» իր անհանդուրժողական վերաբերմունքը ցույց տվեց նրանց նկատմամբ, սկսեցին վախենալ ու խույս տալ նրա հետ հանդիպելուց:

«Փարավոնը» սկսեց աջ ու ձախ հարձակվել թե մեծերի և թե երեխաների վրա, մարմնական և հոգեկան վնասվածք պատճառելով նրանց: Գիշեր, թե ցերեկ նրա համար միևնույնն էր, ինչքան ուզում, հաչում էր ու ոռնում, հո քաղաքակիրթ մա՞րդ չէր, որ հասկանար, թե խանգարում է շենքի բնակիչների հանգիստը:

Իհարկե, ոչ մեկը նրան նկատողություն չէր կարող անել կամ պատժել հասկանալի պատճառներով: Իսկ մնալով անպատիժ` նա նորանոր հանցանքներ սկսեց գործել: Հերթով կծոտում էր մեր շենքի երեխաների որևէ տեղը, այն փափուկ լիներ, թե ոսկրոտ, միևնույնն էր: Մեծերի նկատմամբ էլ բարյացակամ չէր:

Հարևանների համբերությունը վերջապես հատավ, և մի օր էլ տիկին Մարգոյին բանավոր բողոք ներկայացրին:

-Մեր «Փարավոնը» պրոպուսկով (պիտի ասեր` անցագրով) շուն է,-հոխորտաց տիկին Մարգոն:

-Հա’, Մոսկվայի անցագիր ունի, բայց հո հայկական էլ չունի,-պատճառաբանեցին հարևանները,- մեր երեխաների վրա հարձակվելու ու կծելու իրավունք էլ չունի, գոնե զբոսնելու դուրս բերելուց առաջ դնչկալ հագցրեք,-խնդրեցին հարևանները:

-Հարսս շուտով մեկնելու է, արձակուրդը վերջանում է-մի քիչ խեղճացավ տիկին Մարգոն:

Բայց անսալով հարևանների պահանջ-խնդրանքին` տիկին մարգոյի թոռնիկները «Փարավոնին» մի քանի օր դնչկալով զբոսանքի հանեցին, բնակիչներն էլ հավատացին խոստումներին, հարգեցին տիկին Մարգոյին ու լռեցին:

Բայց «Փարավոնը» հո քաղաքակիրթ մա՞րդ չէր, որ հասկանար, թե ինչ խոստումներ են տվել նրա տերերը: Երբ հերթական զբոսանքի տանելիս երեխաները «մոռացել էին» նրա դնչկալը հագցնել, նորից հարձակվեց մուտքի երեխաներից մեկի վրա, կծոտեց նրա փափուկ տեղը և լեղաճաք արեց:

Այս անգամ տուժածի մայրը համարձակ գտնվեց և ոչ ավել, ոչ պակաս զանգահարեց ոստիկանություն, բացատրեց, թե այսպես ու այսպես…

Ոստիկանության թաղային տեսուչը եկավ, զրուցեց շենքի բնակիչների հետ, այցելեց նաև տիկին Մարգոյին, պարզեց, որ շունը անօրինական է պահվում այդ տանը, գնաց ու երկար ժամանակ այլևս չերևաց:

Տիկին Մարգոն նորից մի քիչ վախեցավ, ձևացրեց, թե մարդասեր է, տուժած երեխայի տուն գնաց, ծնողներից ներողություն խնդրեց, ու բանը դրանով վերջացավ:

Սակայն «Փարավոնը» շարունակում էր իրեն պահել նույն ագրեսիվությամբ, ինչպես որ վայել է մոսկովյան անձնագրով շանը: Ամառն անցավ, «Փարավոնին» Մոսկվա տարան, հարևանները ժամանակավորապես ազատ շունչ քաշեցին…

Բայց բանը դրանով չավարտվեց: Հաջորդ տարվա ամռան կեսերին «Փարավոնը» կրկին ժամանեց Երևան` տիկին Մարգոյի մեծ հարսի և թոռների հետ` իր ամառային հանգիստը անցկացնելու:
Մեր մուտքի երեխաներն ու մեծերը նորից ահ ու դողի մեջ ընկան:
Ինչպես ասում են` չկա չարիք առանց բարիքի: «Փարավոնի» պատճառով երեխաները օրվա մեծ մասը տանն էին անցկացնում, գիրք էին կարդում, համացանցով զբաղվում, հեռուստացույց դիտում` բարձրացնելով իրենց թե’ կրթական և թե’ մշակութային մակարդակը: Բայց երեխան մնում է երեխա. բակ դուրս գալ է ուզում, խաղալ է ուզում: Ծնողներն էլ ստիպված հաճախ էին զիջում` թողնելով նրանց բակ դուրս գալու, ընկերների հետ խաղալու:

Եվ շատ չանցած «Փարավոնի» հերթական զոհը 5-րդ հարկի փոքրիկ Վարսենիկը դարձավ: Շունը հանկարծակի հարձակվել էր նրա վրա` պատճառելով հոգեկան և մարմնական վնասվածք: Նորից ծայր առավ հարևանների անթաքույց բողոքի ալիքը, բայց տիկին Մարգոն այս անգամ արդեն չարանենգորեն հոխորտաց.

-Ինչքան կուզեք, բողոքե’ք, ծանոթ էլ ունենք, փող էլ, բոլորի բերանն էլ կփակենք, չենք թողնի, որ «Փարավոնի» մազին դիպչեք:
Որպես գաղտնիք ասեմ, որ տիկին Մարգոյի կրտսեր տղան Երևանի առաջին «օլիգարխներից» է, նրա մոտիկ ընկերն էլ՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա, որի մոտիկ ընկերն էլ՝ ազգային ժողովի պատգամավոր, հասկացա՞ք:

Երևի դա էր պատճառը, որ «Փարավոնը» ապօրինաբար, առոք-փառոք ապրում էր մեր մուտքի 5 սենյականոց բնակարանում, ուզած ժամանակ կծում էր սրա նրա փափուկ կամ ոսկրոտ տեղերը, պարապ ժամանակ էլ պատշգամբից հաչում էր, ինչքան սիրտը ուզեր, գիշերվա մի պահի էլ հանկարծ ոռնոցն էր գցում, երևի կարոտում էր մոսկովյան իր բնակարանին: Ցերեկային ժամերին հենց նա սկսում էր հաչալ, սիրասուն մայրիկները իսկույն գլուխները պատուհաններից դուրս էին հանում ու երեխաներին տուն հրավիրում: Առօրյան մեր շենքում շատ հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ լարված էր անցնում:

Անցան տարիներ, «Փարավոնը» այլևս չկա, գուցե նա մահացել է (չեմ ասում սատկել է, որովհետև աստված մի’ արասցե, եթե հանկարծ տիկին Մարգոն այդ մասին իմանա, ինձ կախաղան կհանի): Կյանքը մեր մուտքում գորշացել է, տիկին Մարգոյի հետ կռիվ անող չկա, որովհետև նա տեղափոխվել է Հյուսիսային պողոտայի վրա գտնվող նոր, շքեղ բնակարան, երեխաներին ու մեծերին կծող շուն չկա, որովհետև «Փարավոնը»… սսս… ոստիկանություն զանգող ու տեսուչ հրավիրող չկա:

Երևի ժամանակն է, որ մեր շենքի բնակիչներից մեկնումեկը համարձակվի և իր տանը առյուծ կամ վագր պահի` ելնելով բնակիչների ընդհանուր շահերից:

Բայց, ախր, մեր շենքում հիմա հարուստ մարդ էլ չի ապրում, նրանք բոլորն էլ ժամանակին կամ առանձնատուն են կառուցել ու տեղափոխվել այնտեղ կամ էլ քաղաքի կենտրոնում էլիտար բնակարան են զբաղեցնում է,… մտածել է պետք այդ մասին, կյանքը շատ է գորշացել մեր շենքի բակում…

ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031