Լրահոս
Օրվա լրահոսը

Նամակ ոստիկանապետին. «անշարժ գույքերի» և «զբոսաշրջիկների» թիվը ոստիկանության համակարգում ավելի շատ է, քան Դուք և մենք էինք պատկերացնում

Հուլիս 05,2014 11:47
gasparyan

ՀՀ Ոստիկանապետ
գեներալ-լեյտենանտ
Վ. Ս. Գասպարյանին

Հարգելի Ոստիկանապետ
2014թ. ապրիլի 8-ին Ոստիկանության Գորիսի վետերանների անունից նամակով տեղեկացվել է Ձեզ այն մասին,որ վետերանների խորհուրդը, վետերանները դատապարտում են Սյունիքի մարզային վարչության պետ Վ. Ավագյանի և Կապանի բաժնի նախկին պետ Վ. Գևորգյանի կողմից ս/թ ապրիլի 7-ին իրենց ծառայողական դիրքն ի չարը գործադրելու,ինչպես նաև ծառայողական լիազորությունների սահմանն անցնելու համար,որով արատավորվել է վետերանների պատիվն ու արժանապատվությունը:

Ուղարկված մեր նամակը մինչև 2014թ. հունիսի 17-ը մնացել է անպատասխան, որի պատճառով կրկին անգամ գրավոր կարգով ահազանգել ենք Ձեզ:

2014թ. հունիսի 27-ին ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացվել է անհասկանալի, իրականության հետ որևէ կապ չունեցող, վետերանների պատիվն ու արժանապատվությունը ավելի արատավորող պատասխան նամակ, որի բովանդակությանը ծանոթանալով հանգում ենք մի եզրակացության՝ պարզվում է, որ «անշարժ գույքերի» և «զբոսաշրջիկների» թիվը ոստիկանության համակարգում ավելի շատ է, քան Դուք և մենք էինք պատկերացնում:

Կրկին անգամ ցանկանում եմ նշել,որ 2014թ. ապրիլի 7-ին Կապանում նախատեսված խորհրդակցությանը մենք ներկայացել ենք Ոստիկանության Գորիսի բաժնի ղեկավարության հանձնարարությամբ և պահանջով,և խորհրդակցությանը մեկնել ենք ոստիկանության Գորիսի բաժնի պետի տեղակալ Ա. Դադալյանի ուղեկցությամբ: Խորհրդակցությանը մասնակցելու կամ չմասնակցելու տարիքային սահմանափակման մասին որևէ քննարկում կամ խոսակցություն չի եղել, այդ խորհրդակցությանը մասնակցել են նաև 60-ից բարձր տարիք ունեցող բազմաթիվ վետերաններ,այդ թվում նաև մեզ հետ Գորիսից Կապան ժամանած ոստիկանության վետերան Օ. Մաշուրյանը (69 տարեկան):

ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության վարչության պատասխանատուները առաջին հերթին պետք է ուսումնասիրեին և պարզեին նշված խորհրդակցությանը իմ՝ Ոստիկանության Գորիսի վետերանների խորհրդի նախագահի մասնակցությունը արգելելու իրական պատճառը (ի դեպ խորհրդի նախագահ Ռ. Հակոբյանի 61 տարեկանը լրանում է 2014թ. սեպտեմբերի 6-ին): Վարչության պետ Ա. Հակոբյանը և նրա աշխատակից Ա. Բդոյանը ինչպե՞ս են պարզել 07.04.2014թ. Ոստիկանության Կապանի պահպանության բաժնի շենքում տեղի ունեցածը, եթե չեն հարցաքննել, կամ չեն լսել Կապան մեկնած վետերաններ Ռ. Հակոբյանին, Յու. Միրզոյանին և Օ. Մաշուրյանին, ինչպես նաև Ոստիկանության Գորիսի բաժնի պետի տեղակալ Ա. Դադալյանին:

Մեծարգո Վլադիմիր Սերգեյի.
ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության վարչության աշխատակիցները նաև պետք է ուսումնասիրեին և պարզեին Ոստիկանության Գորիսի վետերանների խորհրդի նախագահ Ռ. Հակոբյանի և Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Վ. Ավագյանի միջև տևական ժամանակ «ծավալված հակամարտության» իրական դրդապատճառները:

Դրդապատճառներից գլխավորը վետերանների խորհրդի նախագահ Ռ. Հակոբյանի և վետերանների մասնակցությամբ վերջին ամիսների ընթացքում բացահայտված և հայտարարությունների,հրապարակումների տեսքով ներկայացված տնտեսական բնույթի բազմաթիվ հանցագործությունների դեպքերն են՝ կատարված Գորիսի քաղաքային և մարզային նախկին իշխանությունների ներկայացուցիչների կողմից, որը «անհարմար» վիճակի մեջ է դրել մարզային վարչության պետ Վ. Ավագյանին:

Հարգարժան գեներալ-լեյտենանտ.
Տնտեսական բնույթի բազմաթիվ հանցագործությունների բացահայտման համար վետերաններին խրախուսելու փոխարեն Ձեր ենթակաները բռնել են նրանց շանտաժի ենթարկելու, ստելու, վետերանների պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու արատավոր ճանապարհը:

Ոստիկանության Գորիսի վետերանները (ինչպես նաև իրավապահ մյուս մարմինների վետերանները) հորդորում և խնդրում են Ձեզ, օր առաջ համակարգը ազատել «անարդարության կողքին կանգնածներից», «վախեցածներից», «փախչողներից» և «շողոքորթողներից»:

Աստված Ձեզ հետ

Ոստիկանության վետերանների անունից՝
Ոստիկանության Գորիսի վետերանների
խորհրդի նախագահ
Ռ. Հակոբյան
05.07.2014թ.
Ք. Գորիս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031