Հայաստանում գրեթե ամեն օր խախտվում են Սահմանադրության գրեթե բոլոր հոդվածները:
Հայաստանի գրեթե բոլոր իշխանությունները, բացառությամբ առաջին իշխանության, որի ժամանակ ՀՀ-ն դեռևս սահմանադրություն չուներ, արտադրվել ու վերարտադրվել են Սահմանադրության երկրորդ հոդվածի կոպտագույն խախտմամբ (Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով): Ու քանի որ այս՝ երկրորդ հոդվածը՝ իր բովանդակությամբ ու նշանակությամբ, համարվում է ժողովրդավարության ու սահմանադրականության անկյունաքարը, և որովհետև Հայաստանի իշխանությունները հաճախակի ու առանձնակի դաժանությամբ ոտնահարում են հատկապես այդ հոդվածը, մյուս հոդվածների խախտման մասին խոսելը նույնիսկ ծիծաղելի է դառնում:
Բայց երկրորդ հոդվածը ոտնահարելն ու ոչ միայն չպատժվելը, այլև առաջիկայում ու շարունակաբար ոտնահարելու իրավունք ստանալը գին ունի, որն իշխանությունը վճարում է ոչ թե հայ հասարակությանը, ումից խլում է սահմանադրական իրավունքը, այլ՝ ըստ աշխարհաքաղաքական կոնյունկտուրայի՝ այլ երկրների, որպես կանոն ու որպես հետևանք՝ Ռուսաստանին: Վճարում է՝ խախտելով ՀՀ սահմանադրության առաջին հոդվածը` Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Անցած տարվա սեպտեմբերի 3-ին դա տեղի ունեցավ վերջին անգամ ու գրեթե վերջնականապես և դրան հաջորդած ժամանակաշրջանում՝ մինչև այսօր, իշխանությունների բոլոր գործողություններն ուղղված են մեկ նպատակի՝ անշրջելի դարձնել ՀՀ սահմանադրության առաջին հոդվածի առաջին՝ «ինքնիշխան» արտահայտության ոչնչացումը, որը ցանկացած պետության հիմքն է: Այդ հարցում իշխանությանը փութաջանորեն օգնում է ոչ իշխանությունը՝ հույս ունենալով, որ երբևէ Ռուսաստանից կստանա Սահմանադրության երկրորդ հոդվածը ոտնահարելու ինդուլգենցիա: Ահա այս պայմաններում այսօր նշում ենք Սահմանադրության օրը, որն իրապես պահպանելու և չոտնահարելու դեպքում կունենայինք դրա առաջին ու մյուս հոդվածներին համապատասխանող պետություն:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում
Եվրոմիության երկրներն էլ ինքնիշխան չեն,ինչպես դուք եք պատկերացնում….