Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենահեշտը ասելն է՝ իսկ ո՞ւր է նայում մշակույթի նախարարությունը

Հուլիս 05,2014 14:00

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը՝ «տաք» թեմաների մասին

«Առավոտը» ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին խնդրեց մեկնաբանել Աֆրիկյանների ակումբի եւ ընդհանրապես Հին Երեւանի վերջին փշրանքների հետ կապված զարգացումները: Նա ասաց, որ հասարակության մտահոգությունները ընդունելի են. «Հին Երեւան» ծրագիրը, որով նախատեսվում էր Հին Երեւանի միջուկը կոնկրետ տեղում հավաքել, մինչ այսօր չի իրականացվել, ու մարդիկ մտավախություն ունեն՝ ի՞նչ երաշխիք, որ ապամոնտաժվելուց հետո Աֆրիկյանների ակումբը երբեւէ կվերականգնվի:
«2000թ. սկզբից ակտիվ քաղաքաշինության ծրագրեր սկսվեցին, իսկ Երեւանում առկա էին բազմաթիվ խնդիրներ՝ կենտրոնը ծանրաբեռնված էր՝ քայքայված, ո՛չ մշակութային արժեք հանդիսացող շինություններով: Այսինքն՝ ակնհայտ էր, որ նոր քաղաքաշինական մոտեցումներ են անհրաժեշտ: Ի դեպ, ասեմ, որ դա Երեւանի համար նորություն չէր, Թամանյանն էլ է հին քաղաքի վրա փորձել կառուցել նոր քաղաք, եւ ինքն էլ է ժամանակին լուրջ ընդդիմախոսներ ունեցել: Այսօր էլ ինչ-ինչ ծրագրեր դեռ կարելի է վիճարկել: Կայացվեցին որոշումներ, որոնց հիմնական գաղափարախոսությունը հետեւյալն էր. Երեւանի կենտրոնում պետք է ֆիքսվեն ակտիվ քաղաքաշինական հատվածներ, ինչը նշանակում է, որ այդ ժամանակվա մոտեցումներով բոլոր հուշարձան շենքերը փորձելու են հավաքել մի հատվածում եւ այդպիսով ստանալու մի թաղամաս: Այդ նպատակով 2004 թվականից ընդունվեց որոշում, որը հարմարեցված էր Երեւան քաղաքի նոր հատակագծին: Այն ժամանակ «Հին Երեւան» ծրագիրը ոչ մեկի մոտ մտահոգություն չառաջացրեց, որովհետեւ իրագործվելու դեպքում շատ շահեկան էր լինելու հուշարձանների համար»,- նշեց տիկին Պողոսյանը: Նաեւ հավելեց. «Հին Երեւան» ծրագիրը, ըստ էության, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով մինչ օրս չի իրականացել, սա՛ է հիմնախնդիրը, որի վերաբերյալ հարցեր են ծագել: Մարդիկ ուզում են հարցի պարզ պատասխան ստանալ՝ եթե մինչեւ հիմա չեն մոնտաժվել մյուս հուշարձանները, ապա ի՞նչ երաշխիք, որ մյուսները պետք է մոնտաժվեն: Ուղղակի ես, որպես պատասխան, ուզում եմ ասել, որ «Հին Երեւան» ծրագիրը ոչ ոք չեղյալ չի հայտարարել: Մեր այսօրվա խնդիրն է սկսել այն: Մինչեւ չսկսենք, բոլորս անհանգիստ ենք լինելու: Եվ թող որեւէ մեկին չթվա, թե մշակույթի նախարարությունը հանգիստ է վերաբերվում այդ ամենին… Հիմա նախապատրաստել ենք որոշման նախագիծ, որի համաձայն՝ բոլոր այն հուշարձանների վրա, որոնք դեռեւս մնացել են տեղափոխման ենթակա հուշարձանների ցանկում, պետք է վետո դրվի, կառավարությունը տեղափոխման գործընթացը չխրախուսի մինչեւ արդեն ապամոնտաժված շենքերի մոնտաժման հարցի լուծումը…»: Մեր զրուցակիցը՝ նման ծրագրերի իրականացման հաջողված օրինակներ բերեց. «Բուլղարիայում՝ Վառնայում եւ Պլովդիվում, այդ կարգի ծրագիր իրականացվել է, Ֆրանսիայի փոքր քաղաքներում էլ: Նույն Փարիզում պատմական շենքերի վրա իրականացվել են նոր կառուցապատումներ, կամ Լուվրի գոտում տեղադրվել է ժամանակակից բուրգը: Բոլոր ժամանակներում էլ հասարակությունը այդ մոտեցումները չի ընդունում: Չնայած ոչ մի բան արդարացված չէ, եթե հուշարձան ես կորցնում: Հայաստանում կառուցապատման բոլոր ծրագրերում պետք է գերակա լինի հուշարձանի շահը, եւ ոչ թե սկսենք կառուցապատման ծրագիր ու հետո ֆիքսենք, թե հուշարձանը դրան խանգարում է: Մյուս կողմից էլ քաղաքը պետք է զարգանա, չենք կարող խուսափել դրանից: Աֆրիկյանների տունը հենց նման պատմություն է: Քաղաքաշինական ակտիվ գոտում է հայտնվել: Անմիջապես իր դիմաց նորակառույց կա, որը փակել է ճանապարհի կեսը, եւ հուշարձանը հայտնվել է անհասկանալի վիճակում: Տերյան փողոցը փորձում են բացել, մեքենաները, հետիոտնը անընդհատ բախվելու են այդ շենքի հետ: Եվ եթե անգամ հուշարձանը մի չորս մետր հետ հրենք, նորակառույց բազմահարկ շենքերի մեջ ինքը լավ վիճակում չի հայտնվի»:

icon

Ըստ նախարարի՝ պետք է գերակա լինի հուշարձանի շահը:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ Զվարթնոցի եւ Գառնու տաճարների տարածքում կորպորատիվ միջոցառումների անցկացմանը եւ հայտնի աղմուկին:
«Կոնկրետ մշակույթի նախարարության համապատասխան կազմակերպության մեղքը կա, որ պայմանագրային կետերը չի վերահսկվել, եւ թեթեւ կառույց է տեղադրվել հուշարձանի տարածքում: Չնայած հուշարձանին վնաս չէր հասցվել, այնուհանդերձ՝ ստեղծվել էր մի իրավիճակ, որը չպետք է ստեղծվեր: Համապատասխան աշխատողը միշտ կարող է պատժվել, թեպետ կարող են ասել, որ մշակույթի նախարարն է եղել այդ գործընթացի կենտրոնում: Մենք 80 ՊՈԱԿ ունենք, որոնք յուրաքանչյուր օր հաղորդակից են լինում բազմաթիվ մարդկանց, պայմանագրերը նրանք են կնքում, ոչ թե անձամբ մշակույթի նախարարը: Այստեղ նախեւառաջ սուբյեկտի եւ համապատասխան պետական մարմնի պատասխանատվության հարցն է… Ընդհանրապես մի բացասական միտում է նկատվում՝ հուշարձանները շահարկելու, վնաս պատճառելու, հուշարձանի պահպանման ռեժիմը խախտելու, հետո դրա պատճառաբանությունները փնտրելու ցանկություն կա մարդկանց մոտ: Մի բան հստակ է՝ ով ուզում է լինի, հուշարձանի հանդեպ պետք է հարգալից վերաբերմունք դրսեւորվի: Ես ամենեւին չեմ ուզում պատասխանատվությունը նախարարության վրայից գցել, բայց նաեւ չեմ կարող չնկատել, որ որեւէ մեկը չի նշում, թե արգելոց-թանգարանները հասարակության շահերից ելնելով ամեն օր աշխատում են, չունեն հանգստյան օրեր: Ոչ ոք հաշվի չի առնում, որ մեր պետությունն այսօր ի վիճակի չէ մեծ գումար դնել հուշարձանների պահպանության համար: Մի կողմից՝ մենք անընդհատ ամոթանք ենք տալիս, թե մեր հուշարձանները վատ վիճակում են, մյուս կողմից էլ՝ երբ փորձ է արվում դրանք օգտագործել իրենց իսկ պահպանության համար գումար ստանալու նպատակով, կատեգորիկ դեմ ենք արտահայտվում: Չէ՞ որ ողջ աշխարհում էլ հուշարձանները օգտագործվում են այդ նպատակներով: Ուղղակի բոլորս պետք է ունենանք պատասխանատվություն եւ չափը չանցնենք հուշարձանը օգտագործելու մեջ: Մենք չենք կարող բոլոր հուշարձանները վերահսկել, այդքան մարդկային ռեսուրս չկա, որ ամեն հուշարձանի կողքին պահակ կանգնեցնենք, որպեսզի աղբ չլցնեն, վրան չնկարեն, ու վաղն էլ նույն նկարողները հայտարարեն՝ ո՞ւր է նայում մշակույթի նախարարությունը: Ամենահեշտը ասելն է՝ իսկ ո՞ւր է նայում մշակույթի նախարարությունը: Վստահ եմ՝ օրինակ, օպերայի պատին նկարողի կողքին կարող է հինգ մարդ լինել ու որեւէ մեկը չբռնել նկարողի ձեռքը: Այդ դեպքում ես էլ կարող եմ հարց հնչեցնել՝ իսկ ո՞ւր է նայում հասարակությունը»,- նշեց նախարարը:

«Առավոտի» հետ զրույցում նա հավաստիացրեց, թե օրերս հյուրընկալվել է կանադաբնակ, անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանին, քննարկել նրա քանդակները Երեւան բերելու եւ արվեստագետի մշտական ցուցասրահը հայրենիքում ունենալու հարցը: Առաջիկայում Հասմիկ Պողոսյանը քանդակագործի որեւէ քանդակ Երեւանում տեղադրելու ու ցուցասրահի հարցը կքննարկի նաեւ Երեւանի քաղաքապետի հետ:
Մեր զրուցակիցը Միկոյանի թեմային էլ անդրադարձավ. «Մյուս տարի նշելու ենք Ցեղասպանության հարյուրամյա տարելիցը: Պետք է հստակ իմաստավորենք, թե այս հարյուր տարին ոնց ապրեցինք, որպեսզի մեր ինքնագիտակցությունն ու ինքնագնահատականը ավելի բարձր լինեն, քան այսօր գոյություն ունի: Մենք չպետք է վարկաբեկենք պետական գործիչներին: Թող պատմաբանները փորձեն դիտարկել, թե ի՞նչ է կարողացել ռեպրեսիոն շրջանում անել այդ պետական գործիչը: Ի վերջո, նրանց շնորհիվ է, որ Հայաստանը վերելք ապրեց խորհրդային տարիներին: Վերցնենք թեկուզ ճարտարապետության ոլորտը, չէ՞ որ Խորհրդային Միության ղեկավարները չէին ասում՝ եկեք կառուցեք կառավարության կամ ակադեմիայի շենքը այնպես, որ ճարտարապետությունը եւ զարդանախշերը շեշտված հայկական լինեն: Այդ ամենին հասնում էինք ժամանակի հայ պետական գործիչների ջանքերով»:

Ի տարբերություն այլ նախարարների՝ Հասմիկ Պողոսյանը ակտիվ չէ Ֆեյսբուքում: Պատճառաբանում է, որ չի կարողանա սոցցանցում անընդհատ արձագանքել մարդկանց առաջարկներին, մտահոգություններին ու ահազանգերին, եւ չի էլ կարող դա վերահասցեագրել մեկին, որ պատասխանի իրեն ուղղված գրառումներին: Ասում է՝ մշակութային հարցերի ծավալն ավելի մեծ է, ու ինքը ժամանակի խնդիր ունի: Հավաստիացնում է, թե նախարարությանն ուղղված որեւէ հարց անպատասխան չի մնում, դեմ չէ, եթե կողքից հուշեն ինչ-ինչ խնդիրների մասին կամ կառուցողական առաջարկներ արվեն: Փաստում է, որ նախարարությունը ստիպված է հաճախ ինչ-ինչ ծրագրել իրականացնել, որոնցով առաջին հերթին արվեստագետների սոցիալական խնդիրներն են լուծվում. «Այդ խնդիրը առկա է մշակույթի տարբեր ոլորտներում, բայց առայժմ այդ սկզբունքից դեռ չենք կարող հրաժարվել»:

Մեր զրույցի ընթացքում Հասմիկ Պողոսյանը հայտնեց, որ իր համար նախարարական կարիերայի ընթացքում ուղեցույց է հոր՝ լուսահոգի պատմաբան, հեռուստապետկոմի նախագահ Ստեփան Պողոսյանի հետեւյալ խորհուրդը. «Ինքը ասում էր՝ լսիր բոլորին, բայց հիմնվիր քո ներքին վստահության, ներքին ձայնի վրա: Ասում էր՝ ամենամեծ վտանգը ղեկավարի համար այն է, երբ ինքդ քո մեջ ես պառակտված, միաբան եղիր ինքդ քեզ հետ»: Նախարարի ձեւակերպմամբ՝ կին պաշտոնյայի դեպքում ավելի բարդ է, քան տղամարդու պարագայում, միշտ չի հաջողվում աշխատանքային հոգսերից ձերբազատված ընտանիք մտնել. «Դու փորձում ես անհանգստություններդ, տրամադրությունդ քողարկել ընտանիքից, բայց ամբողջովին չի հաջողվում: Առանց այդ էլ քո ընտանիքը զրկված է քեզ հետ շփումից, եւ շաբաթ-կիրակի օրերը կամ երեկոյան ժամերին, երբ ընտանիքիդ հետ ես, չպետք է բացասական լիցքավորես: Կինը ընտանիքում կոնկրետ գործառույթ ունի, իրենից տանը ակնկալիք ունեն, ինքը պետք է ճաշ պատրաստի, երեխաներով հետաքրքրվի, մտածի մթերք՝ կա՞, թե՞ չէ… Մի խոսքով՝ դժվար է…»:

Չնայած բազմազբաղությանը, մշակույթի նախարարը ընթերցանության համար ժամանակ է գտնում. «Վերջերս նորից Գյուրջիեւ էի թերթում, Բերբերովա, Դովլաթով: Ընկերներիցս մեկի խնդրանքով ուզում էի գտնել այն հատվածը, որտեղ Դովլաթովը խոսում է իր հայկական արմատների մասին… Կարծում եմ՝ Դովլաթովին պետք է վերադարձնենք հայերին, մենք ընդամենը մի դովլաթովյան բեմադրություն արեցինք, մինչդեռ արժե մի ամբողջ փառատոն անել»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031