Լրահոս
Օրվա լրահոսը

Դժբախտ պատահարից 5 տարի հետո

Հուլիս 05,2014 14:20

2009թ. հոկտեմբերի 9-ին «Մետեքսիմ» ՍՊ ընկերության աշխատակից, կռունկավար, եռակցող Յուրի Գեւորգյանն աշխատանքի ժամանակ դժբախտ պատահարից տուժեց, դառնալով անաշխատունակ:
Նա մինչ օրս գամված է անկողնում եւ «Առավոտը» հանդիպեց նրան:

Եռակցողը Երեւանի Բաշինջանյան 10 շենքի հարեւանությամբ գտնվող թիվ 8 պոմպակայանի ապամոնտաժման աշխատանքներն է կատարել: Գազատար խողովակը կտրելու ժամանակ, կանգնած լինելով աստիճանի վրա, մոտ երեք մետր բարձրությունից խողովակին ամրակցված հանգույցի դուրս գալու պատճառով՝ նա շպրտվել է ցած: Անգամ ամրագոտի չի եղել վրան, հիմնարկը նման ամրագոտի չի նախատեսել:
1939թ. ծնված աշխատակիցը ստացել էր գանգուղեղի ցնցում, աջ կոնքոսկրն էր վնասվել, ստացել էր բազմաբեկորային կոտրվածք:

Նրան անգիտակից տեղափոխում են «Արմենիա» բուժկենտրոն:

Անցկացվում է ծառայողական քննություն, համաձայն որի՝ «դժբախտ պատահարի պատճառը գազատար խողովակի ընկնելն էր, վատ ամրացված լինելը»:
2009թ. Ինովացիոն եւ փոքր ձեռնարկությունների աշխատողների արհմիության գլխավոր տեխնիկական տեսուչ Ն.Մնացականյանը մասնագիտական եզրակացություն է տալիս.
«Պարզվում է, որ 1962թ-ից աշխատանքային ստաժ ունեցող բանվորի դժբախտ պատահարի պատճառներն են եղել գազատար խողովակի թույլ ամրացումը պատի մեջ, խողովակի դուրս ընկնելը, նաեւ՝ Յուրի Գեւորգյանը, որը «ճիշտ չի գնահատել վտանգի աստիճանը, եւ կատարել է խողովակի կտրման աշխատանքներ»:

Ողնաշարն ամբողջությամբ փշրած, անգիտակից վիճակում նրանից բացատրություն են վերցրել: Մասնագիտական եզրակացության մեջ նշված է, թե Գեւորգյանին «դեպքի համար որեւէ պատասխանատու անձ չի դիտել»:

Նշված էր նաեւ, որ Յուրի Գեւորգյանն ունի առողջությանը պատճառված վնասի հատուցման իրավունք:

Դեպքից 5 տարի հետո այցելեցինք ծերունուն:

Նա գամված էր անկողնում, նրան խնամում էր տարեց կինը:

Անկողնու կողքին դեղեր են, ասում է՝ մոտ 20 հազար դրամի դեղեր են, թանկ են, ամեն օր պետք է տալ նրան՝ վերականգնվելու համար:

Հիմնարկը, մինչ քննիչի կողմից քրեական գործը կմերժվեր եւ որոշում կկայացվեր, 740 հազար դրամ գումար է փոխանցում, հետո տիրություն չի արել, երբ նա ենթարկվել է երեք վիրահատությունների:

«Արմենիան» հրաժարվել է վիրահատել ծանր վնասվածքներ ստացած Գեւորգյանին, եւ նա վիրահատվել է այլ բուժհաստատությունում:

5 տարիների ընթացքում, զրուցակիցս ասում է, թե ծախսել են մոտ 10 0000 դոլարին համարժեք դրամ:

Վերջերս տուժողի կինը իմացել է, որ իր ամուսնու անունով աշխատավարձ են ստացել, որը իրենց ընտանիքը ոչ միայն չի լիազորել որեւէ մեկին ստանալու, այլ անգամ դա տեղ չի հասել, երբ դրա կարիքը շատ են զգում նրանք:

Ամուսնու ամսական աշխատավարձը կազմել է 46.200 դրամ:

Մեր տրամադրութան տակ են աշխատավարձի վճարման անդորրագրերը, որտեղ անգամ Յուրի Գեւորգյանի ստորագրություններն են տարբերվում:

Յուրի Գեւորգյանի ընտանիքը դիմել է ՀՀ նախագահին, նրա վերահսկողական ծառայությանը, գլխավոր դատախազին:

Այս տարվա մայիսի 8-ին Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների դատախազ Ս.Խաչատրյանը, պաշտոնական գրությամբ տեղեկացրել է, որ քննիչը հենվել է վերոնշյալ մասնագիտական եզրակացության վրա, եւ որ բացակայում է նոր հանգամանքներով քրեական գործի հարուցումը:

«Երբ ինձ տեղափոխեցին հիվանդանոց, անմիջապես հիվանդանոց ժամանեցին ընկերության ներկայացուցիչները:Նրանք զրուցեցին բժիշկների հետ, սկսեցին ինձ համոզել, որ չբողոքեմ, որ կհոգան իմ բուժման եւ խնամքի ծախսերը»,- ասում է Յու.ԳԵւորգյանը:
«Արմենիա» բուժկենտրոնը նրան 40 օր պահելուց հետո հրաժարվում է վիրահատել, երբ Քանաքեռ-Զեյթունում անհապաղ վիրահատություն են իրականացնում:
Աշխատանքի պետական տեսչությունը չի ընդունում հաշմանդամ աշխատողի դիմումը:
Հարազատները դիմում են դատարաններ:

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատը մերժում է ծերունու դիմումը, որը բողոքարկում էր վերաքննիչ դատարանի՝ վնասը հատուցելու պահանջի մասին փաստաբան, ներկայացուցիչ Էդուարդ Չինարյանի բողոքը:

Հատուցման գումարը կազմում էր 3.555.360 դրամ:

«Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձի փաստարկները բավարար չեն եզրահանգելու, որ առկա է քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված գործի ելքի վրա ազդած սխալ, նյութական եւ դատավարական իրավունքի խախտում»,- հայտնել էր վճռաբեկը եւ բողոքը հանգիստ խղճով վերադարձրել:

Իսկ առողջապահության նախարարությունն էլ հաշմանդամության կենսաթոշակը չի կամենում տրամադրել ծերունուն՝ ընդհանուր հիվանդությունների շարքին դասելով նրա մահացու կոտրվածքները:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031