Մոտ երկու ամիս է՝ Եղվարդի Նատի թաղամասի հարեւանությամբ գործող «Սեմուր ընդ Կո» ընկերությունն իր աշխատակիցների համար խմելու ու կենցաղային նպատակներով օգտագործելու համար ջուրը գնում է: Ընկերությունն արդեն մի քանի հարյուր հազար դրամ միայն ջրի վրա է ծախսել: Ամռան այս տապն էլ ջրի սպառման ծավալները մի քանի անգամ մեծացրել է. եթե զով եղանակին ընկերության տնօրինությունը գոնե մեկ ցիստեռն է ջուր գնում, ապա այս օրերին 4-5 խորանարդ ջուր է սպառվում: Մինչդեռ «Սեմուր ընդ Կո»-ն «Երեւան Ջուր» ընկերության բարեխիղճ բաժանորդ է եւ ջրամատակարար ընկերությունը, համաձայն բաժանորդի հետ կնքած պայմանագրի, պարտավոր է նրան անխափան ջուր մատակարարել՝ սահմանված գրաֆիկի համաձայն: Գործարանի տնօրինությունը «Առավոտի» հետ զրույցում վստահեցնում է, որ հատկապես ամռանն է այսպիսի վիճակ ստեղծվում, չնայած որ տնտեսվարողը ձմռան ջրամատակարարումից էլ գոհ չէ:
«Անցյալ տարի գոնե մի քիչ բարվոք վիճակ էր: Այս տարի ընդհանրապես ջուր չենք ունենում: Եթե ամռանը, ենթադրենք, մարդիկ խմելու ջրով իրենց այգիներն են ջրում, եւ այդ ընթացքում կորուստներ են լինում, ասենք՝ գողանում են, ինչ-որ տեղ հասկանալի է ջրի ճնշման բացակայությունը, բայց այնպես չէ, որ ձմռանը ջուրն ինքնահոս գալիս է: Նույն խնդիրը ձմռանն էլ ենք ունենում, գետնի վրա գտնվելով՝ պոմպ ենք աշխատեցնում, որ ջուր ունենանք, բայց ես ինչո՞ւ պետք է պոմպով ջուր ստանամ, եթե պայմանագրով նրանք ինձ պետք է ջրի այնպիսի ճնշում ապահովեն, որ պոմպի կարիք չլինի»,- մեզ հետ զրույցում ասաց արտադրամասի պատասխանատուներից մեկը: Ըստ նրա՝ ամեն օր դժվար է արտադրամասի 270 մարդու համար ջուր գնել, հատկապես, որ ներսում աշխատակիցների համար ճաշարան է գործում, եւ առանց ջրի սանիտարահիգիենիկ պայմաններ ապահովելը խիստ դժվար է:
«Տարաներ ենք պահում, որ ջուրը դրանց մեջ հավաքենք, բայց մեծ խոհանոց ենք պահում, աշխատողների խմելու ջրի, լվացվելու եւ հազար ու մի հարցեր, որոնք հնարավոր չէ լուծել ջուր գնելով: Մեր ընկերությանը սովորաբար ջուրը տալիս են ժամը 12-ից երեքն անց կես, օրը մեկ անգամ, բայց վերջին ամիսներին, երբ դեռ կաթկթալով ջուրը գալիս էր, դրա հետ հիմնականում օդ էր գալիս, եւ այդ ժամանակամիջոցում կես տարա ջուր էլ չէինք հավաքում»,- ասում է մեր զրուցակիցը: Նրա ներկայացմամբ՝ ջրի հարցով ընկերությունը մի քանի անգամ դիմել է «Երեւան Ջուր» ընկերությանը՝ հիշեցնելով պայմանագրային պարտավորությունները, սակայն ընկերությունից բաժանորդին հայտնել են, որ պետք է ման գան եւ կորուստները գտնեն, որից հետո փորձեն խնդիրը լուծել:
«Սեմուր ընդ Կո»-ի պատասխանատուները նաեւ ջրամատակարար ընկերությանը խնդրել են տրամադրել տվյալներ, թե ջուրը մատակարարելիս ինչքան ճնշում է պարտավոր ապահովել: Պատասխանն առայժմ չի ստացվել:
«Իրենք շատ լավ էլ գիտեն կորուստների տեղը, որ ուզեն՝ շատ արագ էլ կգտնեն: Մարդիկ չարչարվել են, այդքան աշխատատեղ են բացել ու այդ վիճակում են հայտնվել»,- դժգոհում են արտադրամասի աշխատակիցները:
Կարդացեք նաև
Նշենք, որ ջրամատակարարման խնդիր ունեն նաեւ նշյալ թաղամասի բնակիչները, որոնք նույնպես ամիսներով զրկված են նորմալ ջուր ունենալու հնարավորությունից:
Արտադրամասի տնօրինության եւ բնակիչների բողոքների առնչությամբ «Առավոտ»-ի հարցին ի պատասխան՝ «Երեւան Ջուր» ընկերությունից հայտնեցին, որ ներկայումս կատարվում են ստուգումներ, տեխնիկական միջոցների կիրառմամբ իրականացվում է ջրի ճնշման չափում Նատի թաղամասի տարբեր հատվածներում, եւ երբ ստուգումների արդյունքում պարզվի պատճառը, համապատասխան միջոցներ ձեռք կառնվեն խնդրի լուծման համար, իսկ արդյունքների մասին էլ հանրությանը կտեղեկացնեն:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.07.2014