Լրահոս
Օրվա լրահոսը

14 տարի մերժում են հաշմանդամին հատուկ կարիքավորների կենտրոն ընդունել

Հուլիս 05,2014 14:40

Մոտ 14 տարի Անահիտ Ղազարյանը փորձում է իր հաշմանդամ աղջկան տեղավորել հատուկ կարիքավոր անձանց խնամքի կենտրոններում, պետական գրեթե բոլոր «դռները ծեծել է», բայց տիկնոջը մշտապես մերժել են՝ իբր թե այդ կենտրոններում տեղ չկա:
«Առավոտի» հետ զրույցում տիկին Անահիտը լաց լինելով հարցնում է. «Մի՞թե այս 14 տարվա ընթացքում իմ երեխայի համար տեղ չբացվեց: Ես չեմ հավատում այդ պատճառաբանություններին, շատ մարդկանց գիտեմ, որ լավ էլ տեղավորել են իրենց հարազատներին, դե, իհարկե, հենց «մաղարիչ» են անում՝ տեղ բացվում է»:
Տիկնոջ դուստրը՝ 25-ամյա Աննա Զալկինան, թեեւ կարողանում է ինքնուրույն տեղաշարժվել, բայց մեծ դժվարությամբ, հազիվ է քայլում, ինքնուրույն ուտում է, հագնվում, երբեմն փորձում է մորը օգնել ափսեները լվանալ, այն էլ՝ մի կերպ շարժվելով: Աննան մանկուց հաշմանդամ է, մանկական ուղեղային կաթված է ունեցել, հիմա մտավոր հետամնացություն ունի, տանը մենակ չի մնում, վախենում է: Մայրը մեզ հետ զրույցում ասում է, որ աղջիկն անգամ հավից է վախենում. «Չեմ կարող մենակ թողնել տանը ու գնալ աշխատել»: Վանաձորում վարձով բնակարանում ապրող մայր ու դուստր թոշակի ու հաշմանդամության ընդամենը 32 հազար դրամով են գոյատեւում՝ աչքները կուշտ փորով ուտելուն կարոտ. թոշակն ու նպաստը ստանալու օրը չգիտի, թե այդ 32 հազարը ո՞նց բաժանի, որ հասցնի տան վարձի, սննդի ու կոմունալ վճարները կատարել:

Մայրն ասում է, որ աղջկան չի կարողանում ճիշտ խնամել, նրան մասնագետի խնամք է հարկավոր. «Էլ մարզպետարան, քաղաքապետարան, սոցապ նախարարություն, ուր որ ասեք՝ դիմել եմ: Նախարարությունից մի անգամ ասացին՝ տարեք Վարդենիսի խնամքի կենտրոն, գնացի, էլի ասացին՝ տեղ չկա, նույնիսկ միջանցքներում տեղ չկա: Հետո ասացին, որ աղջկաս համար ավելի լավ կլինի, որ Երեւանի կամ Սպիտակի նմանատիպ բարեգործական կենտրոններից մեկում ընդունեն: Այս 2 կենտրոններն էլ մերժել են»:
Տիկին Անահիտը վստահեցնում է, որ ինքը 7 տարի է՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է, հույսը փորձել է կապել հարազատ կուսակցության հետ, սակայն ապարդյուն. «2 օր առաջ աղջկաս վերցրեցի ու եկա Երեւան՝ ԲՀԿ-ի գրասենյակի պատերի տակ առավոտից մինչեւ ժամը 4-ը նստեցինք. ոչ ներս թողեցին, ոչ էլ լսեցին, թե ինչ եմ ուզում ասել: Ուզում էի գոնե մի 100 դոլարով օգնեին, ավտոբուսի տոմս առնեի, էրեխուս վերցնեի ու գնայի Ռուսաստան: Այնտեղ հաստատ աղջկաս կօգնեին ու մի կենտրոնում կտեղավորեին, ես էլ կաշխատեի»:

Անահիտի պատմելով՝ 2 տարի է՝ հաշվեհամար է բացել ու գրավոր դիմել բազմաթիվ խոշոր գործարարներին, դստեր համար օգնություն խնդրել, բայց այս 2 տարիների ընթացքում, ինչպես վստահեցնում է տիկինը, անգամ 10 դրամ չի փոխանցվել. «Էլ «Տաշիր» հիմնադրամին եմ գրել, էլ «Մուլտի գրուպին», ՎիվաՍելին, «ՀայՌուսգազարդին», «Գրանդ Քենդիին» ու շատ-շատ ընկերությունների, ոչ մի կոպեկով չօգնեցին: Ահավոր պայմաններում ենք ապրում, ես միայնակ եմ խնամում աղջկաս, ոչ մի օգնող «ձեռք» չունեմ, մենակ Աստված գիտի՝ ինչերի միջով ենք անցնում երեխայիս հետ: Ուղղակի ապշած եմ էդ հարուստների «գթասրտության» վրա. բա լավ, սաղ օրը բարեգործությունից եք խոսում, 100 դոլարն ի՞նչ է ձեզ համար, որ ձեռքներդ գրպաններդ չտարաք»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031