Կամ` ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյան քաղաքական
գործիչը ՀԱԿ-ի համար այլեւս գոյություն չունի
«Չեմ կարդացել, ցանկություն չունեմ կարդալու, շատ վաղուց ինձ համար այդպիսի քաղաքական գործիչ գոյություն չունի: Ես չեմ ընդունում այդպիսի քաղաքական գործչի: Եվ նրա խոսքերն ինձ համար ոչ մի նշանակություն չունեն: Խոսում եմ իմ անունից, իսկ ՀԱԿ-ում, բնականաբար, այդ տեսակետը գերակշռում է»,- հունիսի 24-ին հրավիրված մամուլի ասուլիսում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին՝ ասել էր ՀԱԿ կուսակցության վարչության անդամ Արամ Մանուկյանը: Հիշեցնենք. Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում խոսել էր «Որոտան» ՀԷԿ-երի համալիրի վաճառքի, կարմիր գծանշումներից գոյացող հսկայական գումարների, ընդդիմությանը վերահսկողական լծակներ տալու, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու անհրաժեշտության մասին, քննադատել էր Հայաստանում առկա կոռուպցիոն երեւույթները: Դրանք, ի դեպ, համընկնում են խորհրդարանական քառյակի` ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն», բարձրացրած 12 պահանջներից որոշների հետ:
ՀԱԿ վարչության մեկ այլ անդամ` Զոյա Թադեւոսյանը, «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին` ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի արձագանքում Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին, ասաց. «Ես կարծում եմ, որ առաջին նախագահն իր բարձունքից երբեք չպետք է որեւէ արձագանք տա մի մարդու խոսքի, ով արյունախում է, բազմաթիվ հանցագործությունների հեղինակ է: Նրան լուրջ վերաբերվել, նրա հարցազրույցները կարդալ, դրանք քննարկել, մեկնաբանել կամ նրա անունն ընդհանրապես արտասանելը համարում եմ սրբապղծություն»: Մինչդեռ տեսակետ կա, որ այդ հարցազրույցով քառյակի հետեւում «Քոչարյանի ականջները» սկսում են բացահայտվել: Լեւոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանությունները կարող էին հստակություն մտցնել այս թնջուկի մեջ, մանավանդ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանի այն հայտարարության ֆոնին, որ ԲՀԿ-ն միանգամայն հնարավոր է համարում Ռոբերտ Քոչարյանի եւ քառյակի համագործակցությունը: Բայց պարզվում է՝ ՀԱԿ-ում Ռոբերտ Քոչարյանին սկսել են չճանաչել, չքննարկել ու չմեկնաբանել:
Մինչդեռ ոչ վաղ անցյալում ՀԱԿ առաջնորդն իր առանցքային որոշումներն ու քայլերը պայմանավորում էր Ռոբերտ Քոչարյանի գործողություններով: «Նախագահի պաշտոնից Սարգսյանի հրաժարականի պարագայում ես իմ թեկնածությունը չեմ առաջադրելու՝ բացառությամբ մեկ դեպքի. եթե առաջադրվի Ռոբերտ Քոչարյանը, ես կառաջադրվեմ»,- 2009 թվականի սեպտեմբերի 18-ի հանրահավաքում հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Դրան նախորդած եւ հաջորդած շրջանում էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը բավական հանգամանորեն քննարկում, քննադատում էր Ռոբերտ Քոչարյանին եւ նրա գործողությունները: Ասենք՝ 2008 թվականի հուլիսի 4-ին հրավիրված հանրահավաքում Տեր-Պետրոսյանի ելույթը նվիրված էր Ռոբերտ Քոչարյանի «փառահեղ գահակալության» տասնամյակին. «Կեղծ տեղեկանքի եւ ապօրինի ընտրությունների միջոցով բազմեց հանրապետության նախագահի աթոռին, 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության շնորհիվ ամրապնդեց իր իշխանությունը, խափանեց այդ ոճրագործության լիակատար բացահայտումը, պարտակեց տասնյակ այլ աղմկոտ սպանություններ, ոչնչացրեց օրենսդիր եւ դատական իշխանությունների անկախությունը, ստեղծեց քրեական աշխարհի հասկացություններով առաջնորդվող ավազակապետական համակարգ, կեղծեց իր օրոք կայացած բոլոր ընտրություններն ու սահմանադրական հանրաքվեն, վերացրեց խոսքի, մամուլի, հավաքների ազատությունը, վարչախմբի վերահսկողության տակ դրեց բոլոր էլեկտրոնային լրատվամիջոցները, փակեց «Ա1+» եւ «Նոյյան տապան» հեռուստակայանները եւ հարկային տեռորի ենթարկեց ԳԱԼԱ հ/ը-ն, սիստեմատիկաբար ուռճացրեց ՀՀ տնտեսական զարգացման վիճակագրական տվյալները, ՀՀ-ն ենթարկեց լիակատար քաղաքական եւ տնտեսական մեկուսացման, կոռուպցիան, խնամիությունը, հովանավորչությունը, ռեկետը վերածեց պետական քաղաքականության, խոշոր գործարարներին ազատեց օրինական հարկեր վճարելու պարտավորությունից, դրամի արհեստական արժեւորման հետեւանքով կործանեց արտահանող արդյունաբերությունը եւ հսկայական գերշահույթներ ապահովեց ներմուծման բնագավառում մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների համար, ծաղկեցրեց իր ընտանեկան բիզնեսը եւ դիզեց հսկայական հարստություն, տնտեսական աճ ի ցույց դրվող երկնիշ թվերի եւ խաղաղության պայմաններում երկրի բնակչությունը նվազեցրեց գաղթի ճամփան բռնած կես միլիոն մարդով…» եւ այլն։
Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի հասցեին նման մեղադրանքներ հնչեցրած առաջին նախագահը չի՞ անդրադառնում վերջինիս հնչեցրած քննադատություններին: Ի՞նչը փոխվեց այս տարիների ընթացքում, որ Ռոբերտ Քոչարյանին նման որակումներ եւ գնահատականներ հնչեցրած քաղաքական ուժն ու նրա առաջնորդը սկսեցին պատվից վեր համարել վերջինիս կարդալը, անդրադառնալն ու քննարկելը, սկսեցին չճանաչել Ռոբերտ Քոչարյանին, որ նա ՀԱԿ-ի արհամարհանքին արժանացավ: «Առավոտի» այդ հարցերին ՀԱԿ կուսակցության վարչության անդամ Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. «Ոչինչ չի փոխվել: Ուղղակի թեման է փակվել: Ինչ որ ասվել է յուրաքանչյուր հանրահավաքի, հրապարակային ելույթների, հարցազրույցների ընթացքում, թեման դրանով փակվել է: Մենք մեր դիրքորոշումն այդ անձի նկատմամբ՝ եւ պաշտոնական, եւ յուրաքանչյուր քաղաքական գործիչ անհատապես, հայտնել ենք` վերաբերմունքի, պահանջների, պատասխանատվության եւ այլ հարցերի շուրջ: Անընդհատ նույն թեման շահարկելը չեմ կարծում՝ անհրաժեշտություն է` մինչեւ որ կգա պատասխանատվության օրը: Այդ օրը նորից կբացենք բոլոր փակագծերը եւ կասենք այն ամենը, ինչ որ չենք ասել: Ոչինչ չի փոխվել: Նա մեզ համար մնում է նույն հանցագործ, արյունախում անձնավորությունը: Ինձ համար գոնե այդպես է»: Դիտարկմանն էլ, որ ՀԱԿ-ը Ռոբերտ Քոչարյանի «թեման փակեց» ԲՀԿ-ի հետ համագործակցությունից հետո, մեր զրուցակիցն ասաց, որ ինքը նման միտում երբեւէ չի նկատել: Հավաստիացրեց, որ ՀԱԿ-ում նման քննարկում երբեւէ չի եղել, ավելին՝ ՀԱԿ անդամները մշտապես հստակ ասում են: «Նա ԲՀԿ-ի հետ կապված չէ, եւ ես չեմ կարծում, որ ԲՀԿ-ն ինչ-որ տեղ կարողանա կաշկանդել իմ վերաբերմունքը մի մարդու հանդեպ, որը հայ ժողովրդի գլխին նոր ահաբեկություններ բերած, թուրքական գործակալի մակարդակի մի անձնավորություն է»,- ասաց Զոյա Թադեւոսյանը՝ հորդորելով նման կապ չտեսնել, քանի որ լրագրողների նման կեցվածքը ինչ-որ տեղ նաեւ հասարակությանն է պարտադրում նման կապ տեսնել ու նույն տրամաբանությամբ առաջնորդվել. «Իսկ դա ստվեր է նետում ոչ միայն ՀԱԿ-ի, այլ նաեւ քառյակի գործունեության վրա, ինչն այսօր մեզ օդի պես անհրաժեշտ է»:
Կարդացեք նաև
Ի դեպ, «Երեւան» հյուրանոցում 2008 թվականի սեպտեմբերի 2-ին հրավիրած մամլո ասուլիսում Լեւոն Տեր-Պետրոսյանը նաեւ ասել էր. «Ես չգիտեմ՝ հիմա Ռոբերտ Քոչարյանն ինչով է զբաղվում: Երբ որ նա կմտնի քաղաքականություն, ես էլ մնամ քաղաքականության մեջ, բնականաբար, մենք կլինենք մրցակիցներ, չի բացառվում նաեւ ինչ-որ պահի դաշնակիցներ դառնանք: Քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է… Չէ, սա կատակ էր, բայց քաղաքականությունը կարող է ունենալ տարօրինակ վայրիվերումներ»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.07.2014