Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ անհայտն այդ տիրական

Հուլիս 05,2014 15:00

Ռուսա Մեծ արքան իր բազմաթիվ տիրապետումների ընթացքում երբ գրավեց խեթերի երկիրը, եւ երբ Արարատի Ռուսա Մեծ թագավորին արդեն ենթակա Սուբլիմաս թագավորի թոռ Թութխալիսը իր պալատում մեծամեծ պատիվներ էր տալիս նրան, տարօրինակ բան տեղի ունեցավ՝ լաց լինելով հանդիսության դահլիճ մտավ յոթ տարեկան մի երեխա, եւ հայր թագավորը հանդիմանեց նաժիշտներին ու գոռաց իր զավակի վրա, որ նա դադարեցնի լացը:
– Մի՛ սաստիր երեխային,- ասաց Ռուսա թագավորը,- քանի որ մարդու հիշողությունը կարճ է, իսկ վերհուշը՝ ցավագին, միեւնույն է, նա մեր լեզուն չի հասկանալու:

Չգիտի՝ ինչո՞ւ ենք մենք այստեղ եւ ի՞նչ ենք անում, թերեւս մենք պիտի լսենք իրեն, իսկ ում լսում են, նա է մեծը, արքա՛: Ու այսօր մեզանից ոչ մեկը չգիտի՝ երբ նա մի օր մեծանա, արքա՞ կդառնա, թե՞ արքայասպան ավազակ: Այնպես որ, արքա՛, այս պահին դու եւ ես կանգնած ենք անհայտի առջեւ, իսկ անհայտը տիրական է, ավելին է, քան իմ եւ քո հզորությունը: Այո՛, եւ այս լաց լինող երեխան է, որ մի օր մեծանալու է ու բերելու կամ քո փառքը, կամ իմ մահը, որ քեզ ստրկացրել եմ: Այնպես որ, թող միասին լսենք նրա լացը:
Պալատականները ուշադիր լսում էին երկու թագավորների զրույցը:
– Լսի՛ր ինձ, արքա՛,- շարունակեց Ռուսա Մեծը,- եւ մի նեղացիր ինձանից, եթե ես վիրավորում եմ քեզ, բայց քո յոթնամյա լացող զավակին արդեն թագավոր ես հռչակել ինձանից թաքուն, եւ մի՛ մոռացիր, որ դու ինձ խաբել ես՝ դրժելով հավատարմությունդ, ուստի ես գրավել եմ քո երկիրը…

Ինչպես տարիներ առաջ մի օր ես չնեղացա այն անսանձ հրաշալի նժույգից, որին վարժեցնելու ընթացքում առաջին օրն ինձ քացահարեց եւ խփեց ուղիղ իմ բերանին, երբ ես գրեթե քո տղայի տարիքին էի: Իմ ատամներից մեկը թռավ դուրս, հիշում եմ՝ լաց էի լինում ցավից, բայց երբ տեսա հորս՝ արքային, ամաչեցի լաց լինելուց: Հիմա իմ բոլոր ատամներն իրենց տեղում են՝ բացի մեկից, եւ գուցե ձիու այդ հարվածն էր պատճառը, որ իմ բոլոր ատամներն այս տարիքում տեղում են. այդպես էլ կյանքն է, արքա՛, եւ ես այսօր իմ նժույգից շնորհակալ եմ:

Ռուսա արքան վերցրեց գինու գավաթը, բարձրացրեց գլխից վեր եւ շարունակեց խոսքը.
– Կյանքը, արքա՛, այնպես է կառուցված, որ հաճախ մեզ թվում է, թե մենք աստվածներ ենք անմահ եւ աշխարհում մենք ենք տեր ու տնօրեն եւ մենք ենք ղեկավարում, այնինչ դա բոլորովին էլ այդպես չէ, քանի որ պետությունները ղեկավարում են ոչ թե թագավորները, այլ նրանց կանայք եւ զավակները, ինչպես քո լացող տղան, ում համար էլ դու թագավոր ես դարձել…

Եվ հիմա թող լռեն բոլոր բամբիռները, եւ թող պարուհիները խոնարհվեն, որովհետեւ մենք դիմավորում ենք խեթերի վաղվա թագավորին, որը լացով մտավ դահլիճ եւ, ինչպես բոլոր արքաները, լացով էլ հեռանալու է:

Արքաների կենացը,- ասաց Ռուսա թագավորը եւ պարպեց գավաթը մինչեւ վերջ:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031