Այսօր Սահմանադրության օրվա առիթով «Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն արեւելք» կազմակերպությունները Դանիայի արտաքին գործերի նախարարության (DANIDA) աջակցությամբ «No Problem» ժամանցի կենտրոնում կազմակերպել էին «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» խորագրով դարտսի 6-րդ մրցաշարը, որին հավասար իրավունքներով մասնակցեցին հաշմանդամություն ունեցող անձինք եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչները:
Վերջին տարիներին գործնական սերտ համագործակցություն է հաստատվել «Հույսի կամուրջի» եւ լրատվամիջոցների միջեւ: Նրանք ոչ միայն միասին ու միատեղ մասնակցում են ամենատարբեր միջոցառումների, որոնց մեջ առանձնահատուկ տեղ ունեն մարզական մրցույթները, այլեւ դրանք լուսաբանելով՝ վեր հանում մեր երկրում հաշմանդամություն ունեցող մարդկանց՝ սահմանադրությամբ ամրագրված իրավունքների հետ առնչվող խնդիրները: Իսկ դրանք ներկայումս քիչ չեն ու պետք է գտնվեն պաշտոնատար անձանց ամենօրյա ուշադրության կենտրոնում:
Կարդացեք նաև
Դարտսի մրցաշարի՝ մոտ երեք ժամ տեւած պայքարում կանանց մրցապայքարի հաղթող դարձավ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության մեկնաբան Մարինե Կարապետյանը, իսկ տղամարդկանց պայքարում հաջողությունն ուղեկցեց «Առավոտ» օրաթերթի եւ Aravot.am կայքի մարզական էջերի պատասխանատու Աշոտ Հակոբյանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ