«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդը Ռամադանի ամսվա հետ կապված հայտարարություն է արել՝ մահմեդականներին կոչ անելով հրաժարվել ժողովրդավարություն, խաղաղություն և այլ արևմտյան հասկացություններից: Հայտնում է «Մինվալ.ազ»-ը՝ հղում անելով «ԱՆՍ ՊՐԵՍ» լրատվականին:
Աբու Բաքր ալ-Բաղդադին, որը նաև Սիրիայի և Իրաքի տարածքներում ինքնահռչակ «Մահմեդական պետության» խալիֆն է հռչակվել, համացանցում տարածած ձայնահաղորդագրության մեջ գովաբանում է ահաբեկչությունը, մերժում է ազգայնականությունը, խաղաղությունը, խաղաղ գոյակցությունը, ազատությունը, ժողովրդավարությունը, աշխարհիկությունը և հայրենասիրությունը:
«Մահմեդականները գայթակղվել են այդ կարգախոսներով՝ հրաժարվելով իրենց կրոնից, իրենց աստծո նկատմամբ հավատքից, հետևել են արևմուտքի օրենքներին և այս պահին ապրում են ամոթալի վիճակում», – ասել է նա՝ նշելով, որ մահմեդականների համար ահաբեկչություն նշանակում է ազատ կյանք, – «Ահաբեկչություն նշանակում է ենթարկվել աստծո կամքին: Ահաբեկչություն նշանակում է մերժել նվաստացումը և կրոնից հրաժարվելը: Մահմեդականների համար ահաբեկչություն նշանակում է ապրել ազատ և արդար, նշանակում է պաշտպանել իրավունքները և երբեք նրանցից չհրաժարվել»:
«Մինվալ.ազ»-ը նշում է, որ այն ինչ ասել է ալ-Բաղդադին հակասում է Ղուրանին, քանի որ Ջիհադ կարելի է հայտարարել միայն ռազմի դաշտում գտնվող զինված մարդկանց ու չի կարելի սպանել գերիներին, պատանդներին, խաղաղ բնակչությանը, կանանց և երեխաներին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ