Կառավարությունը երեկ որոշում էր ընդունել, որ այս տարվա պետբյուջեի պահուստային ֆոնդից 4.5 մլն դրամ հատկացնեն Ջերմուկում մոծակների եւ այլ խայթող միջատների դեմ պայքարի համար: Կառավարությունը հիմնավորել էր, թե տուրիզմի զարգացումը Ջերմուկում գերակա ուղղություն է, իսկ տուրիզմի զարգացման համար անվիճելի գործոններից են` մարդկանց հանգստի պատշաճ մակարդակով կազմակերպումը:
«Դա Տիգրան Սարգսյանի նախաձեռնությունների շարունակությունն է: Արդեն անլրջության տպավորություն է ստեղծվում: Դա տեղական նշանակության խնդիր է, որ կարող էր անել «Ջերմուկ» հիմնադրամը»,- կառավարության որոշումը Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ՀԱԿ վարչության անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:
Նրա խոսքերով՝ «Տեղական իշխանությունը պետք է այդքան հնարավորություն ունենար, եւ այդ խնդիրները չդարձներ պետական այնպիսի կարեւորագույն խնդիր, որ կառավարության որոշում հատուկ ընդունվեր՝ դրա համար: Մոծակի պրոբլեմը բոլորն էլ կարող է ունենան: Երեւանի քաղաքապետն էլ կարող էր այդ հարցը բարձրացներ, ասեր՝ մոծակներից տառապում ենք»:
Մեր հարցին՝ մոծակները տուրիզմի զարգացմանը ինչքանո՞վ կարող են խոչընդոտել՝ Վահագն Խաչատրյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ այնտեղ հանգստացողները օտարերկրյա տուրիստներն են: Տուրիստների մեջ աչքի են ընկնում մարդիկ, ովքեր իշխանության մոտ են կանգնած, ովքեր նեղվել են մոծակներից ու դա է պատճառը, որ սա որերորդ դեպքն է՝ կառավարությունն այդպիսի որոշում է ընդունում: Եթե այս հարցին լուրջ նայենք, մենք էլ լուրջ չենք երեւա: Մի քիչ պետք է հումորով մոտենալ այդ ամեն ինչին, որը բնորոշ կլիներ այսօրվա կառավարությանը»:
Կարդացեք նաև
Վահագն Խաչատրյանն ունի իր բացատրությունը, թե ինչու են ուզում մոծակների դեմ պայքարել. «Պրոբլեմը կայանում է նրանում, որ Ջերմուկում վերջին շինարարությունները, որ արել են, գետի հունի հետ կապված խնդիր է առաջացել, եւ այդ երկու մեծ հյուրանոցները, որ կառուցել են, այդ հյուրանոցներին բնակիչները հիմնականում էլի իշխանությանը մոտ կանգնած մարդիկ են, որովհետեւ թանկ հյուրանոցներ են: Մեկը երեւի հանգստացել է, մոծակը կծել է, ասել է՝ ո՞նց կլինի, բա ուզում եք տուրիստական կենտրոն դարձնեք, մոծակները տեսեք ինչ են անում:
Կամ էլ կառավարությունը մոծակների հետ պայմանավորվել է, ակտիվացել են , հիմա երկուսն էլ շահելու են, ուղղակի մոծակները չգիտեն, թե ինչ է գալու իրենց գլխին: Այս կառավարությունից լուրջ որոշումների ակնկալիք չունենաք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ