Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ֆերմեր. Եթե Էռնեկյանի պես հազար հայ ունենայինք, ֆերմերային տնտեսությունը կզարգանար

Հուլիս 04,2014 18:29

«Ես մտավախություն ունեմ, որ Արարատյան դաշտում երիտասարդները հող չմշակեն, դա լավ հետեւանքների չէր բերի»,- այսօր` հուլիսի 4-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ֆերմեր Համլետ Պետրոսյանը:

Նա ներկաներին տեղեկացրեց, որ դեռ չորս տարի առաջ առաջարկներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության նախագահին, Գյուղատնտեսության նախարարությանը, Ազգային Ժողովին, եւ բոլոր մարմինների կողմից էլ հավանության է արժանացել, սակայն սայլը տեղից դեռ չի շարժվում: Նա նշեց, որ նախկին կառավարությունը բազմաթիվ առաջարկություններ է կատարել նրանց` հողերի խոշորացման հետ կապված, բայց այդպես էլ չեն կատարել.

«Եթե Էռնեկյանի պես հազար լավ հայ ունենայինք, գային այդ հողերը գնեին եւ իսկական նպատակային գյուղատնտեսություն վարեին շատ լավ կլիներ, այսինքն` կունենայինք ֆերմերային տնտեսության զարգացում: Իսկ դա չի կատարվի, համոզված եմ, որ եթե կատարվի շատ դանդաղ կլինի, իսկ դանդաղկոտությունը այս ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական վիճակում ընդհանրապես ձեռնտու չէ»:

Պարոն Պետրոսյանի խոսքերով` եթե ֆերմերները շարունակեն նույն կերպ աշխատել, ապա գյուղատնտեսային ապրանքների ինքնարժեքն ավելի կբարձրանա: Նա հայտարարեց, որ առաջարկում է ապահովագրության ծառայության իր տարբերակը, ըստ որի` խոշորացված հողակտորների սեփականատերներն էլ պետք է մասնակցություն ունենան այդ գործընթացին.

«Եթե կոոպերատիվ տնտեսությունների գործունեությունը երկարատեւ եւ շարունակական լինի, պետք է լծակները դնենք իրար հետ եւ համաչափորեն նրանք աշխատեն, որովհետեւ յուրաքանչյուր օղակ շատ կարեւոր է գյուղատնտեսության ոլորտի համար»:

Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը դրական է գնահատում Համլետ Պետրոսյանի մոտեցումները: Նա հայտարարեց, որ նույնիսկ 5 հոգուց բաղկացած հանձնաժողով է ստեղծվել, որի անդամներն այցելել են մի շարք գյուղեր եւ լսել են ֆերմերների կարծիքը: Պարոն Սաֆարյանի խոսքերով` այդ հանձնաժողովի անդամները եկել են այն եզրակացության, որ պետք է ստեղծվեն այդ կոոպերատիվները.

«Իրավիճակն իրոք ծանր է, քանի որ մենք 440 հազար հա-ից ավելի հողեր ունենք, եւ դրանից 160 հազարից ավելին չի մշակվում, ընդ որում` դրա 70 հազարն էլ ջրովի հողեր են: Պատկերացնո՞ւմ եք` սակավահող Հայաստանում 70 հազար հա ջրովի հողատարածք չմշակվի: Մենք տարեկան 500 հազար տոննայից ավել ցորեն ենք ներմուծում, երբ որ մենք առաջին հերթին պետք է պարենային անվտանգությունը կազմակերպելու համար հենց ցորենի արտադրություն սկսեինք Հայաստանում»:

Անդրադառնալով սահմանամերձ գյուղերին` պարոն Սաֆարյանը նշեց, որ սահմանային գյուղում ջրի 1 խմ-ն 11 դրամով են վաճառում, այն դեպքում, երբ այդ գյուղացին ե’ւ սահմանապահ է, ե’ւ գյուղացի է, սահմանի մոտ հող է մշակում: Ըստ նրա` դա անթույլատրելի մոտեցում է.

«Սա ուղղակի անթույլատրելի է, եւ ոչ միայն անթույլատրելի , նաեւ անհասկանալի է, ոչ տրամաբանական: Փոխանակ` այստեղ գյուղացիներին օգնեն, որպեսզի նրանք ամրապնդվեն իրենց հողի վրա, մշակեն, արդյունք տան, մենք մի բան էլ ջրի վարձ ենք վերցնում»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031