Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դրոշը դիզայն չէ, որ գեղեցիկ լինի». «Մենք» հիմնադրամի տնօրեն

Հուլիս 04,2014 18:25

ՀՀ պետական խորհրդանշանների հանրահռչակման ծրագրերով զբաղվող «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամն այս տարի ևս կկազմակերպի պետական խորհրդանշանների օրվան նվիրված տոնական ավանդական քայլերթը, որը կմեկնարկի վաղը՝ հուլիսի 5-ին՝ ժամը 19:00-ին՝ Ազատության հրապարակից:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը:

Քայլերթը, որն արդեն չորրորդ տարին է կազմակերպվում, Պ. Սարգսյանի խոսքով՝ նպատակ ունի հասարակությանն համախմբելու պետական խորհրդանշանների շուրջ, ինչպես նաև վերաիմաստավորելու դրանց նկատմամբ վերաբերմունքը. «Մեզանում դեռևս այնքան էլ ձևավորված չէ ազգային, պետական խորհրդանշանների նկատմամբ ճիշտ վերաբերմունք, համապատասխան հարգանք,- ասում է Պ. Սարգսյանը:- Ունենք պետական դրոշ, որի գույների նշանակություններն անգամ մինչև վերջերս հստակեցված չէին: Սակայն մեր հիմնադրամի ներսում ստեղծված մասնագիտացված աշխատանքային խմբի շնորհիվ վերջերս թե´ դրոշի գույները հստակեցվեցին, թե´ զինանշանի պատկերային 30-ից ավելի սխալներ շտկվեցին: Մինչև 2011-2012 թթ. մենք ունեցել ենք սխալ զինանշանով անձնագրեր, այսինքն՝ օրենքին կից հավելվածին չհամապատասխանող զինանշան: Վերջերս ոստիկանության համապատասխան բաժնի հետ աշխատանքներ իրականացնելուց հետո նոր անձնագրերում արդեն ճիշտ զինանշանն է»:

Ինչ վերաբերում է մեր օրհներգին, Պ. Սարգսյանը նկատել է, որ երիտասարդների մեծամասնությունն անգիր գիտի այն, բայց 35-40 տարեկանից բարձր մարդկանցից շատ քչերը գիտեն օրհներգի բառերը. «Կարծես իրենցը չլինի,- ասում է բանախոսը,- հաճախ նույնիսկ բողոքում են, թե դրոշի գույները շատ վատ են ընտրված, անճաշակ են և այլն: Այդ մարդիկ չեն պատկերացնում, որ դրոշը դիզայն չէ, որ գեղեցիկ լինի, դրոշը գաղափարախոսություն է»:

Վերադառնալով քայլերթին՝ Պ. Սարգսյանն ասաց, որ տարեցտարի աճում է հետաքրքրությունը դրա նկատմամբ, և մասնակիցների թիվը գնալով մեծանում է, սակայն հիմնադրամի միջոցները սուղ են, մանավանդ որ այս տարի պետությունը ֆինանսապես չի աջակցել քայլերթի կազմակերպմանը. «Եթե նախորդ տարիներին պետությունը 30-50%-ով աջակցում էր, ապա այս տարի պետական որևէ կառույց ֆինանսապես, այսինքն՝ դրոշների, շապիկների ձեռքբերման հարցում չաջակցեց մեզ, և այս տարի հիմնադրամը միայն դրոշներ կարողացավ ձեռք բերել, այն էլ՝ մոսկվայաբնակ հայ գործարարներից մեկի՝ Արկադի Թորոսյանի օգնությամբ»,- ասաց Պ. Սարգսյանը:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031