«Կառավարությունը մտադրություն ունի 100-150 նոր հոր բացել Արարատյան դաշտավայրում՝ արտեզյան ջրերը վեր հանելու համար»,- այսօր` հուլիսի 4-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց բնապահպան, ջրային ռեսուրսների փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով՝ Տիգրան Սարգսյանի կառավարությունը 2012 թվականին որոշում էր ընդունել 107 միլիոն դրամ հատկացնել, որ հորերը փակվեն, որպեսզի ջրային ռեսուրսները վերականգնվեն, սակայն Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ցանկանում է 660 միլիոն դրամ տրամադրել նրանց վերաբացելու համար: Տիկին Հովհաննիսյանը նշեց, որ նոր կառավարությունը պատճառաբանում է, թե գյուղացիները ոռոգման ջուր չունեն եւ ոռոգման ջրի սակավությունը ծրագրավորում են լրացնել Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ավազանի հաշվին: Նա համարում է, որ երկու կառավարությունների մոտեցումներն էլ սխալ են.
«660 միլիոն, փաստորեն, տրվելու է այդ 150 հորատանցք բացելուն: Եթե առաջ այդ արտեզյան ջրավազանն այնքան առատ էր ու այնքան մեծ ճնշում ուներ, որ բավական էր այդ անցքը բացել՝ 15 մետր բարձրությամբ շատրվանում էր, իսկ հիմա հակառակն է`մենք առանց պոմպի չենք կարողանում ջուրը ներհանել եւ բաշխել սպառողներին»:
Քնարիկ Հովհաննիսյանը հայտարարեց, որ ձկնաբուծական ֆերմաները շատ ջուր են օգտագործում, եւ նա ականատես է եղել, որ 500 լիտր վայրկյանում ջուրը գալիս եւ թափվում է: Տիկին Հովհաննիսյանը առաջարկեց այնպես կազմակերպել, որ այդ հետադարձ ջրով հնարավոր լինի ոռոգել դաշտերը.
«Այնքան հեշտ կարելի այդ խնդիրները լուծել, բայց քանի որ մենք կոռումպացված ենք, եւ մենք կլանային պետություն ենք` կլանային շահերը շատ ավելի բարձր են գնահատվում, քան հանրային շահերը: Եթե մենք այսպես մի երկու տարի էլ շարունակենք, մենք կկորցնենք արտեզյան ջրավազանի ջրերը, իսկ Արարատյան դաշտավայրը կամաց-կամաց անապատային է դառնում. Ես ինքս եմ նայել նրա հողը, բույսը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ