Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշատցիներից շատերը «դեմ են» սահմանադրական բարեփոխումներին. (Տեսանյութ)

Հուլիս 04,2014 17:03

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին նվիրված հանրային քննարկումների մարզային փուլում քննարկումներ են տեղի ունեցել Աշտարակ և Արտաշատ քաղաքներում:

Արտաշատում ԱԺ աշխատակազմի ղեկավար, ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը վստահեցրեց, որ սահմանադրական բարեփոխումների հարյուր տոկոս անհրաժեշտություն կա:

Ի հակադրումն այս պնդման` Aravot.am-ի հարցումը արտաշատցիներից շրջանում ցույց տվեց, որ նրանցից շատերը կողմ չեն սահմանադրական բարեփոխումներին, կամ ընդհանրապես չեն էլ պատկերացնում` դա ինչ է: Նրանցից մեկը սահմանադրական բարեփոխումների հարցը շփոթեց կուտակային կենսաթոշակային օրենքի հետ ու վրդովված նշեց, թե «դա խաբեություն է, մեր էրեխեքը ումի՞ց են այդ փողերը ստանալու»:

Թեև համեմատության մեջ քիչ, բայց «կողմ» արտահայտվողներ էլ եղան, բայց չկարողացան պատճառաբանել, թե ինչու են «կողմ»: Նրանցից մեկի պատասխանն էր յուրօրինակ. «Ես հարգում եմ օրենքը և աղոթում նրանց համար, Աստված նրանց նշանակել է»: Մեր հարցին` ի՞նչ է նշանակում Աստված իրենց նշանակել է, մի՞թե ժողովուրդը չի ընտրում իշխանությանը, մեզ հետ զրուցած արտաշատցի միջին տարիքի տղամարդը նշեց. «Ժողովուրդը ընտրել է, բայց գրված է` աղոթեք բոլոր թագավորների համար, իսկ մենք պիտի հնազանդվենք»:

«Դեմ» արտահայտված քաղաքացիները ոչ մի հույս չեին կապում խորհրդարանական համակարգի հետ: Արտաշատցի մի կին այս առիթով ասաց. «Եթե հանուն ժողովրդի են անելու, թող անեն: Բայց եթե մարդիկ այնտեղ նստել, այդ բոլոր հարցերը մտածել, որոշելու ու կատարել են ուզում ու եթե իրենց գաղափարը չի հերքում, թող ժողովրդին հարցնեն: Ամուր, խելացի, ժողովրդի, ոչ թե իրենց աթոռի համար մտածող ղեկավարներ պիտի լինեն: Եթե գոնե քսան տոկոս ժողովրդի համար մտածեն, բոլոր հայերը կհավաքվեն Հայաստանում»:

Մի երիտասարդ կին էլ ասաց. «Ի՞նչ տարբերություն, եթե երկիրը նույնը պիտի մնա, պաշտոնավորը փոխվի, ոչ մի նշանակություն չունի: Խորհրդարանական լինի, թե` չլինի, նույն բանն է: Եթե ժողովրդի մասին են մտածելու, թող հիմա մտածեն, եթե չեն մտածելու, հետո էլ չեն մտածի, տարբերություն չկա»:

Մանրամասները` տեսանյութում:


Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031