Aravot.am-ը էլեկտրաէներգիայի գնի բարձրացման մասին այսօր կարծիք հարցրեց Գյումրիի Անի թաղամասի Հակոբ Մծբնեցի եկեղեցու բակում հավաքվող ծերունիներից, որոնց մեծ մասը հաշմանդամներ են: Մինչ մեր մոտենալը վերջիններս իրենց համար հանգիստ նարդի ու թուղթ էին խաղում, սակայն թանկացման թեման այնպես վրդովեցրեց նրանց, որ երկար ժամանակ չէին կարողանում հանգստանալ: Վերջիններս սկսեցին անխնա քննադատել թե նախագահ Սերժ Սարգսյանին, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանին և թե իրենց իսկ բառերով ասած ԱՄՆ-ում «սանատորիա ուղարկված» Տիգրան Սարգսյանին: «Ձեր կերած փողերը մենք պիտի տանք հա՞, մի ամբողջ մարզ, աղքատ լինելով հանդերձ, պարտաճանաչ վճարել է էլեկտրաէներգիայի վարձավճարը, բա էդ պարտքերը որտեղի՞ց գոյացան, որ մեր կաշվից եք հանում»,- զայրացավ նրանցից մեկը:
Մեկ այլ ծերունի էլ, իր վրդովմունքը արտահայտեց կառավարության` սոցիալապես անապահովների համար 1000 դրամ որպես էլեկտրաէներգիայի գնի թանկացման դիմաց փոխհատուցում նախատեսելուց: «Չես էլ ամաչում, դու մա՞ րդ ես, վարչապետ, ո՞ւմ ես ծաղրում,1000 դրամը 3 օրվա լույսի գին է, գոնե մի օրենք ընդունեիք հաշմանդամների համար, մի զեղչ անեիք…Տեսեք էստեղ հավաքված բոլոր մարդիկ հաշմանդամներ են, ձեռնափայտերով են, քիչ կերեք, մեզ էլ մուրացկան մի դարձրեք, եթե 1000 դրամ մուրացկանին տաս, գլխիդ կտա, բա ամոթ չէ՞: Չնայած ինչ ենք ասում` Սերժը ինչ ձևի ուզի չալում է, սաղ պարում են»:
Կարդացեք նաև
Մեկ այլ ծերունի էլ ասաց, որ էլցանցը սոված ժողովրդից փող գանձելու փոխարեն Ճիշտ կանի իր «լեւի» հաստիքներին կրճատի, տնօրենների առասպելական աշխատավարձն էլ հետը, այլ ոչ թե մարդկանց սովամահ անի:
Մանրամասները` տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ