Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Պետրոսյան. «Եթե կովի համար դասական երաժշտություն միացնես` կաթնատվությունը կավելանա» (Տեսանյութ) 

Հուլիս 04,2014 15:50

Կենդանիների մասին օրենքը ծաղրելու փոխարեն, պետք է այդ կարգերը դարձնել ազգային բրենդ, քանի որ Հայաստանում տարիներ շարունակ հոգատար ու լավ վերաբերմունք է ցուցաբերվել կենդանիների նկատմամբ: Այսօր գյուղնախարարությունում ասաց գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը` վստահեցնելով, որ կենդանիների նկատմամբ խնամքի, լավ վերաբերմունքի մասին դեռեւս Մովսես Խորենացին է գրել եւ մեր այլ պատմիչները: Ըստ փոխնախարարի, տեսակետ կա, որ եթե կովի համար դասական երաժշտություն միացնես` կաթնատվությունը կավելանա:

Պարոն Պետրոսյանի մեկնաբանություններն առավել մանրամասն`  տեսանյութում

Ինչ վերաբերում է, թե այդ օրենքում մեխանիզմները նշված չեն, եւ չի հստակեցվում, թե որ մարմինն է իրականացնելու օրենքի պահանջը` ապա պարոն Պետրոսյանն ասաց, որ ֆերմերն ինքը չպիտի կտրի կենդանու պոչը կամ հանի ատամը, այլ անասնաբույժն է այդ գործողություններն անելու: Լինելու են համայնքային անասնաբույժներ, որոնք սպասարկելու են ընտանի կենդանիներին:

 

Անդրադառնալով հանրապետությունով մեկ տարածված բրուցելոզին, ինչի հետեւանքով արդեն հազարավոր գլուխ անասուններ են հարկադիր մորթի ենթարկվել, փոխնախարարն ասաց, որ այդ հիվանդությունը նախկինում էլ եղել է, եւ այն ոչ թե շատացել է, այլ ստուգումների որակն է բարձրացել:

Ասուլիսի մեկ այլ մասնակից, գյուղնախարարության անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանն, անդրադառնալով, նախորդ տարվա` մոծակների դեմ անարդյունավետ պայքարի ծրագրին ասաց. «Եթե մոծակները բաց տարածքում են, որտե՞ղ պայքարեին»: Հարցին էլ թե Վերահսկիչ պալատը հայտնաբերել էր, որ մոծակների դեմ պայքարն իրականացրել էր չլիցենզավորված կազմակերպություն, այս տարի նույն ծրագրի շրջանակներում հնարավո՞ր է նույն խախտումները կրկնվեն, Աշոտ Հովհաննիսյանն ասաց, որ հետեւելու են, որ պայքարը նպատակին ծառայի: Նրա խոսքերի շարունակությունը` տեսանյութում

 

Լրագրողները պարոն Հովհաննիսյանից նաեւ հետաքրքրվեցին, թե ծիրանի դեֆիցիտի պայմաններում ծիրան ներկրե՞լ ենք:

«Ընդամենը 1100 կգ` Թուրքիայից, հարավ աֆրիկյան երկրներից, քանի որ մեր ծիրանը ամենահամովն է եւ դրսից ներկրված ծիրանի պահանջարկ չկա»,-ասաց պարոն Հովհաննիսյանը:

Այս տարի, ապրիլի վերջին օրերին տեղի ունեցած ուժեղ կարկտահարության հետեւանքով 8 հազար տոննա ծիրանի բերք է եղել` անցյալ տարվա 88,8 հազարի փոխարեն: Փոխարենը, գյուղնախարարության պաշտոնյաները վստահեցրին, որ բարձր բերք է սպասվում հացահատիկի, բանջարաբոստանային, կերային մշակաբույսերի:
Լարսի անցակետի փակման պատճառով էլ արտահանման խնդիրներ են առաջացել եւ բերքի որոշ քանակություն օդային ճանապարհով է փոխադրվել:
Խոզերի աֆրիկյան ժանտախտի պատճառով շուրջ 5 հազար գլուխ խոզ պակասել է, տավարի գլխաքանակն էլ 2,5 տոկոսով ավելացել է, 5 տոկոսով էլ ոչխարների գլխաքանակն է աճել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031