«Ժամանակն է, որ սանկցիաներ կիրառվեն Ադրբեջանի հանդեպ. Սա ընդամենը սանձարձակություն է երկրի նախագահի գլխավորությամբ: Եւ վերջերս ԵԽԽՎ-ում նրա ելույթը ցույց տվեց նրա իսկական դեմքը»,- այսօր՝ հուլիսի 4-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀԿ կուսակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Նրա խոսքերով՝ հետեւելով սահմանում տեղի ունեցող լարվածություններին կարելի է եզրակացնել, որ դրանք տեղի են ունենում, երբ կարեւոր հանդիպումներ են նախատեսվում: Պարոն Ավետիսյանը հայտարարեց, որ կարելի է եզրակացնել, որ ոչ թե պատահական է այդ լարվածությունը, այլ ադրբեջանական կողմից դիտավորություն է, որ ցանկացած Ղարաբաղի հետ կապված քննարկումից առաջ պետք է սահմաններում դեպքեր լինեն, որ հետագայում նրանք փորձեն դա օգտագործել.
«Եւ ցավալի է, որ փաստորեն ե՛ւ Մինսկի նախագահող երկրները, ե՛ւ Եվրոպայի համապատասխան կառույցները, կարծես թե, հայտարարություններից այն կողմ չեն անցնում: Ես կարծում եմ, որ կտրուկ միջոցներ ձեռնարկելու ժամանակն է»:
«Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը նշեց, որ տարածաշրջանում ամենագլխավոր խնդիրն այն է, թե Հայաստանը կգնա՞ Եվրամիություն, թե՞ Եվրասիական միություն, եւ դա լուծում կտա մնացած խնդիրներին, իսկ մյուս բոլոր խնդիրները հետեւանք են: Նա բնական է համարում, որ Արեւմուտքը ցանկանում է, որ Հայաստանին հետ կանգնեցնել կամ կանգնեցնել Մաքսային միությանը միանալու գործընթացը. «Ես ակնհայտ տեսնում եմ, որ նրանք դեռ «ձեռք չեն քաշել» Հայաստանից, եւ այդ Եվրամիության քննարկումը իմ համար շոու էր, որովհետեւ ես հստակ գիտեմ, որ Արեւմուտքը պաշտպանում է Ադրբեջանին: Ինձ համար Ադրբեջանը դա Թուրքիա է, Թուրքիան դա ՆԱՏՕ է, ՆԱՏՕ-ն դա Արեւմուտք է»:
Անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հայտարարությանը՝ պարոն Գիմիշյանը հայտարարեց, որ Ղազախստանը երկակի խաղ է տանում եւ ինչ-որ մի տեղ էլ ստորադասելով Մաքսային միության եւ Եվրասիական տնտեսական միության շահերը: Սակայն նա համարում է, որ խելացի գտնվելու դեպքում կարելի է օգտվել, քանի որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ոչ մի դեպքում մաքսակետ չի կարող դրվել. «Ղազախստանի նախագահը վերջ ի վերջո թուրք է չէ՞, նա իր հայտարարությամբ ոչ թե պաշտպանեց Մաքսային միության շահերը, այլ իր ազգակիցների: Ի վերջո նա Մուսուլմանական լիգայի անդամ է, այնտեղ էլ է ուզում հարաբերություններ կարգավորել եւ ամեն դեպքում ձգտում է որոշակի ինքնուրույնություն ցուցաբերել»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ